Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը եւ ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը խորհրդանշական համարեցին Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության 22 ամյակին կազմակերպված «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության երկրորդ արտահերթ նիստը:
Դավիթ Շահնազարյանի խոսքով, հայ հասարակությունը կարիք ունի քաղաքացիական գիտակցության. «22 տարվա ընթացքում երբեք մեր պետականությունն ու անկախությունը վտանգված չեն եղել այդքան, ինչքան այսօր: Եվ ամենամեծ պակասը, որ կա մեր հասարակությունում, որտեղից որ գալիս է հենց այդ վտանգը հենց կազմակերպության անունն է՝ քաղաքացիական գիտակցություն: Ցավոք սրտի, մեր հասարակությունում այդպես էլ դա չձեւավորվեց»:
Հասարակական կազմակերպությունը համաժողովներ է հրավիրում երկու տարին մեկ անգամ հերթական համաժողովով եւ արտահերթ է լինում միայն կանոնադրությամբ նախատեսված հատուկ դեպքերում: Սեպտեմբերի 21-ի արտահերթ համաժողովը պայմանավորված է կազմակերպության կանոնադրության 8-ի 5 կետով, այն է՝ «Եթե խորհրդի կազմը, նրա անդամների դուրս գալու կամ այլ պատճառներով պակաս է հանձնաժողովի կողմից սահմանված 2/3-ից, ապա կայանում է արտահերթ համաժողով կազմի համալրման կամ նոր կազմի ընտրության հարցով»:
Հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանի խոսքով, իրենք խստորեն պահպանում են իրենց կանոնադրության բոլոր կետերը. «Կազմակերպության արտահերթ համաժողովի նախապատրաստական աշխատանքները կատարվել են կազմակերպության խորհրդի ակտիվ անդամների կողմից: Մեր կազմակերպությունը դաշտի կազմակերպություններից տարբերվում է նրանով, որ մեզ մոտ գոյություն չունի կամավոր հասկացությունը, մենք ունենք հստակ գրանցվելու դիմումի ձեւ, քանի որ մեր գործողությունը պայմանավորված է հենց այդ անդամների իրենց բուհերում կամ այլ հաստատություններում արված գործունեությամբ»:
Կարդացեք նաև
Կազմակերպության գրանցված 700 անդամներից ընտրվել են 50 պատվիրակներ, որոնք իրավասու էին մյուսների կողմից ընտրելու եւ որոշումներ կայացնելու եւ իրականացնելու: Համաժողովը ուներ երկու օրակարգային հարց՝ խորհրդի կազմի ընտրությունների վերաբերյալ որոշում եւ հանձանաժողովների ստեղծում:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ