«Առավոտ» օրաթերթի եւ aravot.am-ի 20.09.2013թ. «Աշխատանքային խումբը կատարել է կոպիտ խախտումներ» հրապարակման առնչությամբ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ.
Փախստականներին ժամանակավոր կացարաններում բնակեցնելու համար ուղեգրերի տրամադրման գործընթացը կազմակերպելու նպատակով ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի 28.08.2008 թ-ի N47-Ա հրամանով ստեղծված աշխատանքային խումբը (2013թ մարտի 26-ի N36 –Ա հրամանով դրանում փոփոխություններ են կատարվել) լիազորված է իրականացնել ուղեգրերի տրամադրման գործընթացների կազմակերպման բոլոր գործառույթները, ինչպես նաեւ իրավահաջորդության իրավունքով նախկինում տրված ուղեգրի չեղյալ ճանաչումը:
Ի դեպ, նշված աշխատանքային խմբի ստեղծումը հնարավորություն է տվել, որպեսզի յուրաքանչյուր դեպք առանձին քննարկման առարկա դառնա, եւ ընդունված որոշումները լինեն հրապարակային:
Ինչ վերաբերում է Ամալյա Գալուստյանի հանրակացարանային սենյակի ուղեգիրը չեղյալ ճանաչելուն, ապա հարցը քննարկվել է, երբ նա որոշել է սեփականաշնորհել Մոլդովական 70/1 հասցեում գտնվող հանրակացարանի երկու` 627 եւ 628 սենյակները, որտեղ ներկայումս բնակվում է միայնակ, այն դեպքում, երբ այսօր միայն Երեւանում բնակարանային ապահովության առաջնահերթ կարիք ունի 670 փախստական ընտանիք, որոնց մի մասը հնարավորություն չունի հոգալ իր բնակարանային կարիքները: Ամալյա Գալուստյանին նշված երկու սենյակները տրամադրվել են 2005 թ-ին, երբ նա հանրակացարանում բնակվել է 4 երեխաների հետ: Ներկայումս, հաշվի առնելով այդ սենյակներում Ամալյա Գալուստյանի միայնակ բնակվելու հանգամանքը, ինչպես նաեւ բնակարանային խնդիր ունեցող փախստականների կարիքները եւ առկա սուղ հնարավորությունները` «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ը, սենյակներից մեկը հետ հանձնելու բազմաթիվ խնդրանքներից հետո, դիմել է դատարան` Ամալյա Գալուստյանի սենյակներից մեկը դատական կարգով հետ վերցնելու համար:
Կարդացեք նաև
Հարկ է նշել նաեւ, որ Ա. Գալուստյանը, չլինելով փախստական, վիճարկում է փախստականների համար նախատեսված հանրակացարանում բնակվելու եւ սենյակները սեփականացնելու իրավունքը:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին