Լրահոս
Օրվա լրահոսը

Մարինե Պետրոսյան. «Պետք է դնել Սերժ Սարգսյանի հեռացման հարցը»

Սեպտեմբեր 23,2013 17:00

«Երթը հստակ նախաձեռնող խումբ չուներ, դեմոկրատական սկզբունքով էր: Երեք անգամ Մաշտոցի պուրակում հավաք արեցին և որոշեցինք, որ նման ձեւաչափով հավաքվենք: Դա անկախությանը սպառնացող վտանգների դեմ էր, և քանի որ վերջին վտանգը Մաքսային միությանն անդամակցելու որոշումն էր՝ այսքանով երթը նաև Մաքսային միության դեմ էր»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով սեպտեմբերի 21-ին կազմակերպված «Անկախության երթ»-ին՝ «Անկախության երթ»-ի նախաձեռնող խմբի անդամ Մարինե Պետրոսյանն  այսպես պարզաբանեց ՀԱԿ անդամ Կարեն Թովմասյանի այն պնդումները՝  համաձայն որոնց, երթն ուղղված էր Սերժ Սարգսյանի դեմ:

Մանրամասնելով՝ Մ. Պետրոսյանը նշեց. «Մարդիկ կային, որ չէին ուզում շեշտել, որ երթը Սերժ Սարգսյանի դեմ էր, մյուսները չէին ուզում շեշտել, որ Մաքսային միությանն էր դեմ: Ուստի այս իմաստով միավորեցինք և շեշտադրումն ու ձևակերպումն արեցինք այնպես, որ երթը սեպտեմբերի 3-ի հայտարարությանն էր դեմ: Յուրաքանչյուր ոք իր կարծիքն էր հայտնում, դրա համար խայտաբղետ պատկեր ստացվեց»:

Անձամբ Մարինե Պետրոսյանը կտրուկ դեմ է Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի հայտարարությանը: Հստակեցնելով միտքը՝ մեր զրուցակիցը նշեց. «Կտրուկ դեմ եմ ոչ միայն այն պատճառով, որ որոշումն ապագայում կարող է ինքնիշխանությանը խանգարել, այլև դեմ եմ հայտարարության ձևին, երբ չորս տարի Ասոցացման համաձայնագրի մասին ես խոսում, հետո մեկ րոպեում որոշում ես փոխում: Սա նշանակում է, որ ինքնիշխանությունը կորցրել ես: Ուստի պետք է դնել Սերժ Սարգսյանի հեռացման հարցը: Միայն այդ դեպքում կվերադառնա  ինքնիշխանությունը»:

Անդրադառնալով երթի ընթացքին՝ Մարինե Պետրոսյանն ասաց. «Ոստիկանները պահանջում էին, որ մայթ բարձրանանք: Դա վիրավորական էր, հոգեբանորեն էլ էր տհաճ, երբ քեզ հրում են մայթ, ուստի բնական մղումով բոլորը գալիս էին դեպի փողոց, և դա լավ էր: Այդպես էլ պիտի լիներ, քանի որ այն էլ Անկախության օրով չէիր կարող ճնշված լինել, որ ոստիկանները երկու կողմից գնային, և դու բանտարկված քայլեիր: Բաղրամյան 26-ին չթողեցին մոտենալ, ոմանք այդտեղ էլ էին ուզում ճեղքել, դա բնական ցանկություն էր, ես էլ կուզենայի, բայց թույլ չտվեցին»:

Խոսելով հետագա քայլերի մասին՝ Մարինե Պետրոսյանը տեղեկացրեց, որ այսօր հավաքվելու են Մաշտոցի պուրակում և քննարկելու հետագա քայլերը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Մարինե Պետրոսյանի Ֆեյսբուքյան էջից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30