Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդիրը Նունե Եսայանը չէ

Սեպտեմբեր 23,2013 11:55

Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձը պաշտոնապես նշվել է Նունե Եսայանի մենահամերգով, ինչն առաջացրել է շատերի բուռն հակազդեցությունը: Բացառված չէ, որ այդ քննադատությունը շատ դեպքերում պայմանավորված լինի նախանձով, մրցակցությամբ, բիզնես շահերով եւ այլն: Թե որքանով է տաղանդավոր տիկին Եսայանը, ես չեմ կարող ասել՝ այն երաժշտությունը, որը նա կատարում է, հեռու է իմ հոգեւոր եւ մասնագիտական հետաքրքրությունների շրջանակներից: 
Բայց սխալը, իմ կարծիքով, հայեցակարգային է. նման միջոցառումը չի կարող մենահամերգ լինել: Այդպիսի պաշտոնական համերգը պետական-քաղաքական միջոցառում է, այն պետք է խփի մի քանի նշանակետի, հենց այդ պատճառով է այն ընդգրկում տարբեր կատարողների եւ տարբեր ժանրեր: Այդ առումով հետաքրքիր կլինի հիշել կոմունիստների փորձը: Ինչպե՞ս էին նրանք կազմակերպում նման համերգները, ինչ կլիշեներ էին տարեցտարի կրկնվում, օրինակ, նոյեմբերի 7-ին՝ հաճախ նույն ստեղծագործություններով եւ կատարողներով:
Կրեմլի համագումարների պալատում համերգը սովորաբար բացվում էր Շոստակովիչի Տոնական նախերգանքով՝ ստեղծագործություն, որը, ասում են, նա գրել էր գրազով՝ երկու ժամվա ընթացքում: Մեծ կոմպոզիտորի լավագույն գործը չէ: Կարող էր հնչել նաեւ Չայկովսկու Առաջին դաշնամուրային կոնցերտի երրորդ մասը, որն, անշուշտ, գլուխգործոց է, պարզապես չափից դուրս «չլած»:
Մինկուս. Պա-դե-դե «Դոն Կիշոտ» բալետից: Կատարում էին, օրինակ, Եկատերինա Մաքսիմովան եւ Վլադիմիր Վասիլեւը՝ համաշխարհային մեգաաստղեր: Որպես տարբերակ, ի պատիվ մեր ազգի՝ Խաչատուրյան. ադաջիո «Սպարտակ» բալետից: Հաճախ նույն արտիստների կատարմամբ:
Պուչինի. Կավարադոսիի արիան «Տոսկա» օպերայից: Կարող էր լինել նաեւ նույն հեղինակի՝ Չիո-Չիո-Սանի արիան համանուն օպերայից: Հավանաբար, համերգների կազմակերպիչները «սիրում էին» այդ դրվագները՝ «Տոսկայի» ազգային-ազատագրական սյուժեի համար, նաեւ այն պատճառով, որ մադամ Բաթերֆլյայը տուժել էր «ամերիկյան իմպերիալիզմից»:
Մեժիրով. «Կոմունիստներ, առաջ»: Հրաշալի բանաստեղծի բարձր պրոֆեսիոնալ մակարդակով գրված բանաստեղծություն: Ցավոք սրտի, չափից դուրս ճչացող գաղափարախոսական բաղադրիչով, ինչի հետեւանքով 70-80-ականների համատարած ցինիզմի պայմաններում լավ չէր ընկալվում: Որպես տարբերակ՝ Մայակովսկու բանաստեղծությունն այն մասին, որ բանվորը բնակարան է ստանում եւ հատկապես հրճվում է, որ այդ բնակարանում ցնցուղ կա: Բարի հումորով գրված գործ է:
Տուլիկով. Լենինը միշտ քո հետ է: Պարտադիր ծրագիր, գրեթե առանց այլընտրանքի: Որպես այդպիսին՝ չափազանց անհամ:
Միխալկով. առակ՝ պաշտոնապես թույլատրված, բավականին սուր եւ տաղանդավոր երգիծանք: Որպես տարբերակ՝ ուկրաինացի արտիստներ «Տարապունկա» եւ «Շտեպսել» կեղծանուններով՝ այդ հումորն ուղղված էր ավելի լայն զանգվածներին:
Պաշտոնական համերգի երկրորդ բաժնում սովորաբար հնչում էին էստրադային երգեր (բեմում էր Յուրի Սիլանտեւի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը)՝ Կոբզոնի, Լեշչենկոյի, Մագոմաեւի, Ռոտարուի կատարմամբ: Դարձյալ ի պատիվ մեր ազգի՝ հնչում էին Առնո Բաբաջանյանի, Միքայել Թարիվերդիեւի գործերը: Բայց բացառված էր, որ նման միջոցառումը բաղկացած լիներ միայն հիշյալ աստղերից որեւէ մեկի մենահամերգով:
Ես չեմ պատկերացնում, որ, մասնավորապես, պետության տարեդարձը նշող «գլխավոր» միջոցառումը վստահվի մեկ արվեստագետի, որքան էլ նա շնորհալի լինի: 1996 թվականի սեպտեմբերի 21-ին նման համերգ Երևանում տվեց Շառլ Ազնավուրը` Հայաստանում ընտրական իրավիճակին բնորոշ գերլարված մթնոլորտում: Բայց եթե նույնիսկ այդ պահին քաղաքական կրքերը չեռային, միեւնույն է՝ աշխարհահռչակ շանսոնյեի համերգը, եթե չկրեր նման պաշտոնական բնույթ, շատ ավելի լավ կհիշվեր ու կգնահատվեր հանդիսատեսի կողմից:
Ինձ թվում է, խնդրի արմատը ոչ թե տաղանդավոր արվեստագետների պակասն է, այլ այն հանգամանքը, որ մեր պետությունը դեռ չի գտել իր գաղափարախոսական բանաձեւը, այն ուղերձը, որը նա կցանկանար նման օրերին փոխանցել իր քաղաքացիներին: Կոմունիստներն այդ ուղերձը ունեին՝ սխալ, անընդունելի, երեսպաշտ, բայց երբ կա որոշակի հայեցակարգ, ապա տոնական միջոցառումը կառուցելը տեխնիկայի խնդիր է: Հայեցակարգն է, որ մեզանում բացակայում է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարը՝ https://www.1in.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (16)

Պատասխանել

  1. Valeri says:

    Պարոն Աբրահամյան, 1996 թվականին չեր Ազնավուրի համերգը, 2006 թվականիներ,Ֆրանսիայի նախագահնել՝Ժակ Շիրակը, ներկայեր այդ համերգին:Հրաշալի օրեր, իսկական տոն:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Այո, 2006-ի հարցում համաձայն եմ, բայց դա սեպտեմբերի 30-ին էր: Բյաց 96-ին էլ է եղել Օպերայի շենքում: Ընդ որում, տեխնիկական ինչ-որ թերության պատճառով այն համերգը կես ժամով ընդհատվել էր:

  2. Համլետ says:

    Սա արդեն կատարյալ վերլուծական է՝ պրոֆեսիոնալ բարձր մակարդկով ու թեմային գերազանց տիրապետելու առումով:
    Հաճույքով կարդացի ու որոշ բաներ էլ նորովի ընկալեցի ու իմացա…:)

  3. Անահիտ says:

    Ես շատ էի ուզում գալ հապարակ ակնկալելով, որ կլսեմ Խաչատրյան, Բաբաջանյան, և մեր մյուր մեծերին, չէ որ տոնին ներկա են նաև արտասահմանցիներ, որոնք Հաըաստանը պետք է ճանաչեն մեր հանճարներով, մեր ազգագրական կատարողներով, լիներ օպերային երաժշտությու, բալետ և այլն: Բայց ախր էդ ով դարձավ Նունե Եսայանը, որ անկախության օրվա համերգի մենաշնորհը տվեցիք նրան, մի երկու երգ թող երգեր, դեմ չեմ: Մի խոսքով ես և իմ շրջապատի մարդկանցից շատ-շատերը հրապարակ չեկանք:

  4. Mariam says:

    Եթե ի նկատի ունեք Ազնավուրի 2006 թվականի համերգը, դա մենահամերգ չէր, քանի որ նրա հետ նույն բեմում էին նաև այլ աշխարհահռչակ երաժիշտներ, և դա մի հիանալի տոն էր: Ես անձամբ այնտեղ եմ եղել 6 ժամ կանգնած, առանց որչէ վայրկյան զղջալու և մինչև հիմա հիացմունքով եմ հիշում այդ օրը:
    Բայց և Ազնավուրին և Եսայանին նույն շարքում դասելը առնվազն Ազնավուրի հանդեպ վիրավորանք կլինի…
    Լիովին համաձայն եմ Ձեր հոդվածի հիմնական ուղերձի հետ, որ անկախության տոնը ժողովրդի տոնն է և այն չի կարող որևէ մեկի մենաշնորհը լինել:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Չէ, հոդվածում գրված է 1996 թվականի մենահամերգը: Իսկ 2006-ինը կայացել է սեպտեմբերի 30-ին, եւ Անկախության տոնի պաշտոնական միջոցաումը չէր՝ չնայած կապված էր: Իհարկե նրանց մի շարքում չի կարելի դնել: Միտքս այն էր, որ նույնիսկ Ազնավուրը…

  5. Գայանե Հ.Ս says:

    Խնդիրը նաև Նունե Եսայանն է… Արվեստասերների և երգասերների մեծ մասը չի հավանում նրա կատարումները (անձի նկատմամբ ունեցած վերաբերմունքը մի կողմ դրած. դա չենք էլ քննարկում): Ստացվում է, որ համերգի կամակերպիչները հաշվի չեն առել, նաև մյուս կողմի ճաշակը և ցանկությունը: Չուզողության, չկամության խնդիր էլ չկա: Նունեն այն երգչուհին չէ, որ իրեն շատերը հավանեն, ինչքան էլ որ վաստակավորի կոչում ունի…այնպես որ մենահամերգ դնել պետք չէր…

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2013/09/23/388469/

    © 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

    • Սվետա says:

      Իրավացի եք հարգելի Գայանե, որպես երկրի քաղաքացի ես նույնպես խորապես հիասթափվեցի այդ միջոցառումից: Այն, որ նրան վաստակավորի կոչում են շնորհել, դեռ չի նշանակում, որ նա դրան արժանի է:

  6. խաչատուր says:

    Հարցը հենց Նունե Եսայանն է, միամիտներ, Հենց նույն Նունեն որը մարտի մեկի հետ կապված հրապարակավ ասեց «Է թող չգնային բողոքեյին չզոհվեին», այս երկրում ոչ մի պատահական բան չի լինում եվ միամիտը մենք ենք ոչ թե մեզ կառավարեղները…….

  7. Էդւարդ says:

    Օրւայ խորհուրդը անտեսող, աննկարագիր, գաղափարազուրկ մի շոու ուրիշ ոչինչ: Եւ ճիշտ էք խօսքը Նունէ Եսայանին չի վերաբերում այլ պետական մակարդակով կազմակերպւած անմակարդակ միջոցառման մասին է որ ժողովրդին պիտի տար հայրենասիրական բարձր տրամադրւածութիւն ու ոգևորութիւն: Սակայն դա այդպէս չեղաւ: Հայաստան 2011-ի տօնակատարութիւնը այդ առումով հիանալի էր թէ ծրագրի բովանդակութեանբ և թէ ժաղովրդի աննախադէպ մասնակցութեամբ: Այդ ինչ պատահեց որ այս տարի չկարողացանք նոյնանման բարձր մակարդակի ծրագիր մշակենք: Դժւար թէ ծրագրի շեղւած ուղղութիւնը ի սկզբանէ չէին ընկալում պատւիրատուները և կազմակերպիչները:

  8. Փիրուզ says:

    Պարոն Աբրահամյան, լրիվ համամիտ եմ հոդվածի վերջում Ձեր արտահայտած կարծիքին, թե մեր իշխանությունը չգիտի, թե ինչ է ուզում հաղորդել իր քաղաքացիներին: Սակայն հակված եմ կարծելու, որ ոչինչ պատահական չի լինում: Իրականում Նունե Եսայանը որպես հավաքական կերպար լավագույնս է մարմնավորում մեր այսօրվա իրականությունը: Նա մի արվեստագետ է, որը երաժշտական, թե արտիստիկ փայլուն տվյալներ չունի: 90-ականներին, 2000-ականների սկզբին նրա գործունեության, վարքի և անցյալի մասին ինչ ինչ ասեկոսներ էին հնչում(սխալ կլինի, սուտ չի լինի): Սակայն նա իր կուտակած ֆինանսական կարողության հաշվին հասարակության մեջ զբաղեցրեց (գնեց ?) իր դիրքը: Նա իր համար ամուսին ձեռք բերեց, երեխա ունեցավ, տուն գնեց, հասարակական ու բարեգործական գործունեությամբ է զբաղվում: Մի խոսքով գնեց այն ամենը, ինչ համապատասխանում էր բարոյական հասարակության կանոններին: Սա այսօրվա մեր Հայաստանի անկախ պետության դեմքն է: Բոլոր բնագավառներում ունենք նույն իրավիճակը՝ քաղաքականության, մշակույթի, գիտության: Պարզապես դժվար թե կոմունիստական թունդ գործչին, որը հարյուրավոր տաղանդավոր մարդկանց գլխին գործ սարքող է եղել, կանչեին երգելու: Նունեի տեղը կարող էր լիներ այսօրվա երգիչներից յուրաքանչյուրը, պարզապես տարիքային այդ խմբի մեջ նա երևի թե միակն է: Դա գերտարօրինակ կլիներ, եթե այս տոնախմբությանը կանչեին Տիգրան Մանսուրյանին, թե Արաքս Մանսուրյանին, Բարսեղ Թումանյանին, թե Հասմիկ Պապյանին: Նույն է, թե վերոհիշյալ մարդիկ իրենց հոբեյլանական միջոցառմանը հրավիրեին Լիդուշիկին:

  9. Spartak says:

    Եվ հոդվածագրի, և մեկնաբանների հետ լրիվ համաձայն եմ: Միայն ավելացնեմ՝ Անկախության տոնին նվիրված համերգն ինչո՞ւ պետք է սկսվեր մեզ համար շատ սիրելի Սայաթ Նովայի երգերով: Հենց սկզբից յարը կորցրած, դարդիման եղած սիրեկանի ողբն է/աբսուրդ/: Լռություն էր ու տխրություն:Հատուկենտ ծափեր:Մեր շ~ատ չքնաղ ,,Դլե յամանը,, , էլի ուրիշ տխուր երգեր:Լավ ասաց կողքիս կանգնած մարդը.,,Ապրիլի 24-ին նվիրված համերգից ոչնչով չի տարբերվում,,- ասաց ու ձեռքը թափ տալով հեռացավ:Շատերը գնացին նրա ետևից:Հազար ափսոս:

  10. Կարո Մելիքյան says:

    Ընդհանուր առմամբ համաձայն էմ եւ հոդվածագրի,եւ մեկնաբանների արտահայտած մտքերի հետ,միյայն մի փոքրիկ ,ըստ ինձ, հանգամանք է այստեղ դերակատարություն ունեցել՝ . իշխանությունները չկարողանալով ապահովել խորհրդարանում Շուշան-Նունե պատգամավորական դուետը, նրանք այս ձեւով են փոխհատուցում նունեին՝,եւ թքած ունեն հասարակական կարծիքի ու արձագանքների վրա,,,

  11. Ara says:

    Միանշանակ այդ համերգը մենահամերգի ֆորմատով ներկայացնելը ճիշտ չէր: Երևի հաստատ դա հասկացել են նաև համերգի կազմակերպիչները, բայց երևի եղել է նաև բարձրաստիճան անձի կամ տիկնոջ ցանկություն և նրանք ստրկամտորեն կատարել են այն, փոխարենը նույն տիկնոջը բացատրեին ողջամիտ լուծումները և նրան ևս արջի ծառայություն չմատուցեին, արհամարհելով ժողովրդի ընդհանուր կարծիքը: Բոլոր դեպքերում Նունե Եսայանի (նրա արվեստի երկրպագուն չեմ) անձնական կյանքը տակն ու վրա անող Փիրուզը առնվազն անցնում է կոռեկտության սահմանը:

  12. Արմեն says:

    Շատ լավն էր համերգը, կեցցե Նունեն; Եթե կա ձեր մեջ մեկը, որ կարող է ավելի լավ երգել, տեղեկացրեք հաճույքով կգամ բացոթյա համերգին, կլսեմ, կունկդրեմ, հետո էլ իմ կարծիքը այստեղ կհայտնեմ:
    Բամբասելու, չարախոսելու մեծն վարպետներ կան այստեղ, որոնց առջև կարելի է գլուխ խոնարհել;
    ձերը Սիլվա Հակոբյանն է կամ Արամեն, ինչքան էլ հերքեք….

  13. ettentcchi says:

    Ես համոզված եմ, ինձ թվում է դուք էլ, պարոն Աբրահամյանն էլ, որ խնդիրը ոչ Նունե Եսայանն է, ոչ համերգի ձևը, կամ այտեղ հնչած երգերը: Նրարնք ովքեր պատասխանատու են եղել միջոցառման կազմակերպման համար առաջնորդվել են, ինչպես և ցանկացած ՀՀ իշխանությունների կողմից կատարած աշխատանք, ինչպես կազմակերպել միջոցառումը և ում մենահամերգը ապահովեն որպեսզի կարողանան հնարավորինս շատ <> ստանան և գտել են որ հարմարը Նունե Եսայանն է: Մնում է մի հարց որ հետաքրքրում է մեր հասարակությանը, և որին կարող է պատասխանել միայն Նունե Եսայանը, ինչքան է կազմել այդ <>: Կա այդպիսի հիմնավորում, որ նման դեպքերում այն կարող է տատանվել գուարի 40-50%-ի սահմաներում բայց ոչ պակաս քան 30%-ը: Կարելի է մոտավորապես հաշվել թե ինչ գումար է կազմում 145 000 դոլարից ստացված <>: Իսկ ճշգրիտ չափը մեզ կարող է ասել միայն կազմակերպիչները, կամ Նունե Եսայանը:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30