Հայաստանում սոցիալական ցանցերի՝ լայն տարածում գտնելուց հետո հարց առաջացավ՝ ո՞րը պետք է լինի սոցցանցի ոչ թե գրելու լեզուն, այլ ո՞ր տառերով պետք է գրել՝ հայատա՞ռ, թե՞ լատինատառ։ Կարելի է ասել՝ այդ հարցը մինչև հիմա էլ քննարկվում է։ Օգտատերերի մի ստվար զանգված մինչև հիմա կարծում է, որ որևէ իմաստ չունի հայատառը սոցցանց տեղափոխել, քանի որ համացանցում գրեթե ամեն ինչ անգլերեն է կամ էլ ռուսերեն։ «Կան մարդիկ, ովքեր հայատառ են գրում։ Թող գրեն, իրենց ոչ ոք ոչինչ չի ասում, բայց անընդունելի եմ համարում այն, որ իրենք փորձում են լատինատառ գրողներիս ստիպել հայատառ գրել։ Ես չեմ գրում հայատառ, որովհետև լատինատառ գրելն ինձ համար ավելի հարմար է և ավելի հեշտ»,— ասում է 18-ամյա Տիգրանը և հավելում, որ լատինատառ գրելով չի որոշվում իր հայրենասիրության ու հայերենի ուղղագրության գիտելիքի աստիճանը։
Իսկ 17-ամյա Կարինեն ընդհանրապես այլ կարծիք ունի տվյալ հարցի վերաբերյալ։ «Ես ասել և ասում եմ, որ հայատառ գրողների թիվ մեկ նպատակը տարբերվելն է. հայատառ են գրում, որ ինչ-որ բանով տարբերվեն»,— ասում է նա։ Ըստ Կարինեի հայատառ գրողների բոլոր մեղադրանքներն այն մասին, որ շուտով լատինատառ գրողները հայերենը իսպառ կմոռանան, չեն համապատասխանում իրականությանը։ «Հայերենիս գիտելիքները բավականին լավ են ու աբսուրդ է այն, որ կմոռանամ ես։ Ոչ, ընդհակառակը։ Չկա նման բան»,— հավելեց նա։
Լրագրող Արման Առաքելյանն էլ ասում է, որ երբեք չի հասկացել լատինատառ գրողներին։ «Երբեք նրանց չեմ հասկացել այն առումով, որ խույս են տալիս հայատառ գրելուց՝ տեխնիկական անհարմարությունների պատճառով: Ինքս սոցիալական ցանցերում բավականին ակտիվ եմ և կարող եմ յուրաքանչյուրին վստահեցնել, որ դույզն-ինչ մտահոգվելու դեպքում ստացվում է շփումը բացառապես մայրենի լեզվով: Գրելով լատինատառ՝ օգտատերերը պարզապես չեն գիտակցում հասցրած վնասի չափերը. երբ գրում ենք հայատառ, ուշադրություն ենք դարձնում թե՛ ուղղագրության, թե՛ կետադրության վրա, իսկ լատինատառ գրելիս միասահուն նախադասության անհնչուն մտքում անհասկանալի են դառնում դադարներն ու շեշտերը, այլ կերպ ասած՝ անհնարին է դառնում զգացմունքայնության արտահայտումը, որի հնարավորությունն ընձեռում է հայատառ գրելը»,— ասում է նա և ևս մեկ անգամ կոչ անում բոլորին գրել հայատառ,— մայրենիի անաղարտության պահպանումը յուրաքանչյուրիս սուրբ գործն է. եկե՛ք զտենք, մաքրենք ու միայն հարստացնենք մեր ձեռքի զարդը, մեր աստվածատուր ու ոսկեղենիկ մայրենին»։
Ապագա լրագրող Աստղիկ Թամարյանը սկզբում լատինատառ գրողների շարքում է եղել և միայն հայատառին է անցել կուրսում վերջինիս բուռն քննարկման առարկա դառնալուց հետո։ «Առաջին կուրսում անհրաժեշտություն եղավ Ֆեյսբուք սոցիալական ցանցում կուրսի խումբը բացել և նորություններն ու հայտարարությունները այնտեղ տեղադրել։ Այդպես ավելի հասանելի կլինեին հայտարարությունները բոլորին։ Հենց այդ ժամանակ էր, որ առաջ եկավ այն հարցը, թե որը պետք է լինի խմբում գրելու լեզուն՝ հայատա՞ռ, թե՞ լատինատառ հայերենը։ Կուրսի ավագը, ով հայատառ գրելու ջատագովներից էր, խմբում սահմանեց կանոն, որը մինչև վերջ էլ միակը մնաց՝ հայատառի կիրառության կանոնը։ Ճիշտ է, վերջինս բազմաթիվ վեճերի առիթ էր հանդիսանում, բայց փաստը մնում է փաստ՝ առաջին քայլն արդեն արված էր, և կուրսեցիներս սկսեցին աստիճանաբար անցում կատարել հայատառին»,— ասում է նա,— մի մասը, ցավոք սրտի, միայն խմբում էր գրում հայատառ։ Բայց ավաղ այս համատարած ախտը այդպես էլ լիարժեք չբուժվեց։ Իսկ ես, որ նախքան այս կանոնի «ուժի մեջ մտնելը», գրում էի լատինատառ, միանգամից անցում կատարեցի հայատառի։ Այժմ ես լիովին դարձել եմ հայատառի պաշտոնական օգտատերը և սպառողը 😀 »։ Նա նաև հավելեց, որ մինչ հայատառ գրելը չէր մտածում, որ այն այսքան հաճելի է, և հույս հայտնեց, որ մի օր բոլորը կհասկանան, որ պետք է հայատառ գրեն։ «Հայատառ գրելով նախ մեզ, հետո էլ դիմացինին ցույց ենք տալիս, որ ունենք սեփական գիր և հպարտանում ենք դրանով»,— խոսքը եզրափակեց Աստղիկը։
Կարդացեք նաև
Ֆեյսբուքում փոքր-ինչ ակտիվ օգտատերերը երևի թե թեկուզ ականջի ծայրով լսած էլ կլինեն, որ ամեն տարի փետրվարի 7-ին ֆեյսբուքում նշվում է Հայատառի օրը։ «Առավոտ Երիտասարդականն» այդ մասին խոսել է նախաձեռնության հեղինակի՝ Զոհրապ Եգանյանի հետ և փորձել է պարզել, թե ինչո՞ւ և ինչպե՞ս նման նախաձեռնությամբ հանդես գալու ցանկություն առաջացավ։
«Արդեն մոտ տարի է անցել, ինչ սկվեց համացանցում հայատառ գրելու ակցիան, որն ինձ համար սպասվածից ավելի լավ արձագանք ստացավ։ Հետադարձ հայացք գցելով՝ կարող եմ վստահաբար ասել, որ այն հաջողված էր և ինչ-որ առումով նաև բեկումնային եղավ: Հիմա լատինատառ հայերեն կոչվածով անհամեմատ ավելի քիչ թվով մարդիկ են գրում, քան այն ժամանակ էր։ Իսկ մտահաղացումը ծնվեց այն պատճառով, որ լատինական այբուբենի տառերով հայերեն գրողների թիվն այնքան շատ էր, որ արդեն հայերեն տառերով գրելիս մարդիկ սկսում էին սխալներ անել, և դրանք սխալներ էին, որոնց պատճառը հենց լատինատառ հայերենն էր»,- ասում է նա։
Զոհրապ Եգանյանի կարծիքով՝ լատինատառ գրելը սկսվեց այն պահից, երբ մարդկանց կյանք ներխուժեց «Odnoklassniki.ru» սոցիալական ցանցը, և սկզբնական շրջանում հայատառ գրելու հնարավորութուն էլ չկար, և հետո միայն հայ ծրագրավորողներն աշխատեցին և հայատառ գրելու ծրագրեր պատրաստեցին նաև Անդրոյիդ օպերացիոն համակարգի համար աշխատող սմարթֆոնների համար, ipad-ների համար և այլն: Ըստ նրա՝ պատճառը սկզբնական շրջանում հայատառ գրելու հնարավորության բացակայությունն էր, ինչը գնալով դարձավ սովորույթ։ «Սակայն այժմ վիճակը փոքր-ինչ այլ է։ Ամենակարևորն այն է, որ հայատառ գրելը մոդայիկ դարձավ և զարգացումն ի օգուտ հայատառի է: Սա ամենակարևոր ձեռքբերումն է»,— ասաց Զոհրապը և հավելեց, որ այժմ ակնհայտ լատինատառ գրողների պակաս է նկատվում:
Դաթո Աբուլաձե