Ցանկացած ընտրություն պետք է պայմանավորված լինի ոչ թե անձերով, այլ` ծրագրերով։ Այսօր «Ա1+»-ին հայտնեց Գրողների միության վարչության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը՝ խոսելով ԳՄ գալիք ընտրությունների թեմայով։
Գրողների միության նախկին նախագահ Լեւոն Անանյանի՝ կյանքից անժամանակ հեռանալուց հետո միության նախագահի աթոռը թափուր է մնացել։ Հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին նախատեսվում է անցկացնել Գրողների միության համագումարը, եւ հենց այդ ժամանակ էլ նոր նախագահ կընտրվի։
«Թեկնածուն պետք է պատկերացնի գրողների միության աշխատանքը, գործունեությունը, ինչ ջանքեր են ներդնելու, որպեսզի մեր գրականությունը եւ գրողի վարկը բարձրանա հասարակության մեջ, ինչ չափանիշներ պետք է առաջադրվեն, որոնք ապահովեն բարձր որակը եւ ամեն թեկնածու իր ծրագիրը պետք է ունենա նախապես»,- նշեց պարոն Դեմիրճյանը։
Մինչ այդ, եւս, գրողների միության վարչության քարտուղարի խոսքերով, եղել են ծրագրեր, սակայն դրանց շատ ուշադրություն չի դարձվել. նա շատ կցանկանար, որ դրանք այժմ հրապարակվեին։
Այժմ Գրողների միության նախագահի պաշտոնակատարը Էդվարդ Միլիտոնյանն է, եւ հենց նրա անունն էլ շրջանառվում է որպես գրողների միության նախագահ։
Մանրամասն կարդացեք՝ այստեղ