Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Արծրունյանի՝ ոչնչացված համարվող որմնանկարը գտնվել է

Սեպտեմբեր 23,2013 16:03

«Ամեն ինչ եղավ շատ պատահական: Մեկ շաբաթ առաջ ինձ է զանգահարում գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը և ասում, որ ծանոթ է եղել Էդուարդ Արծրունյանի հետ և կուզենար ինձ հուշեր պատմել նրա մասին: Ես սիրով համաձայնեցի: Հանդիպման ժամանակ նա նշեց, որ տարիներ առաջ Էդուարդ Արծրունյանի գլխավորությամբ Իջևանում` «Գազպրոմի» հանգստյան տանը, որմնանկարն են ստեղծել: Երբ իրեն ասացի, բայց չէ՞ որ շինությունը քանդվել է, նա զարմանքով հարցրեց. «Քանդվե՞լ է»»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց լրագրող, արվեստաբան Էդուարդ Արծրունյանի ֆեյսբուքյան էջի հիմնադիր և համակարգող Անահիտ Կորյունը:

Անահիտ Կորյունի համար այդ զարմանքը կասկած առաջացրեց, նա հիշեց, որ 4 տարի առաջ Արծրունյանի հետ այս թեմայով խոսել է, որի ժամանակ Արծրունյանը հուզմունքով ասել էր, որ իր միակ որմնանկարն այլևս չկա, քանի որ շենքը քանդել են.

«Հետագայում նկարիչ Կամսարի օգնությամբ իմացանք, որ որմնանկարը գտնվում է նախկին հանգստյան տանը, որն այսօր զորամասի է վերածվել: Որքան էլ զարմանալի թվա, որմնանկարն անվնաս վիճակում է: Այն ստեղծվել է 1989 թ-ին, կոչվում է «Հայաստան»: Մեծ նկարչի գործերը հիմնականում ազգային ու գեղջկական թեմաներով են, որոնցից մեկն էլ այս արժեքավոր որմնանկարն է»:

Արվեստաբանի համոզմամբ, մշակույթի նախարարությունը պետք է արվեստի այս եզակի նմուշն աչքի լույսի պես պահպանի: Զորամասի հրամանատարը իրենց ասել է, որ այս շենքը նախկինում եղել է հանգստյան գոտի, ավելին` շենքի սեփականատերը տեղեկացրել է, որ շուտով շենքը նորից կլինի զբոսաշրջիկների համար հանգստավայր՝ կատարվելիք որոշակի շինաշխատանքներից հետո:

Այս ասուլիսն առաջին հերթին ուղղված է հենց շենքի սեփականատիրոջը` տեղեկացնելու նրան, որ իր տարածքում կա արվեստի այդպիսի եզակի գործ: Արծրունյանի որմնանկարը հնարավոր է երկու կերպ պահպանել` այն կամ պետք է տեղափոխվի նկարչի տուն-թանգարան, կամ սեփականատերը պետք է հանձն առնի այն պահպանել:

Ի դեպ, լրագրողը որմնանկարի հայտնաբերման մասին տեղեկացրել է նաև նկարչի հարազատներին:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30