Ս.թ. սեպտեմբերի 22-ին Քուվեյթի «Մարինա» հյուրանոցի «Սալվա Սաբահ» սրահում տեղի ուենցավ Քուվեյթում ՀՀ դեսպանության կազմակերպած պետական ընդունելությունը` նվիրված ՀՀ Անկախության 22-ամյա տարեդարձին: Հրավիրյալների թվում էին Քուվեյթի արտգործնախարարության, տեղական իշխանությունների եւ գործարար շրջանակների, կառավարող «Ալ-Սաբահ» ընտանիքի ներկայացուցիչներ եւ անդամներ, երկրում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, տեղական լրատվամիջոցների եւ հեռուստաընկերությունների, ինչպես նաեւ քուվեյթահայ համայնքի ներկայացուցիչներ: Ընդունելության գլխավոր հյուրն էր Քուվեյթի Պետության առեւտրի եւ արդյունաբերության նախարար Անես Խալեդ Ալ-Սալեհը: Ընդունելությունը նշանավորվեց Քուվեյթի Պետության մայրաքաղաքի` Էլ- Քուվեյթ նահանգի նահանգապետ շեյխ Ալի Ջաբեր ալ-Սաբահի եւ Ալ-Ահմադի նահանգի նահանգապետ Դր. Իբրահիմ Ալ-Դուայիջի մասնակցությամբ:
Երկու երկրների օրհներգերը հնչելուց հետո ներկաներին ուղղված իր խոսքում Քուվեյթում ՀՀ դեսպանը խոսեց Հայաստան – Քուվեյթ երկկողմ հարաբերությունների ներկա ընթացքի եւ անկնկալվող ծրագրերի մասին, անդրադարձավ Քուվեյթի Պետության հետ տարբեր ոլորտներում կատարված աշխատանքներին եւ փոխգործակցության խորացման հեռանկարներին, ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու բարձր գնահատեց քուվեյթահայ համայնքի դերը երկու երկրների միջեւ հարաբերությունների կամրջման գործում:
Պետական ընդունելությունն ամբողջացավ ժամանակակից հայ արվեստի ստեղծագործությունները ներկայացնող ցուցահանդեսով եւ Հայաստանի վերաբերյալ տեսահոլովակի ցուցադրմամբ:
Քուվեյթում ՀՀ դեսպանության կազմակերպած ընդունելությունը լայնորեն լուսաբանվել է տեղական լրատվամիջոցներում եւ Քուվեյթի պետական հեռուստատեսությամբ: Առանձին լրատվամիջոցներ անդրադարձել են առեւտրի եւ արդյունաբերության նախարարի եւ երկու նահանգապետերի բարձր ներկայությանը:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ