Նա մեկ զույգ կոշիկով փախել է Խորհրդային Հայաստանից, լողալով անցել Արաքս գետն ու հաստատվել Ավստրալիայում, երբ ընդամենը 20 տարեկան էր ու 45 կիլոգրամ էր կշռում: «Ես ախպար եմ ու խորհրդային կարգերը երբեք էլ չեմ սիրել: Ամեն ինչ նույն շաբլոնով էր Հայաստանում՝ դրուժիննիկ, կոմերիտական, պիոներ, պարտիական էին դառնում, բոլորն անխտիր ռուսերեն էին խոսում, ոչ ոք հայոց պատմություն չգիտեր, արգելված էր կրոնի եւ հայոց պատմության մասին գրքեր կարդալը:
Մարաշում էինք ապրում՝ 7-րդ փողոց, 53 տուն: Հիմա արդեն մեր տունը չկա, վաղուց քանդել են: 1961թ. ես 20 տարեկան էի ու ճիշտն ասած՝ մի քիչ «խուժան էի», ոչ մի տեղ երկար չէի աշխատում: Իմ աշխատանքային գրքույկի մեջ մենակ «պեչատներ էին»՝ ներս-դուրս, ներս-դուրս: Հայաստանում իմ համար աշխատանք չկար, իսկ ավելի ճիշտ՝ աշխատանքի չէին ընդունում: Գնացի խոպան, մինչեւ Բառնաուլ հասա, ցորենի պահեստներում ասֆալտ էինք փռում, բայց կարոտեցի հարազատներիս ու հետ վերադարձա: Խնդրում էի, որ Հայաստանում ինձ աշխատանքի ընդունեն, ասում էի՝ ուզում եմ ամուսնանալ, ընտանիք կազմել, ինձ աշխատանք է պետք, բայց սովետի խիղճն այդպես էլ տեղից չշարժվեց: Հիասթափվեցի: Որոշում կայացրեցի՝ կամ կմեռնեմ, կամ կփախչեմ Հայաստանից: Ես ապագա չունեի այդ երկրում: Թիֆլիսից վերարկու էի գնել 150 ռուբլիով, 30 ռուբլիով վաճառեցի, քանի որ փախուստի համար ինձ գումար էր պետք: Փախա: Տաքսիով, հետո բեռնատարով հասա Արազդայան՝ ներկայիս Նախիջեւանը: Քանի որ ես շատ նիհար էի, հազիվ 45-50 կիլոգրամ, ինձ հաջողվեց փշալարերն աննկատ անցնել: Այսօրվա պես հիշում եմ՝ հագիս ճերմակ վերնաշապիկ էր, սեւ տաբատ եւ մուգ կապույտ «մայկա»: Ճերմակ շապիկս հանեցի, որ սահմանն անցնելու ժամանակ աննկատ մնամ: Սողալով անցա Նախիջեւանի սահմանը, շոգ էր, սահմանին 1-2 զինվոր էին ու չնկատեցին ինձ: Հասա Արաքս գետը, նետվեցի ջուրն ու լողալով հասա Թուրքիա: Այնքան էի ծարավել, որ ագահորեն խմում էի գետի պղտոր ջուրը: Ես լավ լողորդ էի. Մարաշում ինձ «բալղ» էին ասում, որը թուրքերեն ձուկ է նշանակում: Ես շատ լավ թուրքերեն գիտեի, կանչում էի՝ ո՜վ կա այստեղ, մեկ էլ մի զինվոր ասաց՝ «ռուս գյալդի», այսինքն՝ ռուս է գալիս: Ասացի՝ ես ռուս չեմ, ինձ չկրակեք: Պարզվեց՝ նրանք քրդեր էին: Ինձ 3 օր պահեցին իրենց հարկի տակ, յուղ ու մեղրով հյուրասիրեցին: Բայց ռուս սահմանապահներն ինձ Թուրքիայից հետ էին պահանջում: Թուրք աստիճանավորներից մեկն ինձ ասաց՝ լավ մտածիր, նոր ստորագրիր այս փաստաթուղթը՝ դու կամ գնում ես Հայաստան, կամ մնում ես այստեղ… Հետո իմացա, որ միլիցիան անընդհատ հսկում էր մեր տունը եւ հարցաքննում հորս: Ոչ ոք չգիտեր, թե ես որտեղ եմ: 4 ամիս թուրքերն ինձ պահեցին Էրզրումում, հարցաքննում էին… Ես քաղաքական բանտարկյալ էի ու Ստամբուլում ինձ հանձնեցին միացյալ եկեղեցիների միությանը: Ինչ-որ պաշտոնյաներ Շվեդիայից եկել էին Ստամբուլ՝ փախստականներ տանելու: Ինձ 3 երկիր առաջարկեցին մեկնելու համար՝ Ամերիկա, Շվեդիա, Ավստրալիա: Երբ իմացա, որ Շվեդիայում ընդամենը 5-6 հայ ընտանիք կա, չուզեցի գնալ: Գիտեի միայն, որ Ավստրալիայում ինչ-որ հայկական ամսագիր է լույս տեսնում ու միայն այդ պատճառով ուզեցի գնալ Ավստրալիա: 1 տարի անընդմեջ ինձ քննելուց հետո, 1963թ. Ավստրալիան ինձ վերջապես ընդունեց: Հենց այդ ժամանակ էլ նամակ գրեցի քրոջս, պատմեցի ամեն ինչ ու ներողություն խնդրեցի: Մեկ շաբաթ անց քրոջիցս նամակ ստացա: Սկզբում չսիրեցի այդ երկիրը: Մարդիկ ժամը 8-10-ից քնում էին կամ հեռուստացույց էին նայում, փողոցներում մարդ գրեթե չկար, մեռյալ երկիր էր ինձ թվում: Ավստրալիայում ինձ խառատի աշխատանք առաջարկեցին: Ամիսը 18 ոսկի աշխատավարձ էի ստանում: Հետո ուսում ստացա, դիպլոմ ունեցա ու աշխատավարձս դարձավ 22 ոսկի: Կյանքս դասավորվեց, ամուսնացա, երեխաներ ունեցա… 31 տարի ընդմիջումից հետո առաջին անգամ եկա Հայաստան՝ 1991թ.: Սարսափեցի, վրաս շատ էր ազդում ժողովրդի թշվառ վիճակը, ապրումներից 75 կիլոգրամից դարձա 62 կիլոգրամ: Ես այն սփյուռքահայերի նման չեմ, ովքեր անխտիր ամեն ինչ սիրում ու հավանում են Հայաստանում, ես իրատես մարդ եմ: Անցումի տակ քյաբաբ կերա, 3 օր 40 աստիճանով ջերմեցի, հիմա ինչպե՞ս ասեմ, թե հայկական խորոված-քյաբաբ շատ եմ սիրում: Սպաս ու թութ եմ սիրում: Դժգոհ եմ կառավարությունից, որովհետեւ մարդկանց դեմքին ուրախություն չկա: Ճիշտ է, հիմա արդեն 90-ականների Հայաստանը չէ, բայց դեռ շա՜տ բան կա անելու՝ սկսած վաճառողուհիների սիրալիր սպասարկումից, մինչեւ փողոցները քաղաքակիրթ ձեւով ասֆալտապատելը:
Հիմա արդեն թոշակառու եմ, այլեւս չեմ աշխատում: Բայց դե, հայ եմ չէ՞, մեկ-մեկ «փափախ գործ-մործ եմ անում» ավստրալիական կառավարությունից թաքուն, որովհետեւ եթե իմանան՝ ինձ կտուգանեն»,- պատմում է Սարգիս Մալյանը:
Պատրաստեց ՍՈՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ