Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլոնիայի գործընթացի տեղապտույտը

Սեպտեմբեր 21,2013 13:47

Վերջերս  «Առավոտն» անդրադարձավ «Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի պատվերով զեկույցի մեկնաբանմանը, որտեղ կարմիր թելի նման անցնում էր Հայաստանում Բոլոնիայի գործընթացների անարդյունավետ վարկավորման եւ դրամաշնորհների տրամադրման միտքը: Ցավոք, միշտ չէ, որ միջազգային դոնորների կողմից ֆինանսավորումը լուրջ մոնիթորինգի է ենթարկվում հենց իսկ իրենց կողմից: Դա ես բնականոն եմ համարում, որովհետեւ օտարները չեն կարող սրտացավություն ցուցաբերել մեր երկրում ընթացող կրթական բարեփոխումներին: Մյուս կողմից էլ,  մենք եւս պատշաճ ուշադրություն չենք դարձնում հայրենական համալսարաններում Բոլոնիայի գործընթացների արդյունավետ իրագործմանը եւ արդյունքում,  ամեն ինչ բարեփոխել ենք այսբերգի երեւացող հատվածում, իսկ հատակի հսկայածավալ զանգվածում դեռ ոչինչ չի փոխվել:

Ահավասիկ, ունենք կրեդիտային համակարգ, բայց այն ձեւական է եւ դեռեւս չի ապահովում ակադեմիական կրեդիտների շարժունություն ոչ միայն միջազգային կրթական շուկայում, այլ նույնիսկ ներհանրապետական մակարդակում: Մեր բուհերը, կարծես չվստահելով միմյանց, մի տեսակ ձեռնպահ են մնում ակադեմիական կրեդիտների փոխանակումից, չեն ձեւավորում որակի փոխադարձ վստահության մշակույթ, եւ արդյունքում, չեն կարողանում հասնել միջհամալսարանական շարժունության իրագործմանը: Ուզում ենք ձեւավորել կրթության որակի  ապահովման  մշակույթ, բայց այդ ուղղությամբ լուրջ քայլեր չանելով, ամպագոռգոռ հաշվետվություններով՝ «թղթի վրա» որակ ենք ստանում եւ անգամ հավատարմագրման գործընթաց սկսում: Բարձրացնում ենք ուսման վարձերը եւ դեռեւս չեն հաշվարկում, թե որքանով է այն իր հերթին բարձրացնում կրթական ծառայությունների մատուցման արդյունավետությունը:

Բոլոնիայի գործընթացը մեր երկրում դեռեւս խորքային դրսեւորումներ չունի, քանի որ բուհերում գործող կառավարման համակարգը եւ ձեւավորված ակադեմիական միջավայրը դեռեւս գործում են «Խորհրդային ստանդարտներով» եւ դեռեւս պատրաստ չեն դիմակայելու կրթական բարեփոխումների լուրջ մարտահրավերներին: Թերեւս դժվար իրագործելի են խորքային բարեփոխումները «ծերացող» պրոֆեսորադասախոսական անձնակազմի, երիտասարդ կադրերի բուհերից արտահոսքի, ուռճացված ամբիոնների ու վարչական անձնակազմի առկայության, ինչպես նաեւ աշխատաշուկայում պահանջարկ չվայելող մասնագիտությունների թողարկման պայմաններում: Ուստի, մենք ավելի շատ պետք է ապավինենք ոչ թե միջազգային դրամաշնորհներին ու վարկային ծրագրերին, այլ առաջնահերթորեն լուծենք վերը թվարկած հիմնախնդիրները, հետեւելով երկրի անվտանգությունն ապահովող մարդկային կապիտալի ձեւավորման ազգային բնազդին, որը մշտապես պետք է զգոն լինի հատկապես համալսարանական միջավայրում:

ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ

տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30