Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա էլ ադրբեջանական եւ թուրքական գյուղատնտեսությո՞ւնն ենք զարգացնում

Սեպտեմբեր 24,2013 12:31

Ուժը կորցրած է ճանաչվել գյուղատնտեսության նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 15-ի հրամանը` թուրքական եւ ադրբեջանական ծագում ունեցող կենդանական եւ բուսական հումքի ներկրումը Հայաստանի Հանրապետության տարածք արգելելու մասին:

«Ինչո՞վ է պայմանավորված նման մոտեցումը, երբ վերոնշյալ երկրները թշնամական դիրքորոշում ունեն Հայաստանի Հանրապետության նկատմամբ, եւ իրենց երկրներում արգելվում է հայկական արտադրության ապրանքների ներկրումը», մեր այս այս հարցի առնչությամբ գյուղնախարարությունը հանդես եկավ պարզաբանմամբ, որտեղ հիմնականում բացատրվում էր հարցի իրավական կողմը:

Համաձայն պարզաբանման, չնայած 2009 թվականի սեպտեմբերի 15-ի արգելքին, այդ երկրների ծագում ունեցող մթերքների եւ հումքի ներմուծումը չի դադարել եւ դարձել է ուղեկցող փաստաթղթերի կեղծման եւ այլ մեքենայությունների պատճառ:

Այդուհանդերձ, այս պարզաբանումը ոչ մի կերպ չի փարատում այն մտահոգությունները, որոնք առաջ են եկել գյուղնախարարի վերոնշյալ հրամանից հետո: Նախ զարմանալի է, թե ի՞նչը հանկարծ ստիպեց գյուղնախարարին չեղյալ համարել իր նախորդ հրամանը: Եթե խոսքը միայն սննդամթերքի անվտանգության հարցը լիներ, ապա այդ հրամանը եւ նրան հաջորդող պարզաբանումը հասկանալի կլինեին: Սակայն, ինչպես նշել էինք գյուղնախարարությանն ուղղած հարցում, խնդիրն առավելապես քաղաքական է, եւ անհավանական է թվում, որ այդ հրամանը լինի գյուղատնտեսության նախարարի նախաձեռնությունը: Ենթադրելի է, որ դա առնվազն կառավարության մակարդակով կատարված քայլ է, ինչն առավել անհասկանալի է դարձնում իրավիճակը:

Գաղտնիք չէ, որ Թուրքիա հայկական արտադրության ոչ մի մթերք չի արտահանվում: Պատճառը թուրքական պետության կողմից հայկական ապրանքների նկատմամբ դրված բարձր (1000 տոկոս) մաքսերն են, որոնք 10 անգամ թանկացնում են հայկական ապրանքներն այդ երկիր մտնելիս:

Հաջորդը, որի մասին մշտապես շեշտվում է միջազգային բոլոր մակարդակներով` Թուրքիայի կողմից Հայաստանի հետ փակ սահմանն է: Թուրքիան հենց այս վերապահումով է համաձայնել կողմ քվեարկել Հայաստանի անդամակցությանը Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ):

Նկատի ունենալով վերոնշյալ հանգամանքը, ինչպես նաեւ հարաբերությունների բացակայությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, բնական է, որ Հայաստանը ոչ մի պարտավորություն չունի ԱՀԿ շրջանակներում Թուրքիայի նկատմամբ: Իսկ գուցե ունի՞, որի մասին հանրությունը չգիտի:

Արա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30