Այսօր` տեղեկատվական զարգացած տեխնոլոգիաների առկայության պայմաններում, գուցե անշնորհակալ գործ է նոր կայք թողարկելը: Չէ որ համացանցը լի է ամենազվարճալի ու ամենասենսացիոն, ու ամենալուրջ կայքերով ու լրատվամիջոցներով… Բայց մենք համարձակվում ենք գնալ այդ քայլին ոչ թե ամենա-ն, միակն ու անփոխարինելին լինելու ակնկալիքով, այլ բոլորի, անկախ կուսակցական պատկանելությունից, խոսափողը դառնալու, մեր կյանքի հոռի երեւույթները, դրանք ծնող պատճառները ջրի երես դուրս բերելու ցանկությամբ: Ոչ միայն ջրի երես դուրս բերելու, այլ քաղաքական, մշակութային, եւ հանրային գործիչների, համապատասխան մասնագետների կողմից հիվանդությունն ախտորոշելու ու դրա բուժման միջոցները ներկայացնելու ակնկալիքով: Ընդ որում, դա առնչվում է ինչպես երկրի ներքին ու արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային խնդիրներին, այլեւ մեր երկրի տնտեսությանը, մշակույթին, սպորտին, կրթությանը, առողջապահությանը…
«Ֆորում» էլ. օրաթերթի խմբագրակազմը կփորձի հավաստի, անաչառ եւ բազմակողմանի լրատվության, հոդվածների, վերլուծությունների, հարցազրույցների միջոցով ներդաշնակ կապ ապահովել հասարակական ու քաղաքական գործիչների, տեղական եւ միջազգային կազմակերպությունների եւ հայ հասարակության միջեւ:
«Ֆորում» էլ. օրաթերթ forums.am