Հատված ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ հարցազրույցից:
– Եթե սիրում ենք այս երկիրը, պետք է ուրախանանք, որ Վահան Հովհաննիսյանի պես բացառիկ մարդը՝ քաղաքական թոհուբոհով անցած, ընդգծված ազգային նկարագիր ունեցող գիտնականը, Արա Սահակյանի նման տաղանդավոր, լուրջ քաղաքական գործիչը համաձայնեցին ստանձնել դեսպանության դժվարին գործը, այս վտանգավոր ժամանակներում մի կողմ թողնելով բոլոր քաղաքական այլակարծությունները, առաջնորդվեցին երկրի շահով:
Պիտի ուրախանանք, որ այնպիսի կարեւոր երկրներ, ինչպիսիք են Գերմանիան ու Ղազախստանը, դեսպան են գնում նման մարդիկ, եւ ոչ թե սա, նրա քեռու տղան կամ եղբայրը: Նրանք մարդիկ են, որոնք բացարձակ կապ չունեն ՀՀԿ-ի հետ, ուրեմն նաեւ պիտի ուրախանանք, որ պետության ղեկավարը լայնախոհություն դրսեւորեց եւ սեփական կուսակցության շրջանակից դուրս նշանակում կատարեց, հասկացավ, որ երկրի շահերը, հատկապես արտաքին ասպարեզում, պահանջում են լինել լայնախոհ:
Բայց տեսա՞ք ինչ կատարվեց, ինչեր գրեցին որոշ լրատվամիջոցներ: Մատ են թափ տալիս իշխանությունների հասցեին, թե միայն հանրապետականների վրա են հենված, բայց դարձյալ քննադատում են, երբ փորձում են մի քիչ ավելի լայնացնել ասպարեզը: Անմիջապես սկսվեց կեղտաջրի հեղեղը: Չի կարելի, մարդիկ են կանգնած հետեւում, որոնք նաեւ ցավ են զգում: Ինչպե՞ս կարելի է լավը կեղտոտել: Այս ամենը Վահան Հովհաննիսյանին պաշտպանելու համար չասացի, ես այդ տեսակն եմ պաշտպանում, այն տեսակը, որն ինչ-որ բան է ստեղծել ու վաստակել, բայց մի տգետ կարող է այդ վաստակը կեղտոտել երկու բառով: Սա նշանակում է արժեքային համակարգի բացարձակ փսորված վիճակ:
Եվ ուրեմն ի՞նչ է նշանակում մարդու իրավունք, հիմա ո՞րն է Վահան Հովհաննիսյանի իրավունքը, ի՞նչ է նշանակում մամուլի ազատություն: Վահան Հովհաննիսյանը դատի չի տա իր դեմ ցեխ շպրտած մամուլին:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում