Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանը՝ Մինասի «Հայկական հովվերգություն» որմնանկարի մասին. «Ես 19 միլիոն չունեմ տալու»

Սեպտեմբեր 23,2013 21:53

Գյումրու ավագանու այսօրվա նիստի օրակարգի հարցերից մեկը վերաբերում էր Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» որմնանկարի  վերականգնված հատվածները Գյումրու քաղաքապետարանի վարչական շենք վերջնականապես տեղափոխելու  նպատակով դրամական միջոցներ հատկացնելուն:

Գյումրու  քաղաքապետը այս թեմայի շուրջ բավականին երկար ելույթ ունեցավ. «Ուրեմն  ասեմ, որ լուրջ պրոբլեմների մեջ ենք հայտնվել, որովհետև հա քննարկում են այս հարցը, ուրեմն մենք 37 միլիոն դրամ տվեցինք: Հիմա, եթե մնացել էր  ընդամենը  չգիտեմ 200 հարյուր քանի հազար, երրորդ կտորը մենք բարձրացրեցինք, ամրացրեցինք: Ուրեմն  ասում են, որ հին պայմանավորվածության համաձայն, դեռ 19 միլիոն քաղաքապետարանը պետք է գումար  տա, ես լուրջ դիմադրել եմ էս ամեն ինչի հետ կապված և ասել եմ, որ ես որևէ գումար չունեմ տալու: Այս հարցը քննարկվել է երեք ինստանցիայով, տարբեր տեղեր` տարածքային, կառավարության տարբեր ատյաններում: Ես ասել եմ` մնացածը դուք տվեք, մեր հնարավորությունը կարող է լինել 3 միլիոն դրամ: Բայց էդ 3 միլիոնը կտանք հետևյալ ձևով, եթե հիմա դա հաստատում եք, պետք է հետևողական լինենք, որ մինչև վերջ վերականգնեն: Չեն վերականգնելու, չենք տա: Այսինքն, եթե  ավագանու որոշում լինի, պետք  է հետևեն ավագանու անդամները, որպեսզի կատարվի, ափսոս է  սրահը , լուրջ խոսակցություններ գնաց, մենք էդ գումարը հատկացրեցինք, տվեցինք ամենաչունեցած ժամանակ, երբ որ մենք ընդհանրապես գումար չունեինք: 2012թ․ թվականից  սկսած  էդ գումարները հատկացվեցին, հիմա էլ էլի նորից 19 միլիոն: Ես կարծում եմ, որ Մինաս Ավետիսյանի որմնանկարը վերջնական կվերականգնվի, որովհետև  բոլորիս համար պատվի ու թասիբի խնդիր է, երբ ունեցանք նիստերի դահլիճ, դա միշտ մնալու  է նիստերի դահլիճում: Էնպես որ 3 միլիոնը  նորից եկեք զոհաբերենք, նորից տանք, հետևողական լինենք, որպեսզի դրանով ավարտենք»:

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը  հետաքրքրվեց` եթե հաստատեն այդ 3 միլիոն դրամը, ապա դրանով վերջնականակապես կավարտվի՞ Մինասի այս որմնանկարի վերականգնումը: Սամվել Բալասանյանը` ի պատասխան նրա հարցի, ասաց. «Ես մի օր էնպես կանեմ, որ ավագանու նիստին անպայման  և Մինասի որդին`Արմանը, և էնտեղ մեկը կա, իրենց հաշվապահն է, գան, բացատրություն տան, թե ինչ է եղել: Իրականում էնտեղ եղել է մի հետաքրքիր պատկեր, իրենք թուղթ են տալիս, որ նախկին իշխանությունները դրել են պլյուսներ, մինուսներ իրենց ներկայացրած ինչ-որ ցանկից, որը կազմում է 19 միլիոն: Իրենք ճիշտ ասած, որ մտածում են իտալացիներին պարտք են յուղաներկի համար, չգիտեմ էնտեղ ինչ-որ կարևոր խնդիրներ են իրենք լուծել , ես ընդունում եմ, ասեմ, որ հյուրանոցային ծախսերը, որ իրենք եկան, տեղափոխեցին, տեղափոխման աշխատանքները շատ ծանր աշխատանքներ են, ընդ որում  ձմեռով,  հյուրանոցային ամբողջ ծախսերը ես եմ արել, ասեցի `լավ, որպեսզի մենք կարողանանք տեղափոխել: Ես չեմ ուզում իրենց տեղը բացատրություն տալ: Հիմա ուզում եմ 3 միլիոնը էսպես հատկացնենք` 500 հազար, մեկ միլիոն, հիմա  իրենք ասում են` բերեք 2 միլիոն հատկացրեք, որպեսզի մենք իտալացիներին փոխանցենք, իրենք գան սկսեն աշխատանքները, հետո կամաց-կամաց մենք ուրիշ տեղերից կճարենք, կառավարությունից, մշակույթի նախարարությունից, խոստացել են : Թասիբի խնդիր է, նորից պետք է  դնեն, ասեն Մինասի նկարը էլի չարեցին գյումրեցիները: Ըստ պայմանագրի,  37 միլիոնով պետք է ավարտեինք , էդ 37 միլիոնից  հիմա կարծեմ 100 հազար ենք պարտք  մնացել», -ասաց քաղաքապետը:

Նրա ելույթից  հետո ձայն խնդրեց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Արտաշես Կարապետյանը, ով իր ներկայացմամբ, պայմանագրի ակունքներում կանգնած մարդ է, և ասաց, որ  քաղաքապետարանը, 37 միլիոն դրամ փոխանցելով,  կատարել է իր պայմանագրային բոլոր պարտականությունները, մի բան էլ ավելին է արել: «Պայմանագիրը կնքվել է 24 մետր երկարությամբ,  4 մետրից ավելի բարձրությամբ  նկարի մասին է խոսքը, նրանք 6 մետր պակաս են արել այդ նկարը, 6 մետր հատվածը դատարկ է , դրա բեկորներն են պահպանված եղել, ըստ իրենց հավաստիացումների, բեկորներով պետք է լրացնեին Մինասի այդ հատվածը: Բայց դա անհնարին է, երազանքների աշխարհից է, դա չլինելու բան է, չի  էլ կատարվի, երբեք  նկար չի հավաքվի, էնտեղ մի ելք կա, պետք է սվաղել նկարը մանր ավազով, որի վրա որակյալ նկարիչ պետք է նկարի Մինասի նկարը և տակը պետք է գրենք` էսքանը նկարված է էս ինչ նկարչի կողմից և վերականգնված է ամբողջությամբ: էդ 3 միլիոնով էլ, պարոն քաղաքապետ, ես իմ պարտքն եմ համարում չլռել, իրենք չեն վերջացնի, նրանք ավելի մեծ  գումարներ կուզեն»:Այս խոսքերը լսելով`  Սամվել Բալասանյանը հայտարարեց, որ իրենք  այդ  3 միլիոնից բացի այլ պարտականություններ չունեն: Դա էլ, ըստ նրա,  պարտավորություն չէ, այլ թասիբի խնդիր է, որպեսզի չասեն, թե գյումրեցիները նորից պրոբլեմներ ստեղծեցին: Ավագանու բոլոր անդամները միաբերան կողմ քվեարկեցին 3 միլիոն դրամի տրամադրմանը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30