«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում այսօր շահագրգիռ մարմինների քննարկմանը ներկայացվեցին «Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների գնահատում» ուսումնասիրության միջանկյալ արդյունքները: Ուսումնասիրությունն իրականացվել է «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ եւ «Մել- Հով» ՍՊԸ փորձագիտական խմբի կողմից` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքի համար` ընդգծելով, որ ջրային պաշարների արդյունավետ կառավարման խնդիրը մշտապես ՀՀ կառավարության օրակարգում է, եւ նշված ուսումնասիրությունը օգտակար կլինի ջրային ոլորտում արդյունավետ քաղաքականության իրականացման համար:
Ըստ նրա`մասնավորապես Արարատյան դաշտավայրում ջրային պաշարների ճշգրիտ գնահատականը կարեւոր նշանակություն ունի դաշտավայրի գյուղացիական եւ արտադրական տնտեսությունների, ինչպես նաեւ բնակչության խմելու եւ կենցաղային ջրի պահանջարկն ապահովելու տեսանկյունից:
Հեղինակները տեղեկացրեցին, որ վերջնական հաշվետվությունը, որը նաեւ եզրահանգումներ ու կոնկրետ առաջարկություններ կպարունակի, պատրաստ կլինի 2014թ. տարեսկզբին եւ կներկայացվի ինչպես կառավարությանը, այնպես էլ շահագրգիռ այլ մարմինների եւ կազմակերպությունների:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին