«Հանուն իրենց իշխանության պահպանման ՀՀ-ի անկախությունը, ինքնիշխանությունը զիջել պատրաստ լինելը հակասահմանադրական քայլ է և պետական դավաճանության մեղադրանքի առաջադրման հիմք»,-Aravot.am-ի հետ զրույցում գնահատական տալով ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի այն կարծիքին, թե «Մենք պետք է պահպանենք մեր անկախությունը, բայց ընդհանուր հարցեր լուծելու համար անկախության որոշ մասեր, ատրիբուտներ կարող ենք զիջել այնպես, ինչպես աշխարհում պետություններն են անում՝ իրենց անկախության մի փոքր մասը զիջելով ու միություն ստեղծելով», , այսպես արտահայտվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։
Նա նշեց, թե պետք էր կարդալ փաստաթուղթը, հետո կարծիք հայտնել. «Եթե գոնե ուսումնասիրեին Եվրասիական տնտեսական միության հիմնադիր փաստաթուղթը , ապա կտեսնեին, որ այդ փաստաթղթում արժեքային որևէ համակարգ, որը համապատասխանում է մեր Սահմանադրության 1-ին հոդվածին, այն է՝ ժողովրդավարական, իրավական, սոցիալական ինքնիշխան պետություն, չկա»:
Պարոն Սաքունցը անդրադարձավ նաև Մաքսային միության անդամ երկրների` որոշում կայացնելու իրավասություններին ու նշեց. «Եվրասիական տնտեսական միության վերազգային, վերպետական մարմինների կողմից որոշում կայացնելիս առաջնային դերակատարություն ունի ՌԴ-ի դիրքորոշումը, քանի որ ձայները բաշխվում են `40 ՌԴ, 15 Ուզբեկստան, 15 Ղազախստան, 7.5 Տաջիկստան, 7.5 Կիրգիզիա: Այսինքն` ՌԴ-ն ունի ակնհայտ գերակշռություն: Վերպետական մարմինների որոշումները պարտադիր են անդամ երկրների համար: Մտնելով այդ միության մեջ` մենք ոչ թե ինքնիշխանության կամ անկախության տարրեր ենք զիջում, այլ անկախությունից զրկվում: Դու ամբողջությամբ պետք է ենթարկվես այդ վերպետական մարմնի որոշումներին, որում առաջնային տեղ ունի ՌԴ-ն: Այս տեսանկյունից Մաքսային միության մեջ մտնելու գործընթացը ակնհայտորեն հակասում է ՀՀ սահմանադրության առաջին և երկրորդ հոդվածներին»:
Մեր այն դիտարկմանը` եթե մինչև այժմ իշխանական թևից այսպես բացահայտ չէին խոսում անկախության տարրերի կորստի մասին, ապա հիմա արդեն բարձրաձայնում են, սա նշանակում է՝ հասարակությանն ինչ-որ բանի՞ են նախապատրաստում, պարոն Սաքունցը պատասխանեց. «Իշխանական թև հասկացություն գոյություն չունի: Կա մի անձ, որը միանձնյա որոշում է կայացնում, ինքն է իշխանության թևը, գլուխը, վիզը, մարմնի մնացած մասերը: Մնացածներն ընդամենը սպասարկում են նրա գործողությունները կամ քմահաճույքները: Այսպիսի մոտեցումը, երբ մարդն առանց խորհրդակցելու, կարծիք հաշվի առնելու որոշում է կայացնում, հետո գալիս հետին թվով բացատրում, ու դա ընդունում են, պոլիտբյուրոյի ժամանակների մասին է խոսում: Դա խոսում է այն մասին, որ այդ ստրկական վիճակը` ենթարկվել տիրակալին կամ առաջնորդին, տիրապետող հոգեբանություն է այն խմբում, որոնք միայն սպասարկուներ են»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ Վարդինե Գրիգորյանի