Լրահոս
Օրվա լրահոսը

Նունե Եսայանի գովազդային պաստառները սոցիալական գովազդի տակ են դիտարկել. տեղական տուրք չեն գանձել (Տեսանյութ)

Սեպտեմբեր 23,2013 17:05

Հայաստանի 3-րդ Հանրապետության անկախության տոնի առթիվ մայրաքաղաքը զարդարված էր հիմնականում երգչուհի Նունե Եսայանի մեծադիր պաստառներով: Եթե Հայոց բանակի տոնի առթիվ ամեն քայլափոխի կարելի էր սոցիալական գովազդների կամ հաղթանակած բանակի խորհրդանիշերով պաստառներ հանդիպել, ապա մեր երկրի գլխավոր տոնի` Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ, անկախությունը խորհրդանշող պաստառներ կամ սոցիալական գովազդներ գրեթե չկային:

Նունե Եսայա՞նն էր արդյոք Հայաստանի անկախության խորհրդանիշը, եւ ինչո՞ւ օրինակ մեր հերոսների պաստառները չէին փակցվել մայրաքաղաքում: Aravot.am-ն այսօր այս հարցն ուղղեց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանին, որն այսօր ասուլիս էր հրավիրել քաղաքապետարանում:

«Տոնական միջոցառումը հիմնականում եղել է Նունե Եսայանի մենահամերգը, թե ինչո՞ւ է այդպես եղել, դա կարծում եմ պետական հանձնաժողովի որոշումն է: Պաստառները եղել են իրազեկումն այդ համերգի մասին: Քաղաքի ձեւավորումը եղել է ՀՀ դրոշներով, ամբողջ քաղաքում 1500-ից ավելի դրոշներ են տեղադրվել բոլոր վարչական շրջաններում»,-ասաց Արազ Բաղդասարյանը:

Մեր ճշտող հարցին, թե դրոշներից բացի, անկախությունը խորհրդանշող էլ ի՞նչ պաստառներ կամ գովազդներ են տեղադրվել, եւ որքան գումար են ծախսել միջոցառումների համար, վարչությանը պետը նորից նշեց դրոշները, ապա ասաց, որ անկախության տոնի կապակցությամբ ծախսվել է 4 միլիոն դրամ, որը, ըստ պարոն Բաղդասարյանի, չնչին գումար է:

Aravot.am-ի այն հարցին էլ, թե Նունե Եսայանի պաստառները տեղադրելու համար քաղաքապետարանը որքա՞ն գումար է ծախսել, պարոն Բաղդասարյանն ասաց, որ երգչուհու պաստառների տպագրման եւ տեղադրման համար Նունե Եսայանի պրոդյուսերական կենտրոնն է ծախսեր կատարել:

Սակայն, ուշագրավն այն է, որ, ինչպես վստահեցրեց վարչության պետը, երգչուհու մենահամերգը ազդարարող գովազդային վահանակները տեղադրելու համար պետական տուրք չի վճարվել: Այսինքն Նունե Եսայանի մենահամերգի գովազդների համար պետբյուջե գումար չի մտել, այն քաղաքապետարանը դիտարկել է, որպես սոցիալական գովազդ:
Պարոն Բաղդասարյանի խոսքերով` «Քաղաքապետարանը գովազդային կազմակերպություններին տեղեկացրել է, որ այդ գովազդային միջոցների համար գործում է «Գովազդի մասին» օրենքով սահմանված 5% սահմանափակում, այսինքն` մենք 5%-ի չափով ամբողջ գովազդային մակերեսի համար, որ նախատեսված է, որպես պետական տուրք, 5%-ի չափով տեղական տուրք չի վճարվել»:

Վարչության պետը նաեւ տեղեկացրեց, որ գովազդային ոլորտը արդիականացնելու ծրագրի շրջանակներում, փոքր կենտրոնում այսօրվանից սկսած մինչեւ տարեվերջ 106 վահանակներ կապամոնտաժվեն, իսկ դրանց տեղերում կտեղադրվեն ծավալներով ավելի փոքր ժամանակակից վահանակներ, որոնք զարգացած երկրների փոքր քաղաքներին հատուկ վահանակներ են:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Spartak says:

    Մինչև կառավարման համակարգից չհեռանան միջակությունները, այսպիսի աբսուրդային երևույթներն անպակաս կլինեն:Հո՞ սիրուն հագնվելով ու փողկապ կապելով չի:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30