Այսօր «Ազդակ» ակումբում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը նշեց Մաքսային միությանն անդամակցելու առավելությունները՝ գազը, պաշտպանությունը, էներգետիկ անվտանգությունը, մեծ շուկան:
Հարցին՝ ի՞նչ հնարավոր խնդիրներ կարող են լինել անդամակցության ճանապարհին՝ նա պատասխանեց. «Տրանսպորտային խնդիրները, որովհետեւ մենք կիսաշրջափակման մեջ ենք: Դեռեւս պարզ չի, թե ինչպիսի ազդեցության կենթարկվի մեր շուկան՝ ներմուծման, արտահանման ծավալները: Այսօր արտահանումն ավելի քիչ է, քան ներմուծումը, որը մեր տնտեսության վրա, բնական է, կազդի: Եվ ԼՂՀ խնդիրն է: Մինչեւ այսօր հստակ որեւիցե ձեւ այդ խնդիրը չի արծարծվել»:
Քննադատությանը, որ լրացուցիչ լծակ ենք տալիս ՌԴ-ին՝ խառնվել ԼՂՀ խնդրին եւ ղեկն իր ձեռքը վերցնել՝ Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց. «Մենք միշտ ասել ենք, որ կա Մինսկի խումբ, որի շրջանակում ենք փորձում լուծել այն: ՌԴ-ն այնտեղ ունի իր բաժինը, ինքը միշտ էլ զբաղվում է այդ խնդրով»:
Իսկ ընդդիմախոսների այն դիտարկումներին, որ դառնում ենք ՌԴ-ի նոքյարը, ստրուկը, նորից ռուբլու գոտի է մտնելու Հայաստանը՝ Սուքիաս Ավետիսյանն արձագանքեց, որ Բելառուսը դարձել է ՄՄ անդամ եւ իր ինքնուրույնությունը նույն ձեւով պահպանում է. «Դա չի նշանակում, որ մենք մեր ինքնիշխանությունը կորցնում ենք, այն զուտ մեր տնտեսական, առեւտրաշրջանառության խնդիրներն է լուծում: Ռուսաստանի շահը մեկն է, որ Հարավային Կովկասում իր հիմքը, որի վրա հենվում է՝ պահպանվի»:
Կարդացեք նաև
Սուքիաս Ավետիսյանը վստահեցրեց, որ իրենց ոչ մեկի համար էլ անակնկալ չի եղել Սերժ Սարգսյանի որոշումը՝ Մաքսային միությանն անդամակցելու:
ՀՀԿ պատգամավորն ասաց, որ Վիլնյուսում նախաստորագրվելու է հուշագիր, որը որեւիցե իրավական ուժ չի ունենալու, այն փաստաթուղթ չի լինելու:
Ընդդիմությունը պարբերաբար նշում է, որ Սերժ Սարգսյանը 5 տարին չի բոլորելու: Մեր հարցին՝ Դուք դրա համար հիմքեր տեսնո՞ւմ եք՝ Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց. «Մենք որեւիցե հիմք չենք տեսնում, հեռանկար էլ չենք տեսնում, ընդդիմությունը նոր վեկտոր է ուզում տեսնել իր համար»:
Պարոն Ավետիսյանը հերքեց ՀՀԿ-ի հետ նոր կոալիցիա ստեղծելու խոսակցությունները՝ ասելով, որ ունենք արդեն կոալիցիա, որը մեծամասնություն է եւ որեւիցե նման խնդիր չունենք:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ