Հատված «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա ՊԱՊՅԱՆԻ հարցազրույցից:
– Վստա՞հ եք, որ եղած ձեւաչափով ՄՄ–ն կկայանա՝ հիշենք ՌԴ–Բելառուս տարաձայնությունները, Ղազախստանում անդամակցության հարցը հանրաքվեի դնելու մտադրությունը։ Նույնիսկ համեմատելի չէ ԵՄ–ի հետ. մի դեպքում հստակ կայացած ու գործող կառույց, մի դեպքում՝ մտադրությունների հանգույց։
– Բազմիցս նախագահներ Նազարբաեւն ու Լուկաշենկոն տարբեր առիթներով իրենց դժգոհությունն են բարձրաձայնել, որ գործնականում իրենց շատ ապրանքների առջեւ ռուսական շուկան փակ է, մեխանիզմներ չկան կամ չեն գործում, ի վերջո Գենադի Օնիշչենկոն միշտ կա ու կա։ Օրենքը այլ է, կյանքը՝ այլ։
Այդ ամենը շատ անորոշ է հատկապես մեզ համար, որ սահման չունենք Մաքսային միության հետ, այսինքն՝ ապրանքդ բարձեցիր մեքենան, որպես տրանզիտ ամբողջ թղթաբանությունը պիտի անես Վրաստանում, հետո Ռուսաստանում ու ամեն տեղ վճարելու ես մուտքի ու ելքի համար, հավելած բրոքերային ծառայության համար, որ Ռուսաստանում տասնապատիկ բարձր է, քան Հայաստանում։ Օրինակ՝ Հայաստանում թանկագին մետաղների ներմուծման համար մաքսատուրքը 0 տոկոս է, Ռուսաստանում՝ 40 տոկոս։
Կարդացեք նաև
Դա նշանակում է, որ ոսկու ու ադամանդի գործով զբաղվողները, որ դրսից ոսկի ու ադամանդ են ներմուծում, զարդեր պատրաստում ու արտահանում, կորցնում են իրենց բիզնեսը։
Վստահ եղեք, որ Ռուսաստանը պարտադրելու է իր հումքը, որն ավելի թանկ ու անորակ է, քան Հնդկաստանից ու Աֆրիկայից ներմուծածը։ Իսկ ո՞վ այսօր ռուսական սարքավորումներ կգնի որևէ արտադրություն սկսելու համար, եթե ուզում է իսկապես աշխատել։
– Ռուսներն իրենք էլ չեն թաքցնում, որ իրենց տեխնոլոգիաները հնացած են եւ տնտեսության մոդեռնացման խնդիր են դրել։
– Այսինքն՝ մենք վերամիավորվում ենք մի միության մեջ, որ շատ ավելի վատն է, քան ԽՍՀՄ-ը, որովհետև մենք իրավահավասար չենք լինելու, ինչը ԽՍՀՄ-ում գոնե իրավականորեն կար, այստեղ ամեն ինչ բաշխվելու է ըստ տնտեսական հզորության ու դերի։ Երբ ասում են, թե մենք մասնակցելու ենք Եվրասիական միության ձեւավորմանը, Դուք կարծում եք, որ մենք կարողանալո՞ւ ենք պարտադրել հօգուտ մեզ ինչ-որ հարց լուծել։ Եթե պարտադրող ենք, ինչո՞ւ չենք պարտադրում արդեն ստորագրված համաձայնագրերը կատարել։
Մենք իրականում ընտրում ենք արժեքային համակարգ, եթե ուզում ենք Ռուսաստանին նմանվել, ռուսական վատ բարքերը մեզ մոտ ծայրահեղ վատ են ընդօրինակվելու։ Եթե ուզում ես եվրոպական ստանդարտներին համապատասխանել, գիտես, որ օրենքի գերակայությունն է, մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանվածությունը, Ռուսաստանում դա չկա։ Մարդը արժեք չէ, պտուտակ է, մեզ մոտ դա ավելի ծայրահեղ դրսեւորումներ է ունենալու։
Ինչպե՞ս են կարգավորվելու մեր հարաբերություններն Իրանի ու Վրաստանի հետ։ Նկատի ունեցեք, որ արդեն կարգավորողը լինելու ենք ոչ մենք։ Արեւմուտքը շատ հարցերում ըմբռնումով է վերաբերվում հայ-իրանական հարաբերություններին, երբ այդ հարաբերությունների տնօրինողը դառնա Ռուսաստանը, արդյո՞ք Արեւմուտքը չի վերանայի վերաբերմունքը։ Վրաստանի հետ մենք երկար ջանքերից հետո հասել ենք հարաբերությունների որոշակի մակարդակի, երբ Ռուսաստանը հայտնվում է հայ-վրացական հարաբերությունների միջեւ, հաշվի առնելով ռուս-վրացական տարաձայնությունները, ի՞նչ ենք ունենալու մենք։
Զրույցը՝ Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում