Սեպտեմբերի 19-ին Յակիտօ բարի և ֆեյսբուքյան «Կինո ասեք՝ նայեմ» խմբի ադմինների աջակցությամբ վերոնշյալ բարում տեղի ունեցավ խմբի անդամների և ընդհանուր առմամբ կինոսերների համար նախատեսված հանդիպում-կինոդիտում։ Հանդիպումը կազմված էր երեք փուլից՝ ծանոթություն, կինոդիտում և քննարկում։ Առաջին փուլի ընթացքում կազմակերպիչները ներկայացրին, թե ինչու և ինչպես է ստեղծվել խումբը, ներկաներն էլ ծանոթացան միմյանց հետ։ Երկրորդ փուլի՝ կինոդիտման ընթացքում ներկաները դիտեցին անգլիացի ռեժիսոր Թոնի Քեյի «Փոխարինող ուսուցիչը» (անգլ.՝ Detachment) հոգեբանական ֆիլմը։ Իսկ երրորդ՝ քննարկման փուլում կինոդիտման մասնակիցները ֆիլմի մասին կարծիքներով փոխանակվեցին և ներկայացրին իրենց տպավորությունները։
«Քանի որ խումբը կարելի էր կայացած համարել, ես հարկ համարեցի հանդիպում կազմակերպել միմյանց հետ մոտիկից ճանաչելու համար։ Սա շատ լավ առիթ էր նախ խմբի անդամների հետ ծանոթանալու, մյուս կողմից էլ՝ մեր դիտած ու հավանած ֆիլմերի տպավորություններով կիսվելու համար», — մեզ հետ զրույցում ասաց հանդիպման գլխավոր կազմակերպիչ, ֆեյսբուքյան խմբի ադմին Վիտալի Գրիգորյանը, և հավելեց, որ նման միջոցառման նպատակը առցանցը տեղափոխել իրականություն և խումբը ավելի մոբիլ դարձնելն է։
«Ընդհանուր առմամբ տպավորությունները շա՜տ-շա՜տ են ու բացառապես լավն են։ Ամենաշատը հավանեցի այն, որ մեկը մյուսին փորձում էր լսել և դիմացինի հանդեպ հարգանք էր ցուցաբերում։ Կարծում եմ՝ սա ամենակարևորն է»,— ասաց գլխավոր կազմակերպիչը։
Կարդացեք նաև
Այն հարցին, թե ի՞նչ կարող են տալ նմանատիպ հանդիպումները կինոսերներին, Վիտալին պատասխանեց՝ ծանոթություն, մտքերի փոխանակման հնարավորություն, բանավիճելու էթիկա, հաջորդ անգամ ավելի շատ խոսելու և ազատ արտահայտվելու ցանկություն։ «Ընդհանրապես նմանատիպ հանդիպումները շարունակական բնույթ են կրելու, ու մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի կինոդիտման մասնակիցները հանդիպումից դուրս գան գոնե մի բան սովորած», — հավելեց նա։
Հանիպման մասնակից Հովհաննես Սևոյանը խոստովանեց, որ իր սպասելիքներն արդարացան ու մի բան էլ ավել։ «Ես շփման հետ խնդիրներ ունեմ, բայց կարծում ե՝մ առաջին հանդիպման համար նորմալ էր։ Լավ էր ինձ համար, քանի որ որոշ չափով այդքան շատախոսների մեջ կարողացա մի երկու բառ ասել :D»,— ասաց նա։
Մյուս մասնակից Ջուլիանա Կիրակոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Եթե անկեղծ լինեմ, պետք է ասեմ, որ տպավորությունս հակասական էր՝ մի կողմից կային հրաշալի կինոսերներ, մյուս կողմից՝ վեշրոհիշյալ կինոսերները չունեին լիարժեք արտահայտման հնարավորություն, կուլ էին գնում դաստիարակության ու էթիկայի տարրական կանոններին՝ չէին ընդհատում ուրիշի խոսքը ու հետևաբար նաև չէին խոսում»։ Ջուլիանայի համոզմամբ՝ նման հանդիպումները կարող են որոշ հատվածի համար ժամանցի, ոմանց համար՝ ինքնաարտահայտման, ոմանց համար էլ՝ մասնագիտական կարողությունների ցուցադրման հարթակ դառնալ, սակայն այսպես թե այնպես ազդեցությունը բացառապես դրական է լինելու։ Նա նաև հույս հայտնեց, որ գուցե անգամ ստացվի ինչ-որ նեղ զանգվածի համոզել, որ ֆիլմարտադրությունն ինքնին հայկական փոփ-քորն ֆիլմերը չեն ու ոչ էլ հոլիվուդյան հոգետվայտ մելոդրամաները։
Դաթո Աբուլաձե
Լուսանկարները՝ Վիտալի Գրիգորյանի