Այս տարի ապօրինի անտառահատման 292 դեպք է գրանցվել
«Եթե մենք շարունակենք այս տեմպերով հոշոտել անտառը, մարդը կկորցնի իր բանականությունը»,-այսօր գյուղատնտեսության նախարարությունում, անտառի պահպանության եւ ծառահատումների շուրջ կազմակերպված քննարկման ժամանակ, այսպիսի կարծիք հայտնեց պրոֆեսոր Լյուդվիգ Մելքոնյանը: Նրա համոզմամբ, կենսոլորտի ոչնչացման պատճառով է, որ ֆիզիկական արատներով երեխաներ են ծնվում, ամլությունը գնալով ավելանում է եւ այլն:
Նշենք, որ քննարկմանը հրավիրված էին բնապահպան ուղղվածությամբ մոտ 20 հասարակական կազմակերպություններ, սակայն ներկա էին ընդամենը չորսը:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանի տվյալներով՝ 2011 թվականին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից հեռահար զոնդավորման մեթոդով իրականացվել են անտառչափման աշխատանքներ, ըստ որի այսօր ունենք 332 հազար 333 հեկտար անտառ: Անտառածածկ տարածքը կազմում է հանրապետության հողերի 11,2%-ը:
Կարդացեք նաև
Պարոն Մաթեւոսյանի խոսքերով, այսօր կան համայնքային սեփականության հողեր, որոնք ոչ գյուղատնտեսական նշանակության են, եւ եթե դրանք տրամադրվեն անտառին, ապա գոնե ծառատունկ կարվի այդ հողերում: Բացի ապօրինի ծառահատումներից, անտառին մեծ վնաս են հասցնում նաեւ վնասատուները, որոնց դեմ պայքարելու համար օգտագործվում են թունաքիմիկատներ:
Անտառային պետական մոնիթորինգի պետական կենտրոն ընկերության ղեկավար
Արման Ավագյանի տվյալներով, այս տարի անտառհատման 292 հատում է գրանցվել: Մեծ հրդեհ է բռնկվել, ինչի հետեւանքով ոչնչացել են հարյուրավոր ծառեր, Ջրվեժի անտառտնտեսությունում: Պարոն Ավագյանի մեկնաբանություններն առավել մանրամասն` տեսանյութում
Նախարարության Անտառաբուծության վարչության բաժնի պետ Արթուր Պետրոսյանի խոսքերով էլ , այս տարի փոխվել է պետական եւ համայնքային անտառներում բնափայտի մթերման կարգը: Նախ հստակեցվել է, որն է շինափայտը, որը` վառելափայտը, որը՝ փափուկ փայտը, մշակվել են նաեւ մթերման տեղափոխման փաստաթղթային պայմանները, խնդիրներն ու պահանջները:
Հայաստան Ծառատունկ ծրագրի «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամ ծրագրի ղեկավար Վարդան Մելիքյանի ներկայացմամբ, այսօր Հայաստանում տնկարանների խնդիր կա: Ըստ նրա, մեկնում են Վրաստան, որպեսզի անտառտնկման աշխատանքներին առնչվող շատ հարցերի այնտեղ ծանոթանան:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ