Արսենը նշանված էր արդեն, երբ հասկացավ, որ սիրում է ուրիշին, առանց որի այլևս չի կարող ապրել: Նարինեի հետ ծանոթացել է ընդհանուր բարեկամներից մեկի հարսանիքի ժամանակ: Նա խաչեղբայրն էր, աղջիկը՝ հարսնաքույրը: Հարսանյաց արարողությունը սկիզբ դրեց նրանց ծանոթությանը, անընդհատ հյուրընկալություններ և այլն. «Ինձ հետ մի բան էր կատարվում, որն անբացատրելի էր, ոչ մի աղջկա նկատմամբ այդպիսի բան չէի զգացել՝ նույնիսկ նշանածիս: Անընդհատ աչքերիս առաջ էր մեր պարը, նրա նուրբ դիմագծերը: Ես հիանում էի նրանով ու միևնույն ժամանակ խուսափում էի, հետագա հանդիպումների ժամանակ ես փորձում էի բացարձակ անտարբեր երևալ, սակայն նրա գնալուց հետո ներսս տակնուվրա էր լինում: Ես չգիտեի՝ արդյոք նա նույնը զգո՞ւմ է իմ նկատմամբ»:
Ոչ ոք չգիտեր դիմացինի զգացմունքների մասին մինչև այն օրը, երբ տղայի ծննդյան օրը նրանք մի սենյակում մնացին մենակ: Արսենն, այլևս չկարողանալով զսպել ներսում եղածը, խոստովանում է զգացմունքնրի մասին. «Ասեցի, որ սիրում եմ նրան, առանց նրա չեմ կարող այլևս, ես ուզում էի մոտենալ նրան, սակայն ընկերներս չթողեցին, սիրում եմ, չնայած գիտեմ, որ սխալ է, որ ես արդեն նշանված եմ, ուշ է…»:
Աղջիկն առհասարակ ոչինչ չի պատասխանում: Տեղյակ լինելով, որ տղան գրանցված է ВКонтакте –ում, որոշ ժամանակ անց ինքն էլ է գրանցվում, գտնում տղային և գրում, հարցնում նրա որպիսությունը: Բայց պատասխան չկա. «Ես մի քանի օր անց հետո եմ տեսել նրա նամակը, վաղուց չէի մտնում սոցցանց, ուզում էի ջնջել էջս, ու տեսնեմ… Ես չէի կարող ձևացնել, առաջարկեցի միանգամայն անկեղծ լինել, սիրով համաձայնեց: Հարցրեցի՝ սիրու՞մ ես ինձ»: Նարինեն պատասխանում է «այո»: Տղայի խոսքով՝ ինքը վստահ էր, որ նա նման պատասխան կստանա. «Ուրիշ պատճառ չէր կարող լինել ի պատասխան այն բանի, որ նա գիշերվա հազարին էջ բացեր, գրեր ինձ՝ իմանալով հանդերձ իմ կարգավիճակը ու մի քանի օր շարունակ սպասեր պատասխանիս: Չեմ կարող բացատրել, թե ինչքան ուրախացա, որ ասաց՝ ինձ սիրում է»:
Սկզբում շփվում են համացանցի միջոցով, ապա հեռախոսով: Արսենի խոսքով՝ դժվար էր սիրել ու կապվել մեկին, ով քո կողակիցը չի դառնալու. «Ես չեմ ուզում քանդել քո ընտանիքը, բայց չեմ կարող քեզնից հեռու մնալ». «Նա անընդհատ սա էր կրկնում: Ես նրան հանգստացնում էի՝ ասելով, որ նա չի վնասում ինձ, ընդհակառակը՝ նրա հետ ես երջանիկ եմ»:
Կարդացեք նաև
Տղայի զբաղվածության պատճառով իրենց խոստովանություններից հետո զույգը դեռ չէր հանդիպել: Բայց մի օր տղան արթնանալուն պես զանգում է աղջկան ու անհապաղ հանդիպման կանչում ՝ պատճառաբանելով, որ մեկ ամսից ավել չի կարողանալու տեսնել նրան. «Չէի ուզում ցավ պատճառել, բայց պիտի ասեի այն, ինչ վաղուց պիտի ասեի: Ես ամուսնանալու էի, որոշ ժամանակ անց բացակայելու էի քաղաքից»:
Նրանք հանդիպում են, տղան չի ցանկանում վերարտադրել այն ցավը, ինչ զգացել է նրան հանդիպելիս: Խոստովանում է՝ երբեմն մտածել է նշանը ետ տալու մասին, սակայն. «Ոչ մեկ մեղավոր չէր, որ ես ուրիշին եմ սիրում ՝ առավել ևս ապագա կինս: Եթե ես նշանը ետ տայի, ես կխորտակեի նրա կյանքը, կդժբախտացնեի, բացի այդ՝ ես անպատասխանատու մարդու տպավորություն կթողնեի բարեկամներիս շրջանում»: Արսենը նշում է՝ ինքն ամենադժբախտ մարդն էր հարսանիքից մի օր առաջ. «Ես չէի կարողանում գոնե մի րոպեով կտրվեի Նարինեից, գրեթե ամբողջ օրը խոսել եմ հետը: Նա ուժեղ էր իրեն ցույց տալիս, ասում էր՝ դուխով, դու պիտի ուրախ լինես, այսօր քո օրն ա, դու ամուսնանում ես»:
Ամուսնանում է, բայց չի կարողանում մոռանալ Նարինեին: Քաղաք վերադառնալուն պես շարունակվում են առաջվա հարաբերությունները: Տղայի խոսքով՝ իր քայլը դավաճանություն չէր կնոջ նկատմամբ, քանի որ դա քմահաճույք չէր, այլ իսկական սեր: Արսենը հավաստիացնում է՝ իր և Նարինեի միջև սեռական հարաբերություններ չեն եղել, նրանք պարզապես եղել են խենթ սիրահարներ:
Սիրային պատմությունն իր պոռթկումներով հանդերձ շարունակվում է երկար ժամանակ: Մի օր էլ տղան զանգում է. «Ես Գերմանիա գնալու ճամփին եմ»: Նարինեն հուզմունքից չի կարողանում խոսել, միայն բացականչում է. «Ինչու՞ ես պիտի վերջինն իմանամ, կամ ինչու՞ ես գնացել: «Ասացի՝ գնում եմ, աշխատեմ, որ երեխաներիս ամեն ինչով ապահովեմ: Չհավատաց, ասաց՝ դու դեռ երեխաներ չունես, բացի այդ՝ այստեղ դու լավ պայմաններում էիր ապրում: Դու քո սիրո համար չպայքարեցիր, դու հեռացար: Դու պարզապես փախչում ես ինձնից: Ասացի, որ կզանգեմ նրան, թող գնա հանգստանա, բայց չզանգեցի…»:
Որոշ ժամանակ անց աղջիկն ընդհանուր ծանոթաներից մեկի տանը ականատես է լինում Արսենի և նրա կնոջ նկարներին, նրանց մասին խոսակցությանը: Իմանալով, որ նրա կինը 5 ամսեկան հղի է, լաց լինելով դուրս է գալիս տանից: Այնուհետև սոցցանցի իր էջով գրում է տղային. «Ինչու՞ ինձ չես ասել, ինչու՞ եմ վերջինն իմանում, կարողա՞ ես աչքով տայի քո երեխուն»: Տղան պատասխանում է աղջկա գրած նամակին. « Ես չգիտեի, թե դու դա ոնց կընդունեիր, կներես ինձ: Ոչ ոք չի կարող քո տեղը զբաղեցնել, ես քեզ շատ եմ սիրում և կարոտում»:
Աղջկա հարցին, թե ինչպես են շարունակվելու իրենց հարաբերությունները, տղան պատասխանում է՝ որոշ ժամանակ կաշխատի և նրան իր մոտ կկանչի. «Ես միշտ ասել եմ, որ նա իրավունք ունի իր անձնական կյանքը դասավորելու և որոշելու՝ իմ հետ կմնա՞, թե՝ ոչ, որովհետև ես չեմ ուզում դժբախտացնել նրան: Ավելի լավ է տանջվեմ, որ սիրում եմ, քան թողնեմ, որ դժբախտանա»: Միևնույն ժամանակ Արսենը նշում է՝ իր ընտանիքը վիճակը լավ չէ Գերմանիայում, մշտական գործ չունեն, իսկ Հայաստան վերադառնալը գրեթե անհնար է. «Նա, ով մեզ խոստացել էր, որ այստեղ ամեն ինչով կապահովի, խաբեց մեզ, պարզապես փող աշխատեց մեզ տեղափոխելու հարցում ու թողեց: Ինձ Նարինեն էր ուժ տալիս, բայց ես կհաշտվեմ, եթե նա վերջնականապես թողնի ինձ»:
Վերջին խոսակցության ժամանակ Նարինեն նշում է՝ միայն այն պատճառով, որ ինքը լքել է իրեն ու հեռացել, չի վերադառնա նրա մոտ: «Ես քեզ սիրում եմ, առանց քեզ չեմ կարող, բայց դու եղիր քո ընտանիքի կողքի, քո երեխաների». սա աղջկա վճռական որոշումն էր:
Նազենի Բաղդասարյան