ՀՀ անկախության 22-ամյակի կապակցությամբ ԵՊԼՀ նիստերի մեծ դահլիճում անցկացվեց տոնական միջոցառում, որի ընթացքում ԵՊԼՀ ուսանողները ներկայացրին երաժշտական և պարային կատարումներ: Տոնական միջոցառմանը ներկա էին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի և Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 80 կուրսանտներ, ովքեր մեծ ուրախությամբ ոգեւորում էին կատարողներին:
ԵՊԼՀ-ի մշակութային միջոցառումների համակարգող Անուշ Տեր-Ղուկասյանի փոխանցմամբ` միջոցառում ամեն տարի իրականացվում է, սակայն ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի կուրսանտներն իրենք են եկել համալսարան. «Սովորաբար մենք էինք գնում զորամասեր, սակայն այս տարի միջոցառումն իրականացրեցինք համալսարանի դահլիճում»,-ասաց նա` հավելելով, որ բուն անկախության օրը նշել չէին կարող, քանի որ բուհը շաբաթ օրերին չի աշխատում:
ԵՊԼՀ գիտության և միջազգային հարաբերությունների գծով պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանը ողջունելով ներկաներին ասաց, որ անկախությունը յուրաքանչյուր երկրի պարծանքն է, որը թույլ է տալիս երկրին տեղ ու դիրք ունենալ միջազգային ասպարեզում. «Որպեսզի կարողանանք մեր երկիրը շենացնել եւ էլ ավելի բարեկեցիկ տեսնել, ապա ձեզանից յուրաքանչյուրն իր ներդրումը պետք է անի: Շարունակեք լավ սովորել, որպեսզի նպաստեք մեր երկրի կայունացմանը»,-հորդորեց պրոռեկտորը:
Կարդացեք նաև
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ