Հայաստանի «համբույրակարոտ» քաղաքացիների՝ Հանրապետության Հրապարակում զանգվածային տոնական համբույրի երեկո կազմակերպելու ցանկությունը չեղյալ հայտարարվեց։ Մոտ մեկ շաբաթ առաջ Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծված «Ազատագրվենք համբուրվելով» խմբի հայտարարությունը, կարելի է ասել հայեցի ապրող ֆեյսբուքահայության համար «բում» էր։ Գրեթե բոլորի ֆեյսբուքյան պատերին միջոցառման մասին ինչ–որ մեկնաբանություններ կային։
«Սեպտեմբերի 21-ին պաշտպանենք մեր անկախությունը, լցնենք Հանրապետության հրապարակը համբույրով։ Գալիս ենք զույգերով կամ կազմում զույգեր։ Ստանում ենք գլխակապեր (բանդանաներ), որոնց վրա գրված է՝ «Ազատ, անկախ Հայաստան» ու համբուրվում՝ հնարավորինս երկար։ Դե՜, ձեզ տեսնեմ, ինչպես ենք պաշտպանելու Հանրապետությունը։ Ռուսական զենքի դեմ՝ հայկական համբույր». ահա այսպիսի հայտարարությամբ էին հանդես եկել վերոնշյալ խմբի ադմիները։ Սակայն, ինչպես երեկ պարզ դարձավ, միջոցառումն այդպես էլ չիրականացավ։ «Առավոտ Երիտասարդականը» ամեն դեպքում փորձել է խոսել Անկախության սերնդի ներկայացուցիչների հետ, փորձել է ճշտել՝ արդյո՞ք ակցիայի իրականացման դեպքում երիտասարդները կմասնակցեին և ինչո՞ւ։
– Այսպիսի միջոցառումները կամ բողոքի ակցիաները ամբողջ աշխարհով էլ տարածված են։ Եվ քանի որ, գրեթե, ամեն ինչ Եվրոպայից կրկնօրինակում ենք, ինչո՞ւ նաև սա չանենք։ Ինչ-որ վատ բան չեմ տեսնում։ Բացի այդ, ես զարմանում եմ, որ կան մարդիկ, ում համար այսպիսի երևույթները նորություն են։ Մի՞թե չեն նկատել, որ կան զույգեր, ովքեր կարելի է ասել՝ առանձնապես նմանատիպ ակցիաների չեն էլ սպասում. իրենք իրենց բողոքն ամեն օր են արտահայտում։ 😀 (Ազնիվ, 18 տարեկան)
Կարդացեք նաև
-Եթե նույնիսկ ընկեր էլ ունենայի, միևնույն է, չէի գնալու, որովհետև նախ միջոցառումը կամ ակցիան, եթե իհարկե կարելի է այդպես անվանել, շատ գռեհիկ ու տգեղ կնայվի կողքից։ Բացի այդ, եթե զույգերը ցանկություն ունեն համբուրվելու, դրա համար կա Սիրահարների զբոսայգի, կան և բազմաթիվ փաբեր, թող այնտեղ էլ համբուրվեն։ Հանրապետության Հրապարակը այդ վայրը չէ։ (Լիլիթ, 19 տարեկան)
– Հասակակիցներիս մի ստվար զանգվածից տարբերվելով՝ նշեմ, որ ի սկզբանե անտարբեր եմ եղել ակցիայի հանդեպ և ըստ իս՝ շատ լավ է, որ չեղյալ հայտարարվեց։ Համբույրը, իմ պատկերացմամբ, չի կարող դառնալ ինչ-որ հանրային ակցիայի կամ ֆլեշ-մոբի առարկա. համբույրն ավելի շատ զգացմունքային արտահայտումն է զույգի համար և ոչ մի ձևականություն. համենայն դեպս ես չէի ցանկանա ընկերուհուս հետ ներկա գտնվել ակցիային և զգացմունքային համբույրը դարձնել ձևական, անիմաստ ու անզգացմունք։ (Արման, 19 տարեկան)
-Եթե իրեն վերցնենք որպես առանձին ֆլեշմոբ, ինքը շատ գեղեցիկ ֆլեշմոբ կլիներ, որովետև ոչ մի վատ բան չեմ տեսնում նրա մեջ, որ մարդիկ համբուրվում են, նույնիսկ հրապարակավ։ Բայց ինձ դուր չի գալիս այն մոտեցումը, որով ներկայացվում է այս ակցիան և ընդհանրապես ներկայացված համբույրի երևույթը։ Այսինքն կոպիտ ասած՝ իրենք գեղեցիկը փորձում էին ներկայացնել կենդանական տեսանկյունից։ Սա իհարկե իմ տեսակետն է։ Եվ կարծում եմ՝ իրենց ներկայացրած տեսանկյան և գռեհիկ ու տգեղ մոտեցման պատճառով է, որ մարդիկ այսպես վատ էին տրամադրված։
Ինձ թվում է, որ եթե կազմակերպիչները համարձակվել են նույնիսկ համբույրը կապել անկախության հետ, կարծում եմ, պետք է հասկանային, որ դա այնպիսի արժեք է, որին պետք է շատ զգույշ մոտենալ և ոչ թե այսպես արժեզրկել։ (Մարիամ, 18 տարեկան)
– Եթե նույնիսկ ակցիան լիներ, միևնույն է, չէի գնա։ Նախ միջոցառման համար նախատեսված խմբում նշված էր՝ «Ազատագրվենք համբուրվելով»։ Ւ՞նչ է նշանակում դա։ Ես ինքս չեմ ընկալում։ Սա լավ ֆլեշմոբ կլիներ, եթե, ասենք, Սիրահարների զբոսայգում կամ ընդհանրապես հասարակական վայրերում արգելեին համբուրվել, բայց կոնկրետ այս օրվա հետ կապված լրիվ անիմաստ կլիներ։ Ուղղակի մեկը որոշել էր նման բան անել իր հաճույքի համար, բայց չէր հասկանում, որ սեպտեմբերի 21-ը այդ օրը չէ։ Կարելի էր մեկ այլ հրաշալի գաղափար ունենալ այդ օրվա հետ կապված և նույնքան լավ PR անել, ինչպես այս մեկի դեպքում։ (Արաքս, 19 տարեկան)
Ընկերուհի չունեմ, իսկ եթե ունենայի, երևի թե չէի հրաժարվի միջոցառմանը մասնակցելուց, քանի որ ոչ մի տհաճ ու առավել ևս ամոթալի բան չեմ տեսնում սիրելիիդ հետ գոնե մեկ անգամ հասարակայնորեն համբուրվելու մեջ։ Ժամանակ առ ժամանակ կարելի է մեզ նման «շռայլություններ» թույլ տալ։ (Արամ, 19 տարեկան)
– Եթե ամփոփ կերպով ասեմ, ապա սա հերթական անգամ ապացուցում է, որ մենք դեռ չենք սովորել ու հասկացել, որ օտարների մտահաղացումները ոչ թե պետք է կուրորեն ընդօրինակենք, այլ պետք է զտենք։ Պետք է ընտրենք, թե որոնք են իմաստալից և հարիր մեզ, և այնուհետև հարմարեցնենք մեր մշակույթին և դարերոբ թրծված սովորույթներին, մեր բարոյական նկարագրին և ազգային արժանապատվությանը:
-Անկախության օրը յուրաքանչյուր հայի համար սուրբ օր է, և նման հեղհեղուկ ու ոչ էսթետիկ «միջոցառումներ» կազմակերպելը ցույց է տալիս, որ մեր հասարակության որոշ մասը գիտելիքների լուրջ պակաս ունի ամեն ինչի՝ համաշխարհային և հայոց պատմության-քրիստոնեության հետ կապված, փիլիսոփայության և առհասարակ, ինչպես նաև գիտակցության բարձր մակարդակի հետ խնդիրներ։ Զարմանալի է, որ նման պարզ բաների մասին առհասարակ կարիք կա վերլուծություններ անելու։ (Ռուբին)
Եթե սիրած էակ ունենայի, որպես ֆլեշմոբի գուցե մասնակցեի։ Բայց միջոցառումը, որպես բողոքի ակցիա, չեմ ընկալում։ Բացի այդ, դժվար թե համբուրվելով կարել է ինչ-որ բանի դեմ բողոքել։ Սա ուղղակի սովորական ֆլեշմոբ է, որն արասահմանում հազարներով են կազմակերպում։
Իսկ ընդունելի՞ կլինի ակցիան, թե՝ ոչ, կարծում եմ, որ մեծամասնության համար նմանատիպ միջոցառումները դեռևս մերժելի են։ Մի քանի մեկնաբանություն եմ կարդացել ու տեսել, թե ինչ ծանր է տարել ազգը այդ փաստը։ Բայց մեր ազգը ամեն ինչն է ծանր տանում, դրա համար լուրջ չեմ վերաբերել դրանց։ Ամեն դեպքում համբույրը, եթե լկտի ու սանձարձակ չի, չի կարելի այդպես ագրեսիվ վերաբերվել դրան։ Մեր երիտասարդները այգիներում ամեն օր էլ այդպիսի բողոքի ակցիաներ են անում։ 😀 (Mari Love)
Նախ ինձ ծիծաղեցնելու չափ բարկացնում է ընտրված նշանաբանը՝ ազատագրվենք համբույրով։ Ազատագրվում են նախագահի համաներումը ստանալով, նախագահը հոգեպես ազատագրվում է համաներումը չտալով, բայց հրապարակում համբուրվելով անգամ ամենամեծ ցանկության դեպքում մարդ չենք ազատագրի, ու ոչ էլ ինքներս մեզ, ինչպես ենթադրում եմ՝ կազմակերպող խումբն էր փորձում մեկնաբանել նշանաբանը։ Այս կերպ ուրեմն ընդունում ենք, որ կիսանկախ ենք կամ էլ անազատ։ Եթե նույնիսկ միջոցառումը լիներ, ես չէի գնա. Ոչ այն պատճառով, որ պապան չէր թողնի :D, այլ որովհետև ռուսական զորքի դեմ պայքարելու համար զենք է պետք, որովհետև, երբ մեկը հարձակվի, դժվար թե ազգովի սկսենք համբուրվել։ Իհարկե համբուրվենք, բայց գոնե սիրահարների այգում. թե՞ այնտեղ էլ են արգելել։ Գրողը տանի, ազգս համբուրվելու տեղ չունի։ Ահա, թե որտեղ է թաքնված շան գլուխը։ 😀 (Ջուլիանա, 19 տարեկան)
Եթե ակցիան կայանար, բնականաբար չէի գնա, որովհետև այն մարդիկ, ովքեր համբուրվում են ցույց տալու համար իրենց ազատությունը կամ իրենց երկրի անկախությունը, պարզապես փիլիսոփայությունից հեռու են պլուտոնյան լուսատարիներով և չեն կարող հասկանալ, թե ինչ են իրենց իրենցից ներկայացնում։ Ես անձամբ այդպիսին չեմ։ Ակցիան շատ գեղեցիկ կլիներ Վալենտինի օրը, բայց ոչ երբեք անկախության, որովհետև անկախությունը բարձրագույն արժեք է, ու դրան համբուրելով միայն այն մարդիկ կհասնեն, ովքեր չգիտեն, թե ինչ է դա։ (Արմեն, 18 տարեկան)
Դաթո Աբուլաձե
Արմեն 18 տարեկան, խելացի տղա եք:
Հայաստանի «համբույրակարոտ» քաղաքացիների՝ Հանրապետության Հրապարակում զանգվածային տոնական համբույրի երեկո կազմակերպելու ցանկությունը, ((ցավոք սրտի)), չեղյալ հայտարարվեց։
Վերլուծաբան եք, թե լրագրող, որ ցավում եք, թե Ձեր սեփական կարծիքը ևս հաշվի մեջ եք առել: Շատ լավ է, որ նման հիամրությունը չեղյալ համարվեց և բոլորովին պետք չէ ցավալ:
Հարգելի Արաքս, ուղղակի զգացմունքային պոռթկում էր, երևի ճիշտ էր Ձեր դիտարկումը։ Շնորհակալություն մեկանաբանության համար ։)
Ինձ, խնդրում եմ, ՛՛Արամ 19՛՛-ի կոնտակտային տվյալները :ԴԴԴ
Մեկ էլ, իմ կարծիքով, Ձեր ՛՛հայեցի ապրող՛՛ արտահատությունը էդքան էլ ճիշտ չի: Հայեցին որպես խոսքի մաս ածական է: Ստուգեցի նաև արմատական բառարանով, բառի հոմանիշը հայկականն է: Հայեցի կարող է լինել դաստիարակությունը, կրթությունը, բայց ապրելը?? Բառի իմաստային կիրառությունն էլ էդքան պարզ չէր:
Ինչ վերաբերում է հոդվածին, ինձ , օրինակ, շատ ավելի հետաքրքիր կլիներ կարդալ Ձեր սեփական լուրջ լրագրողական վերլուծությունը: Մարդկանց ֆեյսբուքյան գրառումները մենք ֆեյսբուքում էլ ենք կարդում, կարծիքները բլոգնյուզի ոճով գրել եք որ ինչ?
ինչ-որ ջղայն կոմենտ ստացվեց, կներեք)