Սեպտեմբերի 19-ին Ֆրանսիայի Ամիեն քաղաքում Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանի մասնակցությամբ տեղի ունեցավ հայ անվանի լուսանկարիչ, բազմաթիվ մրցանակների դափնեկիր Հերման Ավագյանի ցուցահանդեսի բացումը:
Հայաստանի անկախության 22-ամյակին նվիրված միջոցառումների շարքում ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպված այս ցուցահանդեսը ներկայացնում է Հերման Ավագյանի հեղինակային «Born After Death» (Մահից հետո ծնվածներ) դիմանկարների շարքը, որի հերոսները Արցախյան հերոսամարտի ընթացքում զոհված ազատամարտիկների զավակներն են` ծնված իրենց հայրերի մահվանից հետո:
Դեսպան Չիտեչյանն, իր խոսքում բարձր գնահատելով հեղինակի խաղաղության կոչի յուրօրինակ գաղափարը, նշեց, որ նման տպավորիչ եւ զգայացունց դիմանկարները դիտելով` անհնար է չգիտակցել պատերազմների ցավագին հետևանքը: Դեսպանը հիշեցրեց, որ Հերման Ավագյանի լուսանկարներում պատկերված այս պատանիները, Արցախյան ազատամարտում կորցնելով իրենց հայրերին, 1994թ. հրադադարից հետո դեռ շարունակում են ապրել «ոչ պատերազմի, ոչ խաղաղության» պայմաններում: Դեսպանն ընդգծեց նաեւ, որ աշխարհի ցանկացած ծայրում գալիք սերունդների մասին մտածող յուրաքանչյուր ոք, նայելով լուսանկարներում պատկերված պատանիների հայացքներին, պարտավոր է ջանք չխնայել վերջիններիս լիակատար խաղաղություն պարգեւելու համար:
Միջոցառմանը ներկա էին նաեւ Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, Ամիենի եւ շրջակայքի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ եւ բազմաթիվ արվեստասերներ:
Հերման Ավագյանի “Born After Death” դիմանկարների շարքի ցուցադրությունը կշարունակվի Ամիենի Բրիկետրի մշակութային կենտրոնի ցուցասրահում մինչեւ հոկտեմբերի 6-ը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ