ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ սեպտեմբերի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ: Նիստին մասնակցում էին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի տեղակալներ, ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետեր, բարձրաստիճան զինվորականներ ազատամարտիկներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ով նշեց, որ այսօր համայն հայությունը նշում է հայ ժողովրդի նորագույն պատմության ամենանվիրական տոնը՝ ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձը: «Պետականության կերտման այդ կարճ ճանապարհին մենք ունեցել ենք բազում հաղթանակներ և ձեռքբերումներ, սակայն եղել են նաև ոչ քիչ դժվարություններ և արգելքներ, որոնք, սակայն, չեն խոչընդոտել մեր հասարակության առաջընթացին»,- իր խոսքում նշեց Ա.Նազարյանը:
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը իր շնորհավորական խոսքում նշեց, որ անկախության ամենամեծ նվաճումը ազգային բանակի ստեղծումն է: «Այն անցել է պատերազմի միջով, տարել փայլուն հաղթանակ` ազատագրելով գերության մեջ գտնվող պատմական Հայաստանի մի մասը և արդեն երկու տասնամյակից ավելի հաջողությամբ իրականացնում է հայկական երկու նորանկախ պետությունների անվտանգության, նրանց սահմանների հուսալի պաշտպանության առաքելությունը»:
Հանդիսավոր նիստի ընթացքում մի շարք ազատամարտիկների և զինծառայողների հայրենիքին մատուցած ծառայությունների, արիության և մարտական ծառայության համար ՀՀ պետական և գերատեսչական պարգևներ հանձնեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը:
Կարդացեք նաև
ՀՀ ՊՆ