Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ոստիկանության օպերատիվության մասին. «Տաս օր անց նոր մատնահետք են վերցրել»

Սեպտեմբեր 23,2013 20:40

Օրերս ոստիկանությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ բացահայտվում են քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ բռնությունները:  Մասնավորապես, գրված էր. «Վերջին շրջանում անհայտ անձանց կողմից քաղաքացիական ակցիաների ակտիվիստներին բռնության ու ծեծի ենթարկելու դեպքերի վերաբերյալ տեղեկատվության հետ միասին հիշյալ հանցարարքները բացահայտելու ուղղությամբ անգործություն ցուցաբերելու մեղադրանքներ էին ներկայացվում ոստիկանությանը: Այդ մեղադրանքներն անհիմն են ու չեն համապատասխանում իրականությանը: Միջադեպերից անմիջապես հետո կատարվել են բազմաթիվ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ, նշանակվել են փորձաքննություններ, հայտնաբերվել են ականատես վկաներ, ուսումնասիրվել են տեսախցիկների տեսագրությունները: Քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ բռնության դեպքերի քննությունը անմիջաբար ոստիկանության պետի հսկողության տակ է, ընթացքի մասին զեկուցվում է ամեն օր»:

Եվ հետեւում էր մանրամասն նկարագրություն, թե որ դեպքում ինչ է արվել:

Մի քանի «բացահայտված» դեպքերի կողքին կային նաեւ դեռեւս չբացահայտվածները, որոնցից մեկը սեպտեմբերի 5-ին Հայկակ Արշամյանի եւ Սուրեն Սաղաթելյանի հանդեպ անհայտ անձանց կողմից կատարված բռնությունն էր, որի արդյունքում երկուսն էլ վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Սուրեն Սաղաթելյանից եւ Հայկակ Արշամյանից հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ են օպերատիվ եղել ոստիկանները՝ կոնկրետ իրենց դեպքի հետ կապված: Ս.Սաղաթելյանն ասաց. «Դեպքից հետո ես երեք օր հիվանդանոցում էի: Կարող եմ ասել, որ նույն օրը՝ սեպտեմբերի 5-ին, ոստիկանությունը մեզանից գրավոր բացատրություններ ստացավ դեպքի վերաբերյալ: Դուրս գրվելուս օրը ինձ հանձնվեց դատաբժշկական քննություն անցնելու ուղեգիր: Դեպքի 9-րդ օրը երեկոյան զանգեցին ոստիկանությունից, և հաջորդ օրը ինձ ու Հայկակին կանչեցին տուժող ճանաչելու համար գործողություններ անելու համար: Լրացվեցին թղթեր ու պատասխանեցինք քննիչի հարցերին: Հարուցվեց քրեական գործ: Նույն՝ դեպքից հետո 10-րդ օրը, քրեագետները եկան և Հայկակի մեքենայից մատնահետքեր վերցրին, իսկ քննիչը նաև ֆիքսեց մոտակայքի տեսախցիկները: Իսկ թե մինչ այդ մի բան արե՞լ են, թե չէ՝ ես տեղյակ չեմ, քանի որ հիվանդանոցում էի»:

Սուրեն Սաղաթելյանը դեռ ամբողջովին չի ապաքինվել. «Դեռ ունեմ գլխացավեր, դեղեր եմ ընդունում գլխացավերի դեմ: Մատս էլ գիպսի մեջ է»: Հիշեցնենք, որ Սուրեն Սաղաթելյանի մոտ ախտորոշվել էր գլխուղեղի ցնցում, հանցագործները կոտրել էին նրա քիթն ու մատը:

Հայկակ Արշամյանը հաստատեց, որ դեպքից տաս օր հետո է միայն տեղազննություն արվել. «Մեր պարագայում դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել դեպքից 4 օր հետո: Մեքենաս, որի մեջ ծեծել են Սուրենին, միայն 10 օր հետո են զննել ու մատնահետքեր վերցրել: Մեր դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել միայն 10-րդ օրը, այն էլ ԵԽԽՎ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի՝ տարբեր ատյաններում հանդիպումներից ու հորդորներից հետո: Տեսախցիկների պահով ասեմ, որ քննիչը միայն 10-րդ օրն էր փորձում մտնել Խորենացի փողոցի վրայի խանութներից մեկը, որպեսզի խոսի տնօրինության հետ տեսախցիկի վերաբերյալ, չնայած, որ այդ փողոցում կան նաև ՊԵԿ-ի տասնյակ տեսախցիկներ ու նաև լուսասյունին ամրացված մի մեծ, ամենայն հավանականությամբ՝ 380 աստիճան նկարահանող մի տեսախցիկ, որը կարծում եմ կամ ոստիկանությանն է, կամ էլ քաղաքապետարանինը: Ինչ վերաբերում է քաղաքապետարանի մոտ ակտիվիստների ծեծերին, ապա այդ գործերով քրեական գործ է հարուցուվել միայն շաբաթներ հետո, վերստին Ֆյուլեի այցից հետո: Այնպես որ՝ Էդիկ Բաղդասարյանի առաջին իսկ օրը արված հայտարարությունը, որ մեր գործը կարող էին հենց նույն գիշեր բացահայտել ու ձերբակալել հանցագործներին, մնում է ուժի մեջ»:

Հիշեցնենք, որ Հայկակ Արշամյանի մոտ էլ երկու կողի փակ կոտրվածք կա եւ դեմքին հասցված վնասվածքներ: «Հիմա վատ չեմ, միայն դեռ կողերս են անհանգստացնում ու մեկ էլ դեմքիս ու այտիս կարերի այտուցները դեռ չեն իջել,  բայց, ընդհանուր առմամբ վատ չեմ», ասաց նա:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30