Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ժառանգության» շնորհավորական ուղերձը Հայաստանի անկախության հռչակման 22-րդ տարեդարձի առթիվ

Սեպտեմբեր 23,2013 14:10

Քսան եւ երկու տարի առաջ այս օրը՝ 1991թ. սեպտեմբերի 23-ին, Հայաստանի Հանրապետությունը վերահռչակվեց անկախ պետություն:

Հայաստանի` հազարամյակներ բոլորած պատմական երթում սա ոսկեզoծ տարեթիվ է եւ արժանահիշատակ իրադարձություն: Սա Ուրարտուից սկզբնավորված մեր թագավորությունների եւ 20-րդ դարում կերտված հանրապետությունների ժառանգորդ Հայաստանի արդի Հանրապետության ծնունդն է: Անկախության վերականգնումը հայության ներկա սերնդի կյանքում ամենամեծ ձեռքբերումն է, որը ենթակա չէ որեւէ նսեմացման կամ զիջման:
Նվիրական տոնի 22-րդ տարեդարձի առթիվ ջերմորեն շնորհավորելով մեր ժողովրդին` ի Հայաստան եւ ի սփյուռս աշխարհի, մաղթում ենք միասնականություն ու նորանոր նվաճումներ` քաղաքական, տնտեսական, ռազմական, մշակութային, գիտական, ի փառս Հայաստանի Հանրապետության:
Միաժամանակ ականատեսը լինելով այն պարսավելի գործունեության, որով ժամիշխանությունը վտանգում է մեր Անկախությունը` փորձելով երկիրը տանել դեպի նոր կայսերական ուղեծիր, մենք զգոնության կոչ ենք անում ամենեցուն` մեկընդմիշտ գիտակցելու, որ եվրոպական քաղաքակրթության օրրան ծառայած Հայաստանի ապագան մեր շահերը ճանաչող ու արժեւորող ժողովրդավարական հանրույթում է:
Հայաստանի որեւէ իշխանակարգ, առավել եւս իշխանությունը բռնազավթած անձը, ով նախ կազմակերպված հանցագործությամբ գողացել է ընտրություններն ու բռնաճնշումներ գործադրել ընդդեմ սեփական քաղաքացիների, ով հայ-թուրքական ապազգային արձանագրություններ է ստորագրել, ով համաձայնություն է տվել նվաստացուցիչ Մադրիդյան սկզբունքներին, իսկ հիմա Մաքսային միությանն անդամակցելու նախաձեռնություն է ցուցաբերում, իրավունք չունի ռուբիկոն հատելու եւ սակարկման առարկա դարձնելու Հայաստանի ինքնիշխանությունը՝ ինչ նկատառումներով եւ ում կողմից էլ «շնորհավորված» լինի: Չընտրված այս իշխանությունը իրավունք չունի Հայաստանն առաջնորդելու դեպի 1921-ի անօրինական ու հակապետական թուրք-բոլշեւիկյան համաձայնության նորովի կրկնություն, որը, ինչպես հայտնի է, հանգեցրեց հայ ազգի հպատակեցման եւ հայրենի բնօրրանի մասնատման:
Դատապարտելով Սահմանադրությամբ ամրագրված պետական ինքնիշխանության հրամայականը խախտող մարդկանց` ցանկացած կայսրության ենթարկվելուն միտված քայլերը, համոզված հայտարարում ենք, որ պետության գլխավոր օրենքն ու տարրական իրավունքն ապահովելու անկարող իշխանությունը պետք է հեռանա` չվտանգելու համար մեր անկախությունը եւ ապագան:
Եվ եթե ինքնահռչակ իշխանությունների քայլերի բացատրությունը քաղաքական շահն է, ապա դրա արդյունքի գնահատման չափանիշը ԼՂՀ անկախության ու ամբողջականության ճանաչումն է եւ նրա ժողովրդի անվտանգությունը:
Սույն իշխանություններն անցողիկ են, Հայրենիքը եւ Ազատությունը՝ հավերժ, ինչպես դարերի մեր երթը: Թող այդ երթը շարունակվի մեր ու գալիք սերունդների ջանքերով` Հայաստանի ծածանվող դրոշի, թեւածող օրհներգի եւ կերտվող հաղթանակների ներքո:

«Ժառանգություն» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30