Սեպտեմբերի 23-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության «Վերածնունդ» պաշտոնաթերթի շնորհանդեսը: Միջոցառմանը մասնակցել են արցախյան կուսակցությունների ներկայացուցիչներ, քաղաքական այլ գործիչներ, լրագրողներ: Ամսաթերթը լույս է տեսնում հազար օրինակով և տարածվում անվճար:
Կուսակցության նախագահ Հայկ Խանումյանն իր խոսքում նշեց, որ թեև «Ազգային վերածնունդն» իր գաղափարները տարածում է ուղղակի հանդիպումների, կուսակցության կայքի և սոցիալական ցանցերի միջոցով, այնուամենայնիվ, բնակչության բոլոր շերտերին հասանելի լինելու համար նախընտրել են տպագիր օրգան ունենալ:
«Ազգային վերածնունդ» կուսակցությունը ստեղծվել է 2013թ. փետրվարին և գրանցվել ԼՂՀ Արդարադատության նախարարության համապատասխան բաժնում 2013թ. մայիսին: Կուսակցությունն ազգային ուղղվածությամբ և սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությամբ քաղաքական ուժ է, որն իր ներկայացուցիչներն ունի Արցախի բոլոր շրջաններում և Ստեփանակերտում: Անդամների թիվը մոտենում է 300-ի: