Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Բարսեղյան. «Գուցե մի օր էլ Սերժ Սարգսյանը որոշի, որ ՀՀ-ում տղամարդիկ պիտի գլուխները խուզած ման գան»

Սեպտեմբեր 23,2013 12:37

«Սերժ Սարգսյանի կլանի խոսքերն ինչպե՞ս մեկնաբանեմ»,-Aravot.am-ի հարցին արդյոք համամի՞տ է ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի այն կարծիքին, թե «Մենք պետք է պահպանենք մեր անկախությունը, բայց ընդհանուր հարցեր լուծելու համար անկախության որոշ մասեր, ատրիբուտներ կարող ենք զիջել այնպես, ինչպես աշխարհում պետություններն են անում՝ իրենց անկախության մի փոքր մասը զիջելով ու միություն ստեղծելով», այսպես պատասխանեց Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Նա նշեց, որ «այսպես իշխանությանը պաշտպանող մարդիկ ինչի ասես ընդունակ են, նրանք իշխանության պաշտպաններն են, ով էլ իշխանություն լինի» ու մանրամասնեց. «Եթե վերևից հրաման է գալիս պաշտպանել աղի ամանը, կամ մոխրամանը, այդ մարդիկ սկսում են պաշտպանել մոխրամանը: Հետո, երբ հրաման է գալիս ծխելու դեմ պայքար մղել, սկսում են դրա դեմ պայքարել, մյուս օրը մոխրամանը պաշտպանել կսկսեն: Այդ մարդիկ , ովքեր պատրաստ են անկախությունից մաս, անկախության ատրիբուտներ զիջել, Հայաստանի պետական կառավարման համակարգում տեղ չպիտի ունենան: Կարող են լինել քաղաքացի, ապրել ՀՀ-ում, ուտել- խմել չաղանալ, իրենց երեխաներին Վասյա, Իվան, Սերյոժիկ կոչել, ռուսերեն խոսել, բայց պետական իշխանության համակարգում տեղ չունեն: Այդ ոլորտում նման մարդկանց առկայությունը խոսում է երրորդ հանրապետության խայտառակ ձախողման մասին»:

Պարոն Բարսեղյանը կարծում է, որ այսպիսի մարդը «կարող է ասել բերեք դրամական միավոր, զորք, բանակ չունենանք և այլն»:

Լևոն Բարսեղյանը խորհուրդ է տալիս. «Այդ տեսակ մեղսունակության մակարդակով իշխանությանը սատարել կամ պաշպանե՞լ… Ի՞նչ է եղել, թող գնա իր համար ապրի, պարտադիր պետք է իր հեղինակավոր կարծի՞քն ասի»:

Մեր հարցին` այս հայտարարությունը կարելի՞ է իշխանության ուղերձը համարել` հնչած Ռաֆիկ Պետրոսյանի շուրթերից, պարոն Բարսեղյանն այսպես պատասխանեց. «Իհարկե, այո, չասեն էլ, հասկանալի է: Մարդ, որ ՀՀ-ի անունից գնում միանշանակ բաներ է ասում` դրա իրավունքը չունենալով , նա ընդունակ է տանուլ տալ ՀՀ-ի երրորդ հանրապետությունը: Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին բոլոր մեսիջներն ասել է, որ ձեր փոխարեն որոշել եմ ՀՀ-ն մտցնել այս կամ այն միության մեջ: Ուստի Ռաֆիկ Պետրոսյանի, կամ Պետրոս Ռաֆիկյանի հայտարարությամբ չէր, որ այդ պետք էր հասկանալ»:

Լևոն Բարսեղյանը նաեւ հավելեց. «Սեպտեմբերի 3-ի հայտարարությունից հետո կարող է էն տեսակ անհեթեթ բաներ լսենք, որ էլ չզարմանանք: Մարդը ՀՀ-ի անունից հայտարարություններ է անում: Բայց ՀՀ-ն ոչ նման ցանկություն ունեցել է ու ոչ էլ հայտնել, այ մարդ, այդ ո՞նց է եղել, որ այդ մասին միայն ինքն է իմացել»:

Մեր այդ հիշեցմանը, թե իշխանական թևը հայտարարում է, որ Անվտանգության խորհրդում հարցը քննարկել էն, Լ. Բարսեղյանը պատասխանեց. « Մեզնից գաղտնի չգիտեմ ինչ են քննարկել: Անգամ եթե Սերժ Սարգսյանի անվտանգության խորհուրդը նման բան է գտել, դա չի նշանակում, որ ՀՀ-ն ցանկություն է հայտնել: Եթե Սերժ Սարգսյանի ասածը բացարձակ ճշմարտություն է, բայց ինձ համար այդպես չէ, գուցե մի օր էլ որոշի, որ ՀՀ-ն շորտիկներ պիտի հագնի, կանայք բրիջի պիտի հագնեն, տղամարդիկ գլուխները խուզած ման գան, եսիմ ՀՀ-ն նման կարծիք հայտնե՞լ է, կամ որտե՞ղ է հայտնել, ո՞ւմ է հայտնել»:

Պարոն Բարսեղյանը ելքի միակ ճանապարհը համարում է իշխանափոխությունն ու եզրափակում. «Առաջ էլ մի բան չէր, բայց սեպտեմբերի 3-ը եկավ, վերջ դրեց ու ապացուցեց, որ այս իշխանությունը ադեկվատ չէ, ակնհայտորեն ցույց է տալիս անմեղսունակության դրսևորումներ»:

Լևոն Բարսեղյանը շեշտեց, որ նման որոշումներ կայացնելու համար բոլոր այլ երկրներում պատժվել են կամ պատմության, կամ որևէ մեկի կողմից:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Զորիկ Գալստյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Համլետ says:

    Դասական առումով Ռաֆիկ Պետրոսյանն իրավացի է,անկախ բոլոր հանգամանքներից:Այլ հարց է,թե նա հաստատուն նույն կարծիքին է եղել միշտ,թե՞ տիգրանսարգսյանների,գալուստսահակյանների,շարմազանովների նման առավոտ մի բան է ասել,երեկոյան տրամագծորեն հակառակը…
    Ինչ մնում է Բարսեղյանի թվարկած ու չթվարկած եվրոպական արժեքներ շորտիկներին,բրիջներին,գեյերին և այլն,ապա պետք է հասարակությունն ինքը որոշի իր կենցաղային բարոյազրկման սահմանագիծը…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30