Այսօր Գյումրիում տեղի ունեցավ ավագանու հերթական նիստը, որի ժամանակ քննարկվեցին 17 հիմնական և երկու լրացուցիչ հարցեր: Գյումրու քաղաքապետը այս նիստի ժամանակ դժգոհեց, որ ինքը խամ-խամ, առանց տեղյակ լինելու նախորդ իշխանություններից ընդունել է հիմնական միջոցների հաշվեկշիռը, որում առկա շատ հողատարածքներ, կառույցներ կան ու չկան. փաստաթղթով կան, բայց իրականում գոյություն չունեն: Օրինակ`այդպիսին են քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող 600-ից ավելի շենքեր, որոնք սակայն փաստացի չկան, միայն դրանց հիմքեր են, ընդ որում թալանված, քանդված, այդպիսին է նաև Մայիսյանի կաթսայատունը, որը 3 տարի առաջ վաճառված է:
Հիշեցնենք, որ այդ գերհզոր կաթսայատան ամբողջ գույքը ջրի գնով վաճառվեց օլիգարխ Սամվել Ալեքսանյանի շաքարի գործարանին, ընդ որում դա արվեց երկրի իշխանության ճնշման ներքո: Մի խոսքով, հիմնական միջոցների թեման ծագեց, երբ ելույթ ունեցավ քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Լենա Ջիլավյանը:
Տիկինը զեկուցեց հետևյալը. «Համաձայն բյուջետային համակարգի մասին օրենքի յուրաքանչյուր եռամսյակ մենք պահուստաֆոնդ ենք ստեղծում և պահուստաֆոնդից ելնելով` նաև մենք ֆոնդային բյուջե գոյացման տարբերակն ենք քննարկում: Հիմա Գյումրու ավագանուն ներկայացնում ենք 53 միլիոնի պահուստաֆոնդի ստեղծում, որից կգոյանա մեր ֆոնդային բյուջեն և կարող ենք կատարել ասֆալտապատման աշխատանքների համար ֆինանսավորում, հիմնականում մեր ֆոնդային բյուջեն կազմվում է էդ նպատակներով»:
Տիկինը դեռ իր խոսքը չէր ավարտել, երբ Սամվել Բալասանյանը, նրան ընդհատելով, լրացրեց. «Ասեմ, քանի որ մենք բյուջեն հաստատեցինք 2013 թվականին և ընդունեցինք ֆոնդային բյուջեն` մոտ 200 միլիոն, հետագայում խնդիրը այստեղ այն էր, որ մեր հաշվեկշռում կան լուրջ հիմնական միջոցներ, հողատարածքներ, ընդհուպ Մայիսյանի կաթսայատունը նույնպես դեռ գտնվում է մեր հաշվեկշիռի մեջ, որը գիտեք 3 տարի առաջ վաճառվել է, շենքերի հետ կապված հիշում եք նախորդ ավագանու նիստի ժամանակ նույնպես ասացի, որ մոտ 600 շենքեր ուղղակի չկան, կային կիսատ չգիտեմ հիմքեր և այլն և այլն: Դա էր պատճառը, որ մենք 200 միլիոն ընդունեցինք, քաղաքաշինությանը բաժինը ներկայացրեց, մենք էլ, խամ-խամ չգիտենալով հաշվեկշիռը, ուղղակի մենք ընդունեցինք, հիմա դա է պատճառը, որ ասֆալտապատման գումարներ պետք է տանք և պետք է տանք ֆոնդային բյուջեից: Դրա համար հիմա ոնց որ թե տեղափոխում ենք վարչականից, վարչականում գումար ունենք հավաքված, տեղափոխում ենք ֆոնդային բյուջեի, որպեսզի կարողանանք հոկտեմբերին մրցույթների արդյունքում շահել , համապատասխան կազմակերպություններին սկսենք վճարումներ կատարել»,-ասաց քաղաքապետը:
Կարդացեք նաև
Ավագանու բոլոր անդամները կողմ քվեարկեցին այս հարցին, նշենք, որ թեև Սամվել Բալասանյանը բարելավել էր ավագանու անդամների պայմանները, այսուհետ յուրաքանչյուրն ունի իր տեղը, ավելին` բարձրախոսը, սակայն 1 ու կես ժամ տևած ավագանու նիստի ընթացքում բացի «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանից ոչ մեկը կես բառ չհնչեցրեց:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Էդ ֆինբաժնի պետը Ջիլավյան Լենան է հա? վայ, խեղճ Գյումրի