Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Բարսեղյան. «Հայրիկյանի վրա կրակելը $100 հազարանոց քիլլերի գործ չէր, դա 200 դոլարանոց քիլլերի գործ էր»

Սեպտեմբեր 23,2013 16:29

Այսօր դատարանի վճռով «էպոսագետ» Վարդան Սեդրակյանը դատապարտվեց 14 տարի ազատազրկման եւ մեղավոր ճանաչվեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը պատվիրելու մեջ:

Այս առնչությամբ ֆեյսբուքյան իր էջում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը դժգոհություն է հայտնել դատարանի վճռի հետ կապված. «Հմի որ ես ասեմ, թե Մխիթար Սպարապետին սպանելու հրամանը ես եմ տված եղել, 14 տարի՞ են տալու ինձ: Ինչպե՞ս են մարդուն առանց ապացույցների, մեկի՝ հետ վերցված խոսքի հիման վրա 14 տարի տալիս: Ուրիշ ոչ մի հիմք, եթե դա կարելի է հիմք համարել, չկա ոչ մի ապացույց այն բանի, թե Վարդան Սեդրակյանն է Պարույր Հայրիկյանի մահափորձի պատվիրատուն»:

Aravot.am-ը Լեւոն Բարսեղյանից հետաքրքրվեց՝  ինքը՝ Պարույր Հայրիկյանը բավարարված չէ այդ պատժից եւ գտնում է, որ ըստ նախաքննության, Սեդրակյանին 100 հազար դոլար գումար է փոխանցվել, վերջինս իր ունեցվածքին ոչ համապատասխան ծախսեր է կատարել, դա բավարար հիմք չե՞ք համարում պատժի համար: Նա պատասխանեց. «Ես ուշադիր հետեւել եմ այս գործի ընթացքին, այդպես էլ չկարողացա գտնել որեւէ ապացույց կամ ապացույցների հավաքածու, ըստ որի կարողանայի ինքս ինձ համոզել, որ Վարդան Սեդրակյանը սպանության պատվիրատու է: Դատարանում մեղադրյալներն ասացին, որ ինքը նման պատվեր մեզ չի տվել, դա հակասեց նախաքննականին: Նրանք այդ հայտարարությունից անմիջապես հետո կարող էին խափանման միջոցը փոխել, ինչը չարեցին, երբ այդպես էլ չկար ապացույց:

Ինչ վերաբերում է 100 հազար դոլարին, խի է՞դ տեսակ 100 հազարներ են փոխանցվում սրա-նրա հաշիվներին: Եթե իսկապես այդ փոխանցումը եղել է, միեւնույն է, դա բավարար հիմք չէ մարդուն 14 տարվա ազատազրկման դատապարտելու: Եվ հետո, Պարույր Հայրիկյանի վրա կրակելը 100 հազար դոլարանոց քիլլերի գործ չէր, դա 200 դոլարանոց քիլլերի գործ էր»:

Լեւոն Բարսեղյանի կարծիքով, Պարույր Հայրիկյանը երկար ժամանակ է՝ իր «ես»-ի հետեւից է ընկած. «Երեւի պետք է ուշադիր լինել այդ մարդուն, գուցե մեր հոգսը մի քիչ թեթեւանա: Անընդհատ ես եմ, ես եմ, մեծ բան եմ արել, անկախությունն առանց իրեն չկար, ինքը եկավ, փրկեց բոլորիս: Մեծ բան անողը չի խոսում, համեմատաբար համեստ է լինում: Ես շատ ցավում եմ, բայց լուրջ չեմ վերաբերվում Հայրիկյանի պնդումներին: Չկա գործում որեւէ ապացույց, որն ուղղակի կամ անուղղակի կերպով կապացուցի: Ես չեմ բացառում, որ Սեդրակյանն է պատվիրատուն, բայց ապացույցներ հասարակությունն այդպես էլ չստացավ: Որեւէ մեկը չունեցավ ապացույց, որ այդ մարդը իսկապես պատվիրատուն է այդ մահափորձի: Թե ինչպես դատախազն ապացույցներ ստացավ եւ ինչպես դատավորն ունեցավ՝ հայտնի է միայն երեւի Սերժ Սարգսյանին»:

Ըստ Լեւոն  Բարսեղյանի, Պարույր Հայրիկյանին ձեռնտու է Վարդան Սեդրակյանին տեսնել որպես մեղավոր, քանի որ իր «եսակենտրոնությունը» հաշվի առնելով, ինքը գերադասում է ընդունել այդ վարկածը, որ ՌԴ-ն մեծագույն չարիք է տեսնում Հայաստանի անկախության ռահվիրայի մեջ. «Իր համար շատ հաճելի է ոչ այնքան լավ այդ շինանյութից կառուցել այդ սցենարը, թե Պուտինը նստավ, մտածեց-մտածեց ինչ անի եւ որոշեց Վարդան Սեդրակյանի միջոցով վերջապես վնասել մեր անկախության խորհրդանիշին: Իր ես-ը խելագար ծավալների է հասել, հարկավոր է այդ մարդուն օգնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ Լուսինե Խաչատրյանի. Epress.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նազիկ says:

    Հետաքրքիր ա Լևոնըոնց ա ուշի ուշով հետևել,երբ դատարանում չի եղել,մի գուցե սերժալևոնական մամուլի հրապարակումներո՞վ է կարծիք հայտնում,եթե այո,ասելիք չունեմ,իսկ եթե ինքը հետաքննություն է անցկացրել ինչու արդյունքները չի հրատարակում:Այն որ հետաքննությունը կիսատ է կատարվել,դա Հայրիկյանի մեղքով չի եղել,այլ իշխանական թևի,որ կարողանան ձեր նմանների բերանում լեզու դնեն

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30