Կապանի նախկին փոխքաղաքապետ, ՀՅԴ անդամ Գագիկ Ղահրամանյանի կարծիքով՝ Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում սեպտեմբերի 29-ին կայանալիք ընտրությունը վերածվել է ներկայացման՝ ինչպես եւ կանխատեսվում էր:
«Ինչպես որ սպասվում էր՝ այս ընտրություններն իրականում վերածվել են ներկայացման, խաղի, ինձ համար անսպասելի ոչինչ չկա: Նախապես կանխատեսվում էր, հենց այս տեմպով էլ պետք է գնար ամեն ինչ, որովհետեւ վաղուց ժողովուրդը չի դիտում սա որպես ընտրություն, դրա համար ե՛ւ ժողովուրդն է պասիվ, ե՛ւ թեկնածուները, ովքեր գտնում են, որ պետք չի իզուր ջանք, եռանդ, ժամանակ վատնել», – մեզ հետ ունեցած զրույցում նշեց պարոն Ղահրամանյանը:
Օրեր առաջ ՀՅԴ Սյունիքի մարզային կոմիտեն հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով բնակիչներին բոյկոտել առաջիկա ընտրությունն ու սեպտեմբերի 29-ին չգնալ ընտրության, իսկ ոչ իշխանական թեկնածուներին առաջարկել էր ինքնաբացարկ հայտարարել եւ չմասնակցել իշխանության ծրագրած ընտրական ֆարսին:
Գագիկ Ղահրամանյանը գտնում է, որ ընտրողների մի զանգված անպայման կհետեւի նրանց կոչին եւ կանխատեսում, որ ընտրողների մասնակցությունը, այնուամենայնիվ, քիչ կլինի ԱԺ մեծամասնական ընտրակարգով անցկացվելիք պատգամավորի լրացուցիչ ընտրությանը:
«Ինձ թվում է՝ մի մասը կհետեւի մեր կոչին եւ չի գնա ընտրության, բայց մի մասը կգնա կամ «կտանեն» ընտրության: Ընդհանրապես, մենք գտնում ենք, որ Հայաստանում մեծամասնական ընտրակարգով պատգամավոր հնարավոր չի ընտրել, դա ավելի շատ փողի եւ իշխանության լծակների պայքար է, քան թե՝ գաղափարների կամ թեկնածուների», – հավելեց նա:
Կարդացեք նաև
Չորս օրից կավարտվի թեկնածուների քարոզարշավը, իսկ կիրակի օրը՝ սեպտեմբերի 29-ին, Մեղրու եւ Կապանի տարածաշրջաններում կանցկացվի նշանակված ընտրությունը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ