Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Բանդայի գործով» դադարեցրեց ամբաստանյալ Արման Դալլաքյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ նրա մահվան պատճառով։
Ամբաստանյալ Քյարամ Ամոյանի պաշտպան Սամվել Հովհաննիսյանը միջնորդություն արեց դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն անցկացնելու մասին։ Պաշտպանն ասաց, որ Քյարամ Ամոյանը գանգուղեղային հիվանդությամբ է տառապում, 2006 թ. «Էրեբունի» բժշկական կենտրոնում նրա մոտ հայտնաբերվել էր գանգուղեղային վնասվածք, իսկ 07.07.2006-ին նա ենթարկվել է վիրահատության։ Բացի գանգուղեղային հիվանդությունից, նրա ձախ երիկամի մեջ հայտնաբերվել է կիստա՝ 2 սմ խորությամբ։
Պաշտպանը հայտնեց, որ այս տարվա հուլիսի 18-ին ստացվել են ստացիոնար դատահոգեբուժական հանձնաժողովի արդյունքները, համաձայն որոնց՝ Քյարամ Ամոյանը սահմանափակ մեղսունակ է ճանաչվել։ Վերջերս դատապարտյալների հիվանդանոցում կտրուկ վատացել է ամբաստանյալի վիճակը եւ նա անգիտակից տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Ի դեպ, նա երրորդ անգամ է տեղափոխվում քաղաքային հիվանդանոց, իսկ 2 անգամ էլ առողջության վատթարացման հետ կապված հետաձգվել են դատական նիստերը։
Պաշտպան Հովհաննիսյանը միջնորդեց դատաբժշկական հանձնաժողովային փորձագետներին ուղղել հետեւյալ հարցերը՝ նման առողջական վիճակ ունեցող անձը կարո՞ղ է պահվել կալանավայրում եւ երկրորդ՝ իր պաշտպանյալի առկա հիվանդությունը դասվո՞ւմ է պատիժը խոչընդոտող ծանր հիվանդությունների դասին։
Կարդացեք նաև
Մեղադրանքը պաշտպանող դատախազ պարոն Երեմյանը անհիմն համարեց պաշտպանի միջնորդությունը, հայտարարելով, որ կալանավորը միշտ գտնվել եւ գտնվում է բուժհսկողության ներքո եւ արված միջնորդությունն էլ վերաբերում է խափանման միջոցին։
Ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը միացավ միջնորդությանը եւ իր կողմից ավելացրեց հետեւյալ հարցը՝ արդյոք այս հիվանդության պայմաններում Քյարամ Ամոյանը կարո՞ղ է մասնակցել դատական քննությանը։ Նա ասաց, որ դատախազի խոսքը ակնարկ էր այն տխուր իրողության, որ դատարաններին թույլ չեն տալիս մտնել քրեակատարողական հիմնարկների «անտառը»: Պաշտպանը նաեւ նկատեց, որ ամբաստանյալի մոտ հիվանդության խորացում է նկատվել։
Հենափայտով դատարան բերված Քյարամ Ամոյանը, որն իր միջնորդության քննության ողջ ընթացքում գլուխը կախ էր, վատ էր զգում, ինչն անգամ տեսանելի էր մեզ, առանց դատարանի թույլտվության՝ տեղից վեր կացավ, որպեսզի հեռանա դատարանի դահլիճից։ Դատավոր Մխիթար Պապոյանը հետ կանչեց նրան, հարցնելով, թե ո՞ւր է գնում առանց նախագահողի թույլտվության։ Քյարամ Ամոյանն ասաց. «Ընկեր Պապոյան, ինձ հետ կապված ոչինչ չկա, ինձ ինչի եք բերում, ես լավ չեմ, ինձ 2 տարի տանում-բերում եք, ես ստեղ եմ ճանաչել իրենց (ցույց է տալիս կողքը նստած ամբաստանյալներին.- Ռ. Մ.), իրենց հետ որեւէ առնչություն չունեմ։ Ես վատ եմ լինում, ասում են՝ գնա, դատարանում վատացի»:
Դատավորը սանկցիա կիրառեց Քյարամ Ամոյանի նկատմամբ՝ նախազգուշացման ձեւով։ Հետո Մխիթար Պապոյանը մտավ խորհրդակցական սենյակ՝ պաշտպանի միջնորդության կապակցությամբ որոշում ընդունելու համար։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ