Անցյալ տարի Գյումրիի բնակչի Դավիթ Գրիգորյանի հայտարարության հիման վրա Ռաֆիկ Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել: Մեկ տարի առաջ նույն այս օրը նա ձերբակալվել է: Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 26-ի դատավճռով Ռ. Գասպարյանին դատապարտել է վեց տարվա ազատազրկման:
Դատապարտվածի հաշմանդամ մայրը դիմել է մեր լրատվամիջոցին` հսկողության տակ վերցնել սույն քրեական գործի ընթացքը, հայտնելով, որ իր որդին մեղավոր չի ճանաչել իրեն, կապ չունի մեղսագրված արարքի հետ:
Դատավճռի դեմ բողոք է բերել պաշտպանական կողմը: Վերաքննիչ քրեական դատարանը մի քանի օր հետո կլսի բողոքը:
Ռ.Գասպարյանն ազատվել է ԽՍՀՄ ՊՆ-ի 1987 թիվ 260 հրամանի հիման վրա զինծառայությունից` վատառողջ լինելու պատճառով:
Կարդացեք նաև
Խնամքին հաշմանդամ մայրն է, որեւէ տեղ չի աշխատում, ունի միջնակարգ կրթություն, 42 տարեկան է:
Ըստ գործի նյութերի, նա անցյալ տարվա սեպտեմբերին Կարմիր Բլուր գերեզմանատանը գարեջրի շշով, բռունցքներով հարվածել էր Դ. Գրիգորյանին, նրանից բացահայտ հափշտակել էր 90 000 դրամ:
Տուժողի հետ ամբաստանյալը ծանոթացել էր «Դինամո» մարզադաշտի ետնամասում գտնվող տոնավաճառում, եւ նրան Գյումրի տանելու պատրվակով տարել էր գերեզմանատուն:
Տուժողը նկարագրել է իրենց հանդիպումը. «Գնումներն ավարտելուց հետո գնացել է խանութ: Գարեջուր եւ ուտելիք է գնել, որը տարել է այն տաղավարը, որտեղից կատարել էր գնումները: Ռաֆիկն օղի է խմել, եւ ասել, որ մինչ այդ էլ խմած է եղել: Ապա պայմանավորվել են, որ տասներկու հազար դրամով իրեն Գյումրի է տանելու:
Ինքը Ռաֆիկին տվել է տասներկու հազար դրամը, ապա շարժվել…Ճանապարհին Ռաֆիկն առաջարկել է մարմնավաճառ վերցնել եւ գնալ շոգեբաղնիք:
Ինքը համաձայնել է, գնացել են Երեւանյան լճի մոտ, սակայն գումարի պատճառով մարմնավաճառ չեն վերցրել:Ռաֆիկն առաջարկել է մինչ Գյումրի գնալը գնալ Չարբախի գերեզմանատուն… մոր գերեզմանը: Ինքն էլ համաձայնվել է»:
Երբ հասել են գերեզման, Ռաֆիկն ասել է. «Ինձ դավադիտ չանես, մոտդ ինչքան փող կա՝ տուր, թե չէ վատ կլինի, դու ինձ չգիտես, ես ջղայն եմ, ինձ հանկարծ չջղայնացնես»: Երբ մերժում է ստացել, գարեջրի շշով հարվածել է գլխին, ինչից հետո տուժողն ուշագնաց էր եղել:
Այս ցուցմունքն առերես հարցաքննության ժամանակ տուժողը պնդել է:
Գերեզմանատան աշխատակիցներից մեկը վկայել էր, որ Ռաֆիկը, իրենց աշխատակիցներից մեկի ազգականն է, մի կնոջ եւ տղամարդու հետ էր, երբ տեսել է գերեզմանատանը, վերջինի դեմքը արյունոտ էր, շորերը նույնպես:
Տուժողը քաղհայց չի ներկայացրել, գույքային վնասի պահանջ չի ունեցել:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ