ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի շնորհավորական ուղերձը
Անսահման ուրախություն է համակել մեզ այսօր, քանզի, արժևորելով հերոսական պայքարի շնորհիվ ձեռք բերած ազատությունը, ազգովի տոնում ենք մեր նվիրական երազանքի` անկախացման 22-րդ տարեդարձը:
Երկու տասնամյակ շարունակ հայ ժողովուրդը, աննկուն կամքով հաղթահարելով ժամանակի բազում մարտահրավերներ, ապահով կյանքի նոր եզերքներ է արարում` հանուն գալիք սերունդների:
Կարդացեք նաև
Անկախությունը ոչ հռչակագիր է, ոչ էլ` որոշում: Անկախությունն ազգային գիտակցություն է, նոր կյանքի կոչնակ, որ մեր հոգիներում և էության մեջ հավերժորեն իր կամքն է հնչեցնում… Մենք` վերանկախացած պետականության իրավատերերս, մեր ողջ սերն ու նվիրումն ենք ներդնելու` մեր պապերի երազած, մեր սերնդով սկիզբ առած և մեր ապագայի այս նվիրական գործը հաղթական ավարտին հասցնելու համար:
Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ Իր կենսատու օրհնությամբ խաղաղ պահի Հայոց երկնակամարն ու հայրենյաց սահմանները` շնորհելով հայ ժողովրդին աննկուն կամք, ազգանվեր և հավատաշեն ձեռքբերումներ և մեր հանրապետության բարօրության և շենացման համար բարձրագույն գիտակցություն: Ամեն: