Լոս Անջելեսում վաղը կկայանա Ռուբեն Հախվերդյանի մենահամերգը՝ «Էլեմենտ» բենդի ընկերակցությամբ եւ «Կտակ» CD-ի շնորհանդեսը: Այս մասին «Առավոտին» հայտնեց կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը:
«Իմ եւ Ռուբենի համագործակցությունը արդեն 15 տարի է, սա մեր 4-րդ CD-ն է, որտեղ ընդգրկված են ստեղծագործողի ինչպես հայտնի, այնպես էլ նոր երգերը: Այս CD-ի վրա աշխատել ենք 2 տարի: Գործիքավորման շնորհիվ նույնիսկ հայտնի ու սիրված երգերը Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի փոքր կազմի ընկերակցությամբ հնչում են նորովի: Իսկապես որակյալ ձայնագրություններն իրականացրել ենք «Արդենի» ձայնագրման ստուդիայում՝ հնչյունային ռեժիսոր Հմայակ Ռոստոմյանի ղեկավարությամբ: Իսկ CD-ն թողարկվել է ԱՄՆ-ում»,- ասաց կոմպոզիտորը, հավելելով, որ CD-ում կա անակնկալ՝ բոնուս տարբերակ. հանրահայտ «Երեւանի գիշերներում» երգը հնչում է մենանվագ սաքսոֆոնի մատուցմամբ:
Հետաքրքրությանը, թե ԱՄՆ-ից հետո Երեւանում կլինի՞ CD-ի շնորհանդես, Նարինե Զարիֆյանը պատասխանեց՝ անպայման:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ