Սեպտեմբերի 22-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում Սուրբ եւ Անմահ Պատարագից հետո, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց խաղաղության աղոթք Սիրիայի եւ հոգեհանգստյան պաշտոն Սիրիայում զոհված բազում քրիստոնյաների համար:
Մինչ արարողության սկսվելը, ներկա գտնվող հավատացյալներին իր խոսքն ուղղեց Ամենայն Հայոց Հայրապետը: Նորին Սրբությունը մասնավորաբար ընդգծեց, որ Սիրիան հայ ժողովրդի համար հարազատ երկիր է, ուր հայ ժողովրդի բազում զավակներ հարյուրամյակներ առաջ եւ հատկապես Հայոց Ցեղասպանությունից հետո ապաստան են գտել եւ հնարավորություն ստացել ազատորեն կազմակերպելու իրենց հոգեւոր-մշակութային կյանքը, եկեղեցիների կամարների ներքո կերտելու իրենց պայծառ ու շեն կյանքը:
Խոսելով ներկայիս Սիրիայում ստեղծված դժվարին կացության եւ սիրիահայ համայնքի կարիքների մասին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ասաց. «Մենք հորդոր եւ հրավեր ենք բերում ձեզ, սիրելի՛ հայորդիներ, որպեսզի ըստ ամենայնի զորակցություն բերեք կարիքի մեջ գտնվող ձեր եղբայրներին ու քույրերին: Մենք հրավիրում ենք ձեզ նաեւ առատացնելու ձեր մշտական աղոթքը, որովհետեւ ձեր աղոթքը մխիթարություն պիտի պարգեւի նրանց, միաժամանակ պիտի զորացնի նրանց հոգին` հաղթահարելու այդ դժվարությունները եւ խաղաղ ժամանակների հույսով ապրելու, որպեսզի կարողանան պահպանել այն ժառանգությունը, որ մեր հայրերը կերտել են Սիրիայի օրհնյալ երկրի մեջ»:
Մաղթելով, որ Բարձրյալ Տերն Իր սիրո ու ողորմության մեջ պահի համայն աշխարհը եւ ողջ մարդկությունը՝ Նորին Սրբությունը աղոթեց նաեւ հակամարտության ընթացքում զոհված բազում քրիստոնյաների համար` միաժամանակ հայցելով, որ Աստված երկնային լուսեղեն հարկերում ընդունի նրանց հոգիները եւ մխիթարություն պարգեւի նրանց հարազատներին ու մերձավորներին:
Կարդացեք նաև
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգ