«Առավոտ երիտասարդականը» շարունակում է ներկայացնել շոուբիզնեսյան ամենահետաքրքիր ու քննարկվող նորությունները:
Փոխվել են «Եվրատեսիլ 2014» երգի -մրցույթի կանոնները: Կազմակերպիչները խստացրել են կանոնները եւ ավելացրել ժյուրիի «թափանցիկությունը», որը 50 տոկոսով ազդում է երկրների քվեարկության արդյունքների վրա, այս մասին լուրը տարածվել է մրցույթի պաշտոնական կայքում: Նոր կանոնների համաձայն, ժյուրիի անդամների անունները հայտարարվելու են մայիսի 1-ին: Բացի այդ, մրցույթի ավարտից հետո ցուցադրվելու է ժյուրիի անդամներից յուրաքանչյուրի քվեարկության արդյունքները:
Սիրուշոյի «ՊռեԳոմեշ» զարդերի հավաքածուն համալրվելու է: Երգչուհին իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է տեղադրել ու գրել. «Ահա թե որտեղից եմ ես վերցնում նյութեր մեր նոր «Պռեգոմեշ» հավաքածուի համար: Ձեզ պատմե՞լ եմ, որ նոր զարդեր ենք պատրաստում»:
Երգչուհի Սոնա Ռուբենյանը, Նարինե Դովլաթյանը և երգիչ Արթուր Ալեքը շուտով իրենց երկրպագուների դատին կներկայացնեն հայտնի երգչուհի Ռիհաննայի երգերից մեկի հիման վրա նկարահանված նոր տեսահոլովակը: 168.am-ի հետ զրույցում Սոնա Ռուբենյանն ասել է, որ cover երգելու և տեսահոլովակ նկարահանելու միտքը հղացել է այն ժամանակ, երբ երեքով մասնակցել են The Beautified Project ռոք խմբի կազմակերպած բարեգործական համերգին, որի ողջ հասույթը տրամադրվել է Գյումրիի Լորդ Բայրոնի անվան երաժշտական դպրոցին:
Կարդացեք նաև
Հռիփսիմե Հակոբյանը նոր տեսահոլովակ է նկարահանել, այն երգի հիման վրա, որն առաջին անգամ երգել է իր և Մարտին Մկրտչյանի հարսանիքին: Երգը կոչվում է «Հարսի պար», խոսքերի և երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է:
Այս շաբաթ ամուսնացել է երգչուհի Լանա Խաչատրյանը: Հարսանիքից ժամեր առաջ Esem.am-ի հետ բացառիկ զրույցում Լանան ասել է, որ իրենք պսակադրվելու են Լևոն Քոչարյանի և Սիրուշոյի քավորությամբ (նշենք, որ Տիգրանն էլ Լևոնի և Սիրուշոյի հաարսանիքի ժամանակ ստանձնել էր խաչեղբոր պարտականությունները), իսկ խաչեղբայր և հարսնաքույր չեն ունենալու: «Քանի որ ես հարազատ քույր չունեմ, Տիգրանը՝ հարազատ եղբայր, խաչեղբորն ու հարսնաքրոջը պետք է ընտրեինք մեր ընկերներից, սակայն որոշեցինք նրանց համար ավելորդ լարվածություն չստեղծել: Ուզում ենք, որ մեր բոլոր հյուրերն այսօր լիարժեք ուրախանան՝ առանց հատուկ պարտավորվածությունների»,- ասել է Լանան և հավելել, որ սա միակ շեղումն է եղել հայկական ավանդական հարսանիքից:
Տիգրանուհի Թասլակյան