Ecolur.org. Սույն թվականի սեպտեմբերի 22-ին` ժամը 13:00-ին, ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում տեղի կունենա «կանաչ» քայլերթ` նվիրված Հայաստանի հանրապետության անկախության օրվան: Քայլերթը կմեկնարկի Գլենդելի քաղաքապետարանի դիմացից և կավարտվի է Վերդուգո զբոսայգում: Նախաձեռնությունը «Կանաչ Հայաստան» հասարակական կազմարեպությանն է, որը ստեղծվել է Հարավային Կալիֆորնիայի հայ բնապահպան-ակտիվիստների կողմից:
Քայլքը մոտավորապես մեկ մղոն է և կտևի մեկ ժամ: Քայլերթի մասնակիցները կնվիրաբերեն 20 ԱՄՆ դոլար և կստանան շապիկներ կազմակերպության պատկերանշանով: «Հավաքված դրամական միջոցները կօգտագործվեն տարբեր միջոցառումներ կազմակերպելու համար, որոնք կբարձրացնեն իրազեկվածությունը ԱՄՆ-ում՝ մասնավորապես Հարավային Կալիֆորնիայում, Հայաստանում առկա բնապահպանական խնդիրների վերաբերյալ»,- ԷկոԼուրին ասաց կազմակերպության անդամ, բնապահպան Անգինէ Շահնազարյանը՝ նշելով, որդրամական միջոցներ կտրամադրվեն նաև, Հայաստանում այդ հիմնահարցերով զբաղվող, բնապահպան-ակտիվիստներին օգնելու համար:
Կազմակերպության առաքելությունն է՝ պահպանել Հայաստանի և Արցախի շրջակա միջավայրը և աշխատել դրա վերականգման ուղղությամբ, հասնել բնական ռեսուրսների կայուն գործածմանը, վերացնել և կանխել ցանկացած գործունեություն, որը կարող է բացասաբար ազդել շրջակա միջավայրի վրա:
Անգինէի խոսքով՝ կազմակերպության ստեղծման գաղափարը առաջացել է, երբ Հայաստանում 2012թ-ին կազմակերպության անդամները բախվել են մի շարք բնապահպանական խնդիրների: «Հայաստանի տարբեր մասերում առկա են հանքարդյունաբերության արդյունքում առաջացող բնապահպանական խնդիրներ՝ մասնավորապես Թեղուտը, ինչպես նաև բնածին արատների բարձր մակարդակ, ջրի աղտոտում, թե ինչպես են բնակիչները տառապում հանքարդյունաբերության չվերահսկվող գործունեությունից: Վերադառնալով ԱՄՆ մենք ցանկացանք կիսվել մեր փորձով և 2013թ. ստեղծվեց կազմակերպությունը»,-պատմեց Անգինէն: