Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում «Ժառանգություն» կուսակցությունից առաջադրված պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանը վաղը նախատեսում է Կապանի մշակույթի տան հարակից հրապարակում երեկոյան ժամը 18-ին կրկին հանդիպում ունենալ կապանցի ընտրողներին: Նախընտրական քարոզարշավի շրջանակներում թեկնածուն այսօր հանդիպել է Կապանի տարածաշրջանի Գեղանուշ ու Գոմարան գյուղերի բնակիչներին, իսկ երեկ Կապանի ծայրամասային Բեխ թաղամասում էր: Թեկնածուն նախատեսում է մինչեւ քարոզարշավի ավարտը կրկին հանդիպումներ ունենալ Ագարակում, Քաջարանում եւ Մեղրիում:
Սամվել Հայրապետյանի մամլո խոսնակ Դավիթ Հակոբյանն այսօր մեզ տեղեկացրեց, որ մինչեւ այժմ քարոզարշավն անցել է առանց լուրջ խոչընդոտների, բայց անուղղակի խոչընդոտներ են արդեն ի հայտ գալիս: «Ուղղակի խոչընդոտներ չկան, բայց անուղղակի խոչընդոտներ կան: Մեզ տվյալներ են հասնում, որ հանրապետականն արդեն վարչական ռեսուրսը սկսել է օգտագործել, հավաքում է աշխատողներին եւ հայտարարում, որ իրենց թեկնածուն Արմեն Կարապետյանն է: Մենք դեռ հետաքրքրվում ենք, ստուգում մեզ հասած ինֆորմացիան, հստակ տեղեկություններ ունենալու դեպքում արդեն կհրապարակենք», – նշեց Դավիթ Հակոբյանը: Նշենք, որ թեկնածուների քարոզարշավի վերջնաժամկետը սեպտեբերի 27-ն է:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
https://www.youtube.com/watch?v=YG2r2aKSq9M
«Համատեղ զարկով ազատագրելու ենք Սյունիքը և հաստատելու ենք հայկական իշխանություն» ՏԵՍԱՆՅՈՒԹhttps://www.youtube.com/watch?v=YG2r2aKSq9M
«Սիրելի սյունեցի,
Իրանական խաների և թուրքական հրոսակախմբերի դեմ հայ ազատագրական շարժման առաջամարտիկը լինելով՝ առաջին անգամ չէ, որ պետք է գնաս մարտի:
Ցավոք, նորից եկել է ժամը, օրը և տարին՝ ապստամբելու սոցիալական և ազգային ճնշման դեմ:
Հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ ազգային ազատագրական շարժումը սկիզբ առած Արցախի ազատագրումից դեռ ավարտին չի մոտեցել և հենց սյունեցին է դա առավել քաջ գիտակցում:
2013 թվականի ապրիլի 9-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Րաֆֆի Հովհաննիսյանի հետ միասին ստանձնեցին պարտականություն՝ շարունակել ազգային ազատագրական պայքարը, ապստամբել մեր օրերի ֆեոդալների դեմ:
2013 թվականի փետրվարի 18-ից սկիզբ առած ազատատենչ հայերի շարժումը շարունակվում է, այն ունի ուղղակի թիրախ և ուղղված է մեր ժողովրդին կեղեքող, հարստահարող, մեր Հայրենիքը բռնազավթող, մեր մշակույթը ոչնչացնող թշանամիների դեմ: Կապանը և Քաջարանը, մեծ եռանդ դրսևորելով, ապացուցին, որ կազմակերպվում են, կառուցում են ամրություններ սանձարձակ տեղական ֆեոդալների, տեղահանների և նրանց զինված հրոսակախմբերի դեմ դիմադրություն ցույց տալու գործում:
Կազմակերպվելու հերթը Մեղրիի և Ագարակինն է:
Սեպտեմբերի 29-ին գնալով ընտրատեղամաս՝ Ձեր քվեն տվեք «Ժառանգության» և Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից առաջադրված թեկնածու Սամվել Հայրապետյանին: Կապան, Քաջարան, Մեղրի, Ագարակ և Սյունյաց աշխարհի հինավուրց գյուղեր սեպտեմբերի 29-ը հարվածելու, գրոհելու և ազատագրվելու օր է:
Սյունիք թափանցած քոչվոր ֆեոդալների դեմ պայքարը ենթադրում է միասնականություն:
Սեպտեմբերի 29-ին համատեղ զարկով ազատագրելու ենք մեր քաղաքները և գյուղերը, Սյունիքում հաստատելու ենք հայկական իշխանություն, ուրեմն՝ Հայոց թշնամուն՝ ով Հայրենիքում բնակչության արտագաղթի պայմաններ է ստեղծում, և միաժամանակ փորձում է համոզել բոլորին, թե հայրենանվեր գործով է զբաղված, հասցնում ենք մահացու հարված՝ կյանք, ուժ և սեր տալով ՀԱՅԱՍՏԱՆԻ վերածննդին»:
«Ժառանգություն» կուսակցության գրասենյակ