ՌԴ կառավարության կայքում հայտնված տեղեկությունը , որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հրամանագրով այսուհետեւ Ռուսաստանում ճանաչվելու են միայն 23 երկրի 201 բուհերի դիպլոմներ, աժիոտաժ է առաջացրել մամուլում եւ սոցցանցերում: Շատերը տարակուսանք էին հայտնում, որ այդ ցանկում հայաստանյան բուհերը չկան:
ԿԳ նախարարության արտաքին կապերի եւ սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ դեռեւս 2001-ից գոյություն ունի միջկառավարական համաձայնագիր, որով փոխադարձ ճանաչվում են ՌԴ-ի եւ ՀՀ-ի կրթության, գիտական աստիճանների, գիտական կոչումների բոլոր տեսակի փաստաթղթերը՝ բոլոր մակարդակներում:
«Ինչ վերաբերում է այդ լուրին, ապա որոշումը վերաբերում է այն համալսարաններին, որոնց գտնվելու վայրի՝ պետության հետ ՌԴ դաշնությունը նմանատիպ համաձայնագիր չունի եւ այնտեղ ֆիքսված է՝ բացառությամբ այն երկրների, որոնց հետ գոյություն ունեն միջպետական համաձայնագրեր: 23 երկրների 201 բուհերը այն բուհերն են, որոնք միջազգային վարկանիշավորման աղյուսակներում առաջատար բուհեր են, սակայն նրանց երկրների հետ Ռուսաստանի Դաշնությունը համապատասխան համաձայնագրեր չունի, հետեւաբար հարց է առաջացել ՌԴ-ում ճանաչելու այդ բուհերի փաստաթղթերը եւ նմանատիպ որոշում է ընդունել կառավարության կողմից: Մեր պարագայում նման համաձայնագիրը կա, կա նաեւ համաձայնագիր ԱՊՀ տարածքում փաստաթղթերի փոխճանաչման մասին, առկա է ամբողջական իրավապայմանագրային բազան՝ կառավարության որոշումներով, իրավական ակտերով»,- նշեց վարչության պետը:
Նաեւ հավելեց, որ Հայաստանում եւ Ռուսաստանում փոխադարձաբար ճանաչելի են ոչ միայն դպրոցական, այլեւ միջին մասնագիտական , բարձրագույն կրթության եւ հետբուհական բոլոր տեսակի փաստաթղերը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ