Գտնվել է Էդուարդ Արծրունյանի որմնանկարը, որը տարիներ շարունակ ոչնչացված է համարվել: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց լրագրող-արվեստաբան, Էդուարդ Արծրունյանի ֆեյսբուքյան էջի հիմնադիր և համակարգող Անահիտ Կորյունը: Խնդրեցինք մի փոքր մանրամասնել: Անահիտ Կորյունը Aravot.am-ին պատմեց. «Մեկ շաբաթ առաջ ինձ է զանգահարում գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը` ասելով, որ ծանոթ է եղել Էդուարդ Արծրունյանի հետ և կուզենար իր հուշերով« կիսվել» ինձ հետ: Բնականաբար, ես սիրով համաձայնեցի: Մեր հանդիպման ժամանակ նա նշեց, որ տարիներ առաջ Էդուարդ Արծրունյանի գլխավորությամբ Իջևանում «Գազպրոմի» հանգստյան տանը որմնանկարն են ստեղծել: Այդ պահին հիշեցի, որ 4 տարի առաջ Արծրունյանի հետ այս թեմայով մենք զրույց ենք ունեցել, որի ժամանակ Վարպետն ասել էր, թե իր միակ որմնանկարն այլևս գոյություն չունի, քանի որ որտեղ այն տեղակայված էր, շենքը քանդել են: Վարպետը շատ հուզված էր և ես այլևս չանդրադարձա այդ թեմային` հասկանալով , որ շատ ցավոտ է նկարչի համար այդ մասին խոսելը: Արծրունյանի խոսքերը նույնությամբ փոխանցեցի Հարությունյանին, նա էլ ասաց, թե չգիտեր, որ շենքը քանդել են: Անկեղծ ասած, Հարությունյանի այդ «անտեղյակությունը» հույսի նշույլներ արթնացրեց իմ մեջ, Կամսարի օգնությամբ իմացանք, որ նախկին հանգստյան տունը այսօր զորամասի է վերածվել: Միասին ուղևորվեցինք Իջևանի Այգեհովիտ գյուղ, որտեղ էլ հայտնաբերեցինք անվնաս, հրաշալի վիճակում գտնվող որմնանկարը»:
Մանրամասների մասին Անահիտ Կորյունը լրագրողներին կտեղեկացնի այսօր կայանալիք ասուլիսում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարում՝ Անահիտ Կորյունն ու լուսահոգի Էդուարդ Արծրունյանը: