Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես սիրում եմ, բայց շատ անզգույշ գտնվեցի». Մանվելի պատմությունը

Սեպտեմբեր 23,2013 13:11

«Ծուղակ սարքողն ինքն է մեջն ընկնում».  այս հայտնի խոսքերի ճշմարտությունն է ապացուցում նաև Մանվելի պատմությունը, թեկուզ եթե այդ ծուղակն ամենևին էլ վատ նպատակ չէր հետապնդում:

«Հասմիկի հետ միասին դասընթացների էինք հաճախում, ընկերներ էինք, իսկ հետո նա դարձավ ինձ համար աշխարհում ամենաթանկ մարդը, – այսպես սկսեց իր պատմությունը Մանվելը, – օրվա մեծ մասը միասին խոսելով էինք անցկացնում, զրուցում էինք` թե՛ բջջայինով, և թե՛ սոցցանցի միջոցով, խոսում էինք ամենատարբեր թեմաներից, բայց ես որքան էլ փորձում էի հայտնել նրան իմ զգացմունքների մասին՝ չէր ստացվում, բացի այդ վախենում էի, որ իմանալուց հետո էլ չցանկանա ինձ հետ շփվել»: Մանվելի վախը տեղին էր, Հասմիկը զգացել էր ամեն ինչ ու առանց նույնիսկ Մանվելի խոստովանության, արդեն խոսուսափում էր նրա հետ շփումից: Անթիվ նամակներ, անպատասխան հեռախոսազանգեր ու ծաղիկներ… Հասմիկը վճռական էր տրամադրված. Մանվելին արդեն տեսնել չէր ուզում: «Երկար ժամանակ էր` փորձում էի եզրեր փնտրել նրա հետ հանդիպման, ամեն ինչ անում էի, բայց ոչինչ չէր ստացվում ու մի օր էլ հերթական հաղորդագրությունն ուղարկելիս այնքան բարկացած էի, որ վիրավորական բառեր պարունակող երկար նամակ էի գրել, բայց չէի պատրաստվում ուղարկել, երբ նկատեցի որ հաղորդագրությունն արդեն ուղարկված է, – ասում է Մանվելը, – զայրույթից հեռախոսը գետնին խփեցի, մաս-մաս արեցի, բայց ոչինչ չէր փոխվի, հաղորդագրությունն արդեն Հասմիկի բջջայինին էր ուղարկվել»: Այդ նամակը ևս անպատասխան մնաց, դրանից հետո էլ Մանվելը ամոթի զգացումից չհանգստացած էլ չէր գրում Հասմիկին, ու ոչ էլ զանգում էր, ասում է՝ չգիտեր ի՞նչ ասել, ինչպես ներողություն խնդրել, բացի այդ՝ համոզված էր՝ Հասմիկը չի հավատա: Մեկ շաբաթ հետո Մանվելը որոշում է սոցցանցի միջոցով խոսել Հասմիկի հետ, բայց արդեն ոչ թե իր, այլ ընկերոջ անունից: «Ընկերոջիցս իմացա գաղտնաբառը, ընկերացա Հասմիկի հետ ու սկսեցինք խոսել, այդպես գրեթե 3 ամիս, նա չգիտեր, որ ես ոչ թե Արմենն եմ, ում անունից որ գրում եմ, այլ Մանվելը, ով գուցե երբեք էլ չկարողանա մոռանալ նրան», – ասում է Մանվելը: Ամիսներն այնքան երկարեցին, որ հերթը հասավ նաև հանդիպմանը. «Արմենին խնդրեցի իմ փոխարեն գնալ Հասմիկի հետ հանդիպման, պատմեցի ինչից ենք խոսել այսքան ժամանակ, ինչ թեմաներ ենք արծարծել ու խնդրեցի կես ժամով հանդիպել Հասմիկի հետ, որպեսզի այս ամիսների մեր շփումը ապարդյուն չլինի»: Արմենը համաձայնվեց, գնաց հանդիպման, բայց ցավոք, Մանվելն անհեռատես էր գտնվել, հանդիպումից օրեր չանցած Հասմիկը խոստովանեց, որ սիրում է Արմենին՝ առանց մտածելու, որ այդ ամիսներին նա զրուցել ոչ թե Արմենի, այլ Մանվելի հետ: Փաստորեն Մանվելն ավելի մեծ խնդրի առջև էր կանգնել, քան պատկերացնում էր, ասում է. «Չգիտեի՝ ի՞նչ անել, ինչպես ասել նրան, որ այն անձը, ում մասին ամեն օր լավ խոսքեր է ասում՝ ես եմ, այն անձը, ում նա սիրահարվել է՝ ես եմ: Բայց սուտը երկար ճամփա չունի, ամեն ինչ ի վերջո բացահայտվեց, ես փորձեցի ներողություն խնդրել, բացատրել Հասմիկին ամեն ինչ, բայց միևնույն է՝ նա շատ վատ վիճակում էր, ոչինչ լսել չէր ուզում»: Մանվելը կարծում է՝ ոչ նամակները, ոչ էլ հեռախոսազանգերը, ոչինչ չէր փոխի իրավիճակը. «Ես սիրել եմ ու մինչև հիմա էլ սիրում եմ Հասմիկին, բայց գիտակցում եմ իմ սխալը ու նրան էլ եմ հասկանում, ես էլ իր փոխարեն լինեի, գուցե չներեի, շատ անզգույշ գտնվեցի – անկեղծանում է Մանվելը, – ես փորձեցի հարթել ամեն ինչ, բայց հակառակը ստացվեց, այնուամենայնիվ ինձ երբեք ու ոչինչ չի խանգարի սիրել Հասմիկին, հուսով եմ՝ մի օր կների ու կհասկանա ինձ»:

Տիգրանուհի Թասլակյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30