«Եթե մեր պատկան մարմինները շարունակում են ուշադրություն դարձնել իմ անվտանգությանը, երևի այնտեղ էլ զգում են, որ ինչ որ բան այն չէ»,-այսօր «Ուրբաթ» ակումբում հայտարարեց ԱԻՆ նախագահ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը: Շարունակելով միտքը՝ պարոն Հայրիկյանը նշեց. «Մեր ժողովրդին վտանգ է սպառնում, ուստի ինձ էլ է վտանգ սպառնում»:
Անդրադառնալով Մաքսային միություն-ԵՄ երկընտրանքին՝ Պարույր Հայրիկյանն ասաց. «Հունվարի 31-ի կրակոցով սկսվում է ՀՀ-ի կամավոր միացումը մաքսային միությանը: Մաքսային միությունը սպառում է, եվրոպական միությունը՝ առաջարկում: Եվ մենք, եթե խոսում ենք մեր արտաքին քաղաքականության մասին ու ռազմական կողմնորոշման մասին, պիտի որ այս տարրական համեմատությունը կատարելու հնարավորություն ունենայինք»: Պարոն Հայրիկյանը Մաքսային միության անվտանգության մասին առավելությունը «թվացյալ համարեց»:
Այնուհետև նշեց. «ԵՄ-ն գնում է առաջ, ՄՄ-ն դեպի ետ՝ ԽՍՀՄ, որից հայ ժողովուրդը հրաժարվել է 94 տոկոսով 1991-ի սեպտեմբերին»: Ամփոփելով միտքը Հայրիկյանն ասաց. «Բռնության հիման վրա կամավոր միություն չի ստեղծվում, ծառը պիտի որոշի իր ճանապարհը»:
Կրկին անդրադառնալով իր դեմ մահափորձին ու մեղադրյալների դատավճռին՝ պարոն Հայրիկյանը նշեց. «Եթե նրանց վաղը ազատ արձակեն, ես չեմ բողոքի, քանի որ նրանք ընդամենը միջնորդ են, փողոցում նրանց նմանները շատ են. երեք մարդ այս կողմ, երեք մարդ այն կողմ, ինչ տարբերություն: Հնարավոր է, որ որոշ հարցերով բողոքարկենք, բայց դա չի լինելու նրանց վիճակը բարդացնելու, կամ պատժաչափն ավելացնելու ուղղությամբ, քանի որ առանց այդ էլ նրանց վիճակը ողորմելի է»:
Կարդացեք նաև
Ասուլիսի ավարտից հետո լրագրողները հետաքրքրվեցին՝ Պարույր Հայրիկյանը, առաջադրվելո՞ւ է նախագահի թեկնածու: Նա պատասխանեց. «Ես որ չառաջադրվեմ, դուք շատ խիստ նեղանաք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մահապատժին չէ, մահափորձին 🙂
Շնորհակալություն: Վրիպակն ուղղեցինք