«Մեզ զրկեցին մեր միակ կացարանից»,- դժգոհում է նստացույց անող ակտիվիստներից Գոռ Առաքելյանը՝ պատմելով, որ ոստիկաններն այլեւս թույլ չեն տալիս, իրենց մեքենան կայանել քաղաքապետարանի դիմաց:
«Վրան, ի սկզբանե, չեն թույլատրել տեղադրել, իսկ մեքենան տվյալ դեպքում կացարան էր ծառայում, այնտեղ էին պահվում մեր առաջին անհրաժեշտության իրերը»,- շարունակեց Գոռ Առաքելյանը:
Նրա խոսքերով, ոստիկաններն արդեն երկու օր է խիստ վերահսկողություն են սահմանել քաղաքապետարանի դիմաց. հիմա այդ տարածքում թույլատրում են կայանել միայն քաղաքապետարանի աշխատակիցների մեքենաները. «Ոստիկանները պատճառաբանեցին, որ մեզ մինչեւ հիմա ընդառաջել են՝ թույլ տալով, մեր մեքենան էլ այդ տարածքում կայանել, բայց դա ընդառաջել չէր, ընդամենը թույլ են տվել օգտվել մեր սահմանադրական իրավունքից: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի բողոքի ակցիա անցկացնել եւ դրա համար ունենալ անհրաժեշտ պայմաններ, ինչից հիմա մեզ զրկում են»:
Գոռը նաեւ ասաց, որ նախօրեին տուգանային հրապարակ տարված նստացույցի մասնակից Վահագն Մինասյանի մեքենան այսօր դուրս է բերվել, իսկ Սուրեն Սահակյանինը՝ դեռ ոչ:
Կարդացեք նաև
«Ինչպես ոստիկաններն են ասում ոստիկանությունը արդեն գործելու է բացառապես օրենքի շրջանակներում: Հարց է ծագում մինչեւ այժմ ի՞նչ օրենքի սահմաններում էր գործում: Ամեն դեպքում, մենք օգտվում ենք այն բոլոր միջոցներից, ինչը դեռեւս ունենք մեր ձեռքի տակ: Չենք ընկրկել, շարունակում ենք մեր նստացույցը»:
Մեր հարցին՝ նստացույցի ձեր պահանջների բավարարման շանսերը գնալով չի՞ նվազում, Գոռն ասաց. «Մեր պահանջը օրինական է, ունի բոլոր հիմքերը, իսկ եթե օրինական է, ապա շանսերը միշտ կան»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ