«Ազատություն» ռադիոկայան. Սա թեկնածուների աննախադեպ մեծ թիվ է Վրաստանի նախագահական ընտրությունների պատմության ընթացքում:
Երկուշաբթի երեկոյան հայտնի է դարձել, թե քանի թեկնածու է սկսում հոկտեմբերի 27-ին Վրաստանում անցկացվելիք նախագահական ընտրությունների մրցապայքարը:
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանված վերջնաժամկետից մի քանի օր առաջ ավարտել է նախագահի թեկնածուների գրանցումը` 54 դիմողներից միայն 23-ին հնարավորություն տալով պայքարել երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելու համար:
Ի դեպ, սա թեկնածուների աննախադեպ մեծ թիվ է Վրաստանի նախագահական ընտրությունների պատմության ընթացքում:
Կարդացեք նաև
Գրանցված թեկնածուներից 10-ին առաջադրել են քաղաքական միավորումները, իսկ 13-ին՝ նախաձեռնող խմբերը:
Տարբեր պատճառներով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է 31 դիմումներ:
Վրաստանի ընտրական օրենսգրքով` իրենց փաստաթղթերը ներկայացրած թեկնածուներին գրանցելու վերջնաժամկետը սեպտեմբերի 27-ն էր, սակայն, ինչպես հայտնել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, իրենք հասցրել են ստուգել բոլոր թեկնածուների փաստաթղթերն ու ավարտին հասցնել նրանց գրանցման գործընթացը:
Դեռ հայտնի չէ, սակայն, արդյոք բոլոր 23 թեկնածուները կմասնակցեն ընտրություններին, քանի որ մինչև հոկտեմբերի 17-ը թեկնածուներն ունեն ինքնաբացարկի հնարավորություն:
Հիմնական պայքարը սպասվում է երեք թեկնածուների միջև՝ իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլիի, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմից առաջադրված խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Բաքրաձեի և Նինո Բուրջանաձեի միջև, ով ևս խորհրդարանի խոսնակ է եղել՝ 2001-2008 թվականների ընթացքում, Բաքրաձեից առաջ:
Հոկտեմբերի 27-ին Վրաստանում նախագահ կընտրեն հնգամյա ժամկետով, առաջին փուլում հաղթելու համար թեկնածուի օգտին պետք է քվեարկի ընտրությունների մասնակիցների կեսից ավելին:
Սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ հոկտեմբերի 27-ի ընտրություններից հետո Վրաստանի փաստացի ղեկավարությունն անցնում է վարչապետին: Վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, սակայն, հայտարարել է, որ մտադիր է հրաժարական ներկայացնել և հեռանալ քաղաքականությունից, եթե իր կուսակցության թեկնածուն ընտրությունների արդյունքում ստանա ժողովրդի քվեն:
Տաթեւիկ Լազարյան