«Առավոտի» ոչ հռետորական հարցը՝ վարչապետին
«Համաշխարհային պրակտիկայում չկա նման օրինակ, որ երկիրը, որն ընդհանուր սահման չունի, դառնա Մաքսային միության անդամ: Դա անիմաստ կլիներ: Մաքսային միության իմաստն այն է, որ ապրանքափոխանակությունն իրականացվի առանց մաքսակետային ստուգումների: Մեր դեպքում դա անհնար է, քանի որ մենք պետք է անցնենք հարեւան պետության տարածքով եւ երկու անգամ հաղթահարենք մաքսազերծումը: Դա անիմաստ է դարձնում տնտեսվարող սուբյեկտների համար հեշտացվող մաքսազերծման գործընթացը: Փոխարենը մենք կստանանք միայն խնդիրներ՝ կապված հարկերի եւ մաքսային վճարների հետ: Տնտեսական իմաստով դա նպատակահարմար չէ». սա մի փոքրիկ հատված է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ 2012 թվականի ապրիլի 4-ին «Коммерсант.ru»-ին տված հարցազրույցից: Տակավին վերջերս՝ սեպտեմբերի 3-ին, նախագահ Սարգսյանն իր մոսկովյան այցի ժամանակ հայտարարեց, որ Մաքսային միությանն անդամակցությունը բխում է Հայաստանի շահերից: Հիմա իշխող կուսակցության տարբեր ներկայացուցիչներ փորձում են հիմնավորումներ գտնել նախագահի հայտարարությունների համար: Ստացվում է, թե ոչ, դա լավ է, թե վատ՝ այլ հարց է: Հետաքրքիր է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն առայժմ չի շտապում որեւէ հրապարակային հայտարարություն անել նախագահի քայլի վերաբերյալ՝ չնայած արդեն մոտ քսան օր է՝ մամուլը քննարկում է եւ Տիգրան Սարգսյանի, եւ փոխարտգործնախարարներ Շավարշ Քոչարյանի ու Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունները: Տրամաբանական քայլը, որ պետք էր սպասել Տիգրան Սարգսյանից եւ մնացյալից, նրանց՝ զբաղեցրած պաշտոններից հրաժարական տալու մասին հայտարարությունը կլիներ:
Սակայն, ի հեճուկս բոլոր սպասումների, այդ պաշտոնյաները շարունակում են բարեհաջող պաշտոնավարել: Ավելին՝ գործնական քայլերի են անցնում՝ արդեն հակառակ ուղղությամբ: Հայաստանի կառավարությունը որոշում կայացրեց սկսել Մաքսային միությանը միանալու նախապատրաստական աշխատանքները: Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը կառավարությանը ներկայացրել է մի որոշման նախագիծ, որը սահմանում է ժամանակացույցը, թե երբ պետք է ավարտվեն այդ նախապատրաստական աշխատանքները: Դրանց արդյունքում պետք է ձեւավորվի, այսպես կոչված, բանակցային փաթեթը, որի հիման վրա էլ պետք է մեկնարկեն արդեն պաշտոնական բանակցությունները՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու նպատակով: Կառավարությունն իր հավանությունն է տվել այդ նախագծին: Ըստ այդմ, բանակցային փաթեթի ձեւավորման վերջնաժամկետը հոկտեմբերի 10-ն է: Փոխնախարարը նաեւ բավականին ուշագրավ տեղեկություն է փոխանցել՝ նախօրեին Հայաստանի վարչապետի որոշմամբ արդեն իսկ ստեղծվել են աշխատանքային յոթ խմբեր, որոնք պետք է ձեռնամուխ լինեն վերոհիշյալ բանակցային փաթեթի ձեւավորմանը: Փոխնախարարը նաեւ խմբերի գործունեության որոշակի մանրամասներ է ներկայացրել:
Արդեն որերորդ օրն է՝ «Առավոտը» փորձում է վարչապետի մամուլի քարտուղարից որոշակի պարզաբանումներ ստանալ Տիգրան Սարգսյանի Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու հնարավորությունների մասին նախկինում արած հայտարարությունների վերաբերյալ: Վարչապետի մամուլի խոսնակը, սակայն, այդպես էլ չի արձագանքում մեր հեռախոսազանգերին: Հերթական անգամ մեր հեռախոսազանգերն արժանացան նույն ճակատագրին, ուստի հարցը հնչեցնում ենք հրապարակային՝ պարոն վարչապետ, չե՞ք կարծում, որ նախագահ Սարգսյանի Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու հայտարարությունից հետո անիմաստ է դառնում Ձեր հետագա պաշտոնավարումը: Հարցը հռետորական չէ:
Կարդացեք նաև
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողները հարցրին՝ չի՞ փոխվել իր դիրքորոշումը Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու վերաբերյալ: Վարչապետն ասաց, որ իր դիրքորոշումը մնացել է նույնը: Հարցին՝ իբրեւ եվրոպական հայացքների կրող՝ իր համար անակնկալ չէ՞ր Սերժ Սարգսյանի այդ որոշումը, վարչապետը հակիրճ պատասխանեց. «Ոչ»: Այս թեմայի շուրջ վարչապետին ուղղված այլ հարցերը մնացին անպատասխան:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Իսկ եթե Վրաստանը չունի սահման Եվրոպական երկրների հետ, ոնց է միանում Եվրոասոցիացմանը