Հայաստանում գործող զանգվածային լրատվամիջոցների աշխատանքը կարգավորող «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (նախկին Ինտերնյուս) Media.am կայքի պրոդյուսեր Գեղամ Վարդանյանը նշեց, որ օրենքի նախագիծը նոր կանոններ կսահմանի, հնարավորություն կստեղծի դատական գործերի նախադեպի:
«Ըստ էության` խոսքն այն մասին է, որ լուրը համարվի հեղինակային իրավունքի աղբյուր: Լուրն այդպիսին չի կարող համարվել, շատ ավելի ճիշտ կլիներ, եթե խմբագիրներն ավելի շատ փորձեին պահպանել ոչ թե լուրը, այլ իրենց արտադրանքը` հատուկ նախագծերը, լուսանկարները, վիդեոները: Տպավորություն կա, որ այդ օրինագծում հեղինակային իրավունքն ու գրագողությունը խառնված են իրար, սահմանը հստակ չէ, այստեղ վտանգ կարող է լինել այդ առումով»,- ասաց նա՝ նկատելով, որ եղած խնդիրներն ավելի ճիշտ է լուծել ինքնակարգավորմամբ, համքարության ներսում: Երևանի մամուլի ակումբում ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմին է գործում, որին կարելի է դիմել վիճելի հարցերով, պարտավորություններ ստանձնել, սակայն Վարդանյանի համոզմամբ՝ գերադասելի է, որ հարցերը նրանք իրենց մեջ կարգավորեն, քանի որ երբ գործերը հասնեն դատարան, նախ՝ լրագրողները պիտի հոգեբանական ճնշում հաղթահարեն` դատական գործ սկսելով իրենց գործընկեր լրատվամիջոցների դեմ:
«Եղած օրենսդրությամբ լրատվամիջոցները կարող են իրենց այն արտադրանքը, որ հեղինակային իրավունքի աղբյուր է, պահել: Շատ հետաքրքիր կլինի հետևել դատական քննությանը, ինչպես կանցնի, ով կհաղթի: Ես չեմ ասում այս օրենքը միանշանակ կդառնա լրատվամիջոցներին պատժելու մահակ, բայց դատարանը հաստատ Հայաստանում ամենավստահելի կառույցներից չի»,- ասաց նա: «Քոփի-փեյսթ»-ի խնդիրն, ըստ Վարդանյանի, միայն Հայաստանին չի բնորոշ, այն գոյություն ունի բոլոր երկրներում:
Հայկանուշ Թորոսյան
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում