Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Անըմբռնելին մասամբ ըմբռնելի

Սեպտեմբեր 23,2013 12:23

Տարիների հեռվից, երբ հետադարձ հայացքով դիտարկում եմ ՀՀՇ-ի՝ պետականաշինությանը միտված առաջին քայլերը, թույլ տված խոշորագույն սխալը, ըստ իս, պետանվտանգության արխիվները չբացելն էր և այն անձանց անուն-ազգանունների չհրապարակումը, ովքեր ժամանակին կամա-ակամա համագործակցել էին այդ ահասարսուռ կառույցի հետ: Այո, պետք է օրենքի ընդունմամբ բացառվեր օրենսդիր, գործադիր, դատական համակարգերում նմանների հետագա պաշտոնավարումը: Հետապնդման, հանրային պարսավանքի ենթարկելը արգելող կետ նույնպես պետք է ներառեր օրենքը՝ կանխելով հանրության հնարավոր երկատումը:

Ավելին, կարծում եմ, ճիշտ կլիներ ներքին գործերի գերատեսչությանն աջակցածների վրա ևս տարածվեր կարգը: Այդ դեպքում չէինք ունենա այն, ինչ ունենք այսօր, իշխանության լծակներին չէին տիրի ապաբարոյական, ապազգային, անգործունակ տարրերը, պետության անիվը տեղապտույտ չէր տա, հետընթացին միտված հեռագնա քայլեր չէին արվի:

Գերագույն Խորհրդում խնդիրը, եթե մտաբերում եք, թեթևակի բարձրացվեց, բայց թե ինչու հետևողականություն հանդես չբերվեց, Բալթյան, Արևելյան Եվրոպայի երկրներից որոշների պես խոսքից գործի չանցանք, ում պարտադրանքով և ինչու գոց մնաց վարագույրը, անհայտ է:

Քաղաքական գործիչ, քաղաքական վերլուծաբան ինձ երբևէ չեմ համարել, ուստի այլևս իրավունք չեմ վերապահի քննել համապետական քայլեր, որոնց ի մոտո կանգնած չեմ եղել, սակայն անձիս առնչվող իրողություններ կան, որոնք ետին թվով հրապարակավ մանրադիտակի տակ առնելը զանցանք իսկ չեմ նկատում:

Եվ այսպես. ՀՀՇ վարչությունը որոշել էր ԳԽ-ի ընտրություններում իմ թեկնածությունը առաջադրել Երևանում: Լուսահոգի Այդին Մորիկյանի խնդրանքով ընտրությունը կանգ էր առել Բաղրամյան շրջանի վրա: Քանի որ ծնունդով Թալինից էի /գյուղ Մաստարա/ և մասամբ ծանոթ հարևան շրջանի նիստուկացին, աջակցելու նպատակով Այդինի հետ գնացի ընտրողների հետ առաջին հանդիպմանը, ելույթ ունեցա…

Երկու օր անց վարչության նիստերից մեկում հորդորեցին թեկնածությունս առաջադրել Բաղրամյանում. հիմնավորումն այն էր, թե Մորիկյանը հրաժարվում է անծանոթ շրջանից, իսկ ամենահարմարը ես եմ: Անբնականը դա չէր, այլ այն, որ ՀՀՇ տեղական կառույցից ևս մեկը թեկնածու էր առաջադրվել: Գլխավոր մրցակիցը, իհարկե, կուսշրջկոմի առաջին քարտուղարն էր, ում դեմ ուժերը ի մի բերելու փոխարեն, վարչությունը չեզոք դիրք բռնեց, թեև հրապարակավ պաշտպանյալ թեկնածուն էի:

Կային տեղացի նախկին ծանոթ-բարեկամներ, ովքեր մտերմաբար խորհուրդ էին տալիս ինքնաբացարկ տալ, քանզի,- ասում էին,- արդեն վարչության հետ պայմանավորվածություն կա, և ընտրատարածքը զիջվել է կոմկուսին: Չէի հավատում, մտածում էի՝ մրցակցի մոգոնած խաղեր են, հոգեբանորեն ազդել են կամենում վրաս: Մտքումս անգամ խորհուրդ տվողների նանրությունից էի սարսռում՝ ինչպե~ս կարելի է բարեկամ լինել, մտերիմ ներկայանալ, բայց հանձնառու դառնալ: Կարճ՝ ընտրություններում լցոնումներով, ճնշումներով հաղթեց կուսշրջկոմի առաջին քարտուղարը, ում հետո վստահվեց գյուղատնտեսության գծով հանձնաժողովը:

Նմանօրինակ մի տարբերակի էլ առնչվեցի Ավանում. ընտրատարածքներից մեկը թափուր էր, և վարչությունը, թեև դեմ էի, իբր, սիրտս առնելու համար առաջադրեց իմ թեկնածությունը: Այստեղ ևս, պարզվեց, ՀՀՇ տեղական կառույցից մեկը դրել է թեկնածությունը և մտադիր չէ ինքնահրաժարականի: Արդյունքում՝ հաղթեց և պատգամավոր դարձավ ոստիկանության համակարգի նախկին աշխատակիցը՝ մի հետադեմ, դառնախոհ բիզնեսմեն՝ իրավաբանի վկայականով: Մինչ օրս հետևություն անել չեմ ուզում, ինքս ինձ համոզում եմ, թե անփորձության, համակարգված աշխատելու անկարողության վկայություն է, ինչ պատմեցի, մյուս կողմից…

Ինձ առնչվող ևս մի միջադեպ. Տիգրան Հակոբյանից հետո հեռուստառադիոպետվարչության տնօրենի պաշտոնը զգալի ժամանակ թափուր էր: ՀՀՇ երրորդ համագումարում այլոց կողմից վարչության անդամի թեկնածությանս առաջադրումից հետո ինքնաբացարկ էի տվել և այլևս քաղաքականությամբ չէի զբաղվում: Իսկ պատճառները չորսն էին. առաջին՝ Շարժումը կուսակցություն էր դարձել, երկրորդ՝ համարում էի, որ հեռուստատեսության աշխատողը չպետք է քաղաքականացված լինի, երրորդ՝ մի ձեռքով երկու ձմերուկ բռնելը, թերևս, հնարավոր էի համարում, սակայն՝ ապաբարոյական և չորրորդ՝ տեսել էի, թե ինչպես էին բրտորեն ՀՀՇ վարչությունից վտարել նրանց, ովքեր ընդունվող որոշումների քննարկման ժամանակ հանդգնում էին այլ դիրքորոշմամբ հանդես գալ /միահեծան կառավարման ծիլերն արևերես էին ելել՝ մոռացության մղելով սկզբնական շրջանի բուռն քննարկումների, ընդհանուր կաթսան լցված մտքերից, առաջարկներից առավել տրամաբանականի ընդունումը/: Ինչևէ… չհեռանամ պատմելիքիցս, իսկ ծալքերը թեթևակի բացեցի, որպեսզի ասեմ՝ ինձ ոլորտի ղեկավար չէի տեսնում, առավել ևս՝ չէի հավակնում:

Սովորական աշխատանքային մի օր առավոտյան անսպասելի զանգ հնչեց /քանի որ ստեղծագործական միավորման տնօրեն էի, ունեի կառավարական հեռախոս/: Վարչապետ Հրանտ Բագրատյանի օգնականն էր և կամ խորհրդականը, ստույգ չեմ հիշում: Ողջունելուց հետո, թե՝ այսօր երեկոյան ժամը ութին կգաք վարչապետի մոտ ընդունելության, պարոն Բագրատյանը ձեզ է նպատակահարմար տեսնում պետական հեռուստատեսության գլխավոր տնօրենի պաշտոնում: Այդքան:

Պահանջված ժամին կառավարությունում էի, վարչապետի ընդունարանում: Երեք-հինգ րոպե սպասեցնելուց հետո մեկը, ում դեմքով չէի ճանաչում, մոտեցավ, թե պարոն Բագրատյանն այսօր ընդունել չի կարող, հայցում է Ձեր ներողամտությունը, իսկ առաջիկա հանդիպման համար լրացուցիչ կտեղեկացնենք: Թե ինչ էր կատարվել այդ կարճ միջոցում, դարձյալ անտեղյակ եմ: Փաստն այն է, մի քանի օր անց հիշյալ գործին նշանակվեց մեկ ուրիշը: Չեմ ասում, թե անձկում էի այդ հույժ պատասխանատու դերին, ավելին՝ հանդիպման ժամանակ ազատ գործելու հնարավորության որչափի պայմաններն էի քննարկելու ու դարձյալ բաներ:

Հետագայում հանրային անվանյալ հեռուստատեսության գլխավոր պատասխանատուի պաշտոնին առնչվող մի միջադեպ ևս հիշեցի, ինչը նույնպես վկայում է, թե որքան ստվերային համաձայնություններ էին կայացվում հանրույթից թաքուն, որոնք վերջնարդյունքում պատճառ էին դառնում նորանոր հիասթափությունների և կառավարման ժողովրդավար համակարգի խարխլման:

Հանրապետության առաջին նախագահի հրաժարականից հետո, երբ արտահերթ ընտրություն նշանակվեց, ՀՀՇ-ն արտաքուստ չեզոք դիրք բռնեց, բայց…

Հեռուստատեսությունում թեև տնօրենի փոփոխություն դեռևս չէր կատարվել, գործողի համաձայնությամբ ու նրան զուգահեռ ակտիվ դերակատարություն ստանձնեց Տիգրան Նաղդալյանը, ընտրության օրը, հո, լիակատար տեր ու տնօրենն էր՝ չունենալով ոչ մի իրավասություն, իսկ Ռոբերտ Քոչարյանի կենտրոնական շտաբից քարոզչության փուլում թե ուղղակի և թե միջնորդավորված հրահանգներ էին գալիս՝ ում եթեր հրավիրել, նույնիսկ ինչ հարցեր ուղղել:

Չեմ կարող չասել՝ ՀՀԴ ներկայացուցչից, ով հիմա էլ պատգամավոր է, իսկ այն ժամանակ շտաբ էր ղեկավարում, տարբեր օրերի անթաքույց տասը անձի անուն է առաջարկվել, որոնցից միայն մեկին չմերժեցի, ինչը պայմանավորված էր ոչ թե նախագահի այս կամ այն թեկնածուին համակրել-չհամակրելով, այլ իր մասնագիտությունը հարգող, քաղաքացիական արժանապատվություն ունեցող անձի դիմադրություն էր պետական մեքենայի տոտալ ճնշմանը, երևույթ, որն առկա էր նաև 1996-ին, երբ ուժային նախարարությունների ղեկավարներն էին ստանձնել իշխող կուսակցության թեկնածուի բացահայտ քարոզչությունը՝ ի պաշտոնե չունենալով դրա իրավունքը:

Գիտեմ, նախկին համախոհներիցս շատերը, եթե սույնն ընթերցելու պատեհությունն ունենան, նեղսրտելով կասեն՝ կարիք կա՞ր ծածկոցը ետ տանելու, այդքան տարի լռել էիր, ինչո՞ւ հիմա, այն էլ՝ Անկախության տարեդարձի օրերին… Գուցե լինեն այնպիսիք, ովքեր նեղ անձնական վիրավորանքի, չբավարարված հավակնությունների հետևանք-արդյունք համարեն բացախոսությունս: Այդու հուսով եմ, կան խորքից ճանաչողներ էլ, ում համար այն անձնավորությունն եմ, ով չի փոխվել, նման է իրեն, սակավ է արտահայտվում, բայց եթե ասում է, ապա՝առանց հետին մտքի, ճշմարտությանը նպաստ բերելու մղումով…

Արամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Spartak says:

    Արամ ջան, իրոք, ճիշտ նկատեցիր՝ ծածկոցը բարձրացնել-չբարձրացնելը քո գործն է, բայց ծածկոցի տակից ընտրություն անելն է կարևոր:Ես քեզ լավ եմ ճանաչում և երբեք չեմ կասկածել ազնվությանդ վրա:Լրագրողական գիտելիքներդ էլ հարգանքի են արժանի:Փաստորեն չեմ իմացել, որ այդքան միամիտ ու դյուրահավատ մարդ ես եղել:Դու ո՞նց կարող էիր պատգամավոր դառնալ կամ հեռուստատեսության ղեկավար:Դո՞ւ՝ քո այդքան ազնվությամբ ու միամտությամբ:Միամիտ էիր, որ այդքան հավատում էիր ՀՀՇ-իդ:/Թեկուզ Բագրատյանի հետ կապված միջադեպը/: Չգիտեմ՝ հիասթափվե՞լ ես, թե՞ ոչ քո կուսակցությունից, բայց կուզեի մոռանայիր ամեն ինչ ու ապրեիր քո ներկայով: Մի բարձրացրու ծածկոցը, միջակությունների հեղեղ կսկսվի, որոնց պատճառած վնասները մինչ օրս շալակած տանում ենք:Հիշիր, թե ովքեր նստեցին հեռուստատեսության նախագահի աթոռին:Նրանցից մեկը՝ քո գործընկերը:Աբսուրդ:Նրա նշանակումով պարզ դարձավ երկրի ղեկավարման ամբողջ պատկերը:

  2. Aram says:

    Սպարտակ, դյուրահավատությունն արժեք է՝ արժանի փայփայանքի, արժեք, որը կրում էր մեր ժողովրդի ճնշող մասը և որն այնքա~ն բուռն ի հայտ եկավ Համազգային Շարժման առաջին տարիներին, այն որակ է, ինչը դարերի հոլովույթում, բարեբախտաբար, պահպանել է հայության արիական հատվածը… Տեղը չէ ծավալվելու, ուստի չեմ շարունակում, բացի դա, հնարավոր է, տպավորություն ստեղծվի, թե միջնորդավորված անձնագովք եմ անում: Կուսակցության առումով թյուրիմացություն է առկա գրածոյումդ. երբևէ կուսակցական չեմ եղել, հոդվածում էլ մեկնիմեկ ասված է, որ ՀՀՇ-ից հեռանալու պատճառներից մեկը Շարժման՝ կուսակցություն դառնալն էր…

  3. Հայկանուշ Մեսրոպեան says:

    Նշան Պէշիկթաշլեան.
    ՏԱՐՕՆՑԻՆ

    [49] Ահաւասիկ Հայը։
    Ոչ միայն անպակաս ու անխառն, այլ` յորդազեղ։
    Ահա հարազատ Հայաստանցին, որուն մօտենալով` կը զգաս, թէ կը
    մատչիս հայրենի լեռան մը։
    Կարծես Քաջ Վարդանի թոռն է ան, Մեսրոպի աշակերտը եւ Սասունցի
    Դաւիթին աղբօր տղան։
    Իր հոգիին ամէն կողմը բռունցք է` ուղղուած աշխարհի անիրաւութեան
    դէմ, եւ իր մարմնոյն ամէն կողմը սիրտ է` բաբախող հայ ազգէն եկող
    ապերախտութեան դէմ։
    -Ազգի համար մեռանք, կորանք, ազգը մեզ մոռցաւ։
    Ո՛չ։ Տարօնցին անմոռանալի է, եթէ նոյնիսկ բոլոր մարդերուն
    ապերախտութիւնը ազգը ծախու առնէ ու թխմէ իր մէջ։
    Եւ, սակայն, ո՞վ է սա «ազգ»ը։ «Ազգ»ը Տարօնցին է նախ։
    Դժբախտաբար, մեր մէջ ազգը դրամն է։ Աւելի ճիշդ, դրամի տէր եղողներն են,
    որ կազմած են ազգը։
    Ազգը ոգի է նիւթ ըլլալէ առաջ։ Ու Տարօնցիին շունչին մէջ կը զգաս այդ
    ոգիին ջերմութիւնը, բոյրը, շարժը։
    Հայուն ազգային դիմագիծերը գտնելու համար պէտք է մօտենալ
    Տարօնցիին։
    Մանկութեանս Պոլսոյ մէջ առիթը ունեցած էի տեսնելու հազար տեղէ
    եկած Հայեր։ Տղու բնազդս, [50] սակայն, իրական Հայաստանցին կ’ընդունէր
    Տարօնցին։
    Ինծի այնպէս կը թուէր, թէ այդ միամիտ, յամառ, քաղցր ու կտրիճ
    Տարօնցիին կուրծքին տակ կ’ապրի արծիւ մը, որ թշնամին է բոլոր օձերուն։
    Մանկութենէս մինչեւ հիմա յուսախաբութեան չար քամին ինչե՜ր թափեց
    գիտակցութեանս առջեւ։ Տարօնցին զիս յուսախաբ չըրաւ։ Ընդհակառակն,
    որքան ճանչցայ զինքը, ան աւելի բարձրացաւ։ Իր պատմութիւնով, իր
    դիւցազնավէպերով, իր երգ ու պարով, իր ձայնով եւ, իբր հարազատ
    հայկական ծառ, պահած աւանդապաշտութեամբ, իր արմատներուն
    կենսունակութիւնը, իր տոհմական ոճը, իր հայրենի աւիշը, իր որդան
    կարմիրը եւ մշտադալար կանանչութիւնը։
    Շնորհալի գիժն է Տարօնցին` վարձատրուած Ս. Կարապետէն։ Իր միակ
    լարախաղացութիւնը սուրբին անունով կ’ընէ։
    Յամառ է Տարօնցին։ Ադամանդը կը փշրուի` իր յամառութեան
    զարնուելով։
    Փեթակի մը կը նմանի։ Անզգուշ շարժում մը ու կը խայթուիս, եւ սակայն,
    աւելի մօտենալով, կը գտնես անմահական մեղր։
    Իր հոգիին մէջ խօսքեր կան, այդ խօսքերէն դուրս ոչ մէկ խօսք չի լսեր։
    Իր հոգիին մէջ պատկերներ կան, այդ պատկերներէն դուրս ոչ մէկ պատկեր չի
    տեսներ։ Իր էութեան մէջ տարածուած է Տարօնը։ Անկէ դուրս հայրենիք
    դժուարին կուգայ ըմբռնել։ Ան կ’ըսէ.
    -Ա՜հ, մըր սարեր, մըր հողեր, մըր քարեր, մըր աշխարհ…
    Անիկա կ’ըսէ նաեւ, նոր օրերու ուխտով մը.
    -Զիմ հայ անուն կ’ուզիմ պահիմ, էնով ապրիմ, էնով լէ մեռնիմ։
    Վա՜յ անոր, որ փետուրի մը շուքով կը դպի իր ազգային [51] սրբութեան։
    Տարօնցին կ’ալեկոծի` իբր ծով դիւրաբորբոք եւ ապառաժները կը սկսի աղալ։
    Տարօնցիին լեզուն լեռները պատմուճանող ծաղիկներն են, որուն մէջ
    մարդ արբեցումէ արբեցում կը թաւալի։ Տարօնցիին պարը այդ
    ծաղկաստանին հովն է, իր երգը՝ Աստղիկի բերնէն առնուած սրինգն է։
    Անշուշտ, Տարօնցին անթերի էակ մը չէ։
    Ունի նեղութիւններ իր հոգիին մէջ։
    Իր մտքին մէջ` նեղութիւնը ազգութեան գաղափարապատկերին։
    Իր կուրծքին տակ նեղութիւնը հայրենիքի քարտէսին։
    Ու նեղութենէն՝ խաղերը «Տարօն» բառին վերջաւորութեան.
    Տարօնական, Տարօնականութիւն։
    Եւ նեղութենէն ամլութիւնը` տալու արծուիկներ, նոր սերունդին մէջ։
    Այս ընթացքով օր մը Ազգն է, որ կրնայ ըսել.
    -Լաօ, Տարօնցիին համար մեռանք, կորանք, ու Տարօնցին մեզ մոռցաւ։
    Իրաւացի պիտի ըլլայ այս դատապարտութիւնը, քանզի
    ազգապահպանումին խորքին մէջ մեծ մասով տարօնապահպանումը կայ։
    Մեր պահել ուզած գիրն ու լեզուն, պատմութիւնն ու հէքեաթը, երգն ու պարը
    եւ ուխտն ու հոգին Տարօնցիինն է առաւելապէս։
    Ան է հնօրեայ գանձապահը դարերէն եկող մեր հարստութեան։
    Թող լայն ըլլայ իր արիւնին կանանչը մեր մէջ։
    -Եա Մշոյ Սուլթան Սըբ Կարապետ։

    • Aram says:

      Հայկուշ, զորանաս, որտեղ ես, պատշաճությունից ելնելով, դադար եմ տվել, դու ի տեղի շարունակել ես՝ բացելով Նշան Պեշիկթաշլյանի նախշկեն «գորգի” ծալքերը…

  4. Հրանտ Պապիկյան says:

    Այդ Ձեզ է թվում, որ այդ արխիվները չեն բացվել…, բայց հարցրեք որևէ КГБ-ականի, որը ծառայել է 92-93թվերին, թե ինչպես մի օր եկան գործի և չկարողացան ներս մտնել, որովհետև ՄԵՆՔ, որ այդ ժամանակ կոչվում էինք ՄՀՆՋ կամ ОМОН, գիշերը գրավել էինք այդ բոլորի համար սարսափելի շենքը… կամ մեզ` ОМОН-ականներիս հարցրեք, թե ինչ էր կատարվում այդ արխիվներում երեք օր շարունակ և քանի մեքենա դոսյեներով ու պապկաներով բարձված դուրս տարվեց այդտեղից: ՀՀՇ-ն իր կառկառուն դեմքերի դոսյեները կորցնելուց բացի մի շատ լուրջ հարց ևս լուծեց`ԿԱԴՐԱՅԻՆԸ: Հենց այդ կոմպրոմատներից ելնելով էին գործի ընդունում, և որքան կոմպրոմատը շատ` այնքան պաշտոնը մեծ: Վարկաբեկված և իր անցյալի բացահայտումից վախեցող մարդիկ ամենակառավարելի և “հավատարիմ” տեսակն են, նոր հեծանիվ հորինելու կարիք չկա, մարդկությունը վաղուց կառավարման և կադրերի ընտրության մոդելը գտել է: Հոդվածագիրը ազնիվ, շիտակ և չվարկաբեկված անցյալով մարդ է եղել, դրա համար էլ կարիերան չի հաջողվել, ինչով և կարող է հպարտանալ… Ինչպես տատս կասեր` ԱՇԽԱՐՀԻ ԲԱՆՆ Ա ԸՏԵՆՑ

    • Արամ ջան, ամեն ինչ պարզ է, բայց ինչու անուններ չես հրապարակում, ինչ արժեք ունի այս հոդվածը, երբ երկմտում ես անուններն ուղիղ ասելու հարցում: Վախենու՞մ ես, թե՞ կոռեկտ չես համարում, այդ դեպքում ինչու ես գրել, ում է ուղղված ուշացած բողոքդ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30